«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՊԵԿԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԻԵՆԱԼԵԻՆ

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը Պեկինում տեղի ունեցավ Պեկինի արվեստի միջազգային երկրորդ բիենալեն, որին Հայաստանից մասնակցել են նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ Ֆելիքս Եղիազարյանը եւ Կարեն Հովակիմյանը: Բիենալեին մասնակցում էր 60 երկիր, ցուցադրված էր 500 աշխատանք: Ինչպես ասաց Կարեն Հովակիմյանը, եթե նախորդ բիենալեում ցուցադրված էին միայն այսօր ապրող նկարիչների գործերը, ապա այս անգամ անցյալի եւ ներկայի կապը պահելու համար ցուցադրվել են Մատիսի, Վան Գոգի, Ռենուարի, Սեզանի, Մոդիլյանիի, Պիկասոյի, Էնգրի, Դելակրուայի, Լոտրեկի, Մանեի, Կուրբեի, Կորոյի, Ուտրիլլոյի աշխատանքները: Իտալիան, Ռուսաստանը եւ Ուզբեկստանը, ինչպես նաեւ իմպրեսիոնիստների եւ դասական նկարիչների գործերը ներկայացված էին առանձին սրահներով:

Բիենալեն աշխարհը Չինաստանում ներկայացնելու եւ չինական արվեստն աշխարհին ներկայացնելու հիանալի նախաձեռնություն էր, որի միջազգային կոորդինատորն այս գործի մեծ վարպետ Վինչենցո Սանֆոն էր: Կարեն Հովակիմյանը մասնակցել է նաեւ նախորդՙ առաջին բիենալեին, որտեղ ներկայացրել է երեք գեղանկար: Այս անգամ ինչպես ինքը, այնպես էլ Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները ներկայացրել էին մեկական նկար:

Բիենալեն կազմակերպված էր բարձր մակարդակով, մասնակիցները ծանոթացել են չինական մշակութային արժեքներին, եղել են Անհույն նահանգում, ուր մեծ տպավորություն են թողել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ենթակա բնության հուշարձանների ցուցակում ընդգրկված Դեղին լեռները, որտեղ 2700 մ բարձրության վրա գերժամանակակից հյուրանոցներ են կառուցվել:

«Շփումը, հարաբերությունները չինական մեծ մշակույթի հետ շատ կարեւոր են: Մասնավորապես մեծ տպավորություն է թողնում չինական նկարչությունը, որի գծի եւ նրբերանգների վարպետությունը եվրոպական արվեստում չեք գտնի: Չինաստանն առանձին մի աշխարհ է, ուր պահպանվել են մարդկային ջերմ հարաբերությունները, ազգային դեմքը: Աշխարհից վերցնելով լավագույնը, նրանք պահպանել են իրենց ավանդույթները եւ մշակույթի ինքնատիպ նկարագիրը: 15 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Պեկինը փայլում էր մաքրությամբ, ամենուրեք կարգ ու կանոն էր, մեծ տեղ էր հատկացված զբոսայգիներին, քաղաքի 70 կմ երկարություն ունեցող գլխավոր պողոտայի երկայնքով հատուկ խնամված կանաչ տարածքներ էին: Նրանք վարպետորեն ներդաշնակեցրել են ազգային եւ ժամանակակից ճարտարապետությունը», ասում է Կարեն Հովակիմյանը:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4