Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջնագծում բավական հետաքրքրական իրադարձություններ են ծավալվում: Թվում էր, թե «Փյունիկն» առաջնության ավարտից 4-5 տուր առաջ նույնիսկ տեսականորեն անհասանելի կդառնար մրցակիցների համար եւ պաշտոնապես կգրանցեր չեմպիոնությունը: Սակայն հանդիսավոր այդ արարողությունն արդեն երկրորդ անգամ հետաձգվում է: Նախորդ տուրում փյունիկցիներին չհաջողվեց հաղթել «Միկային» եւ գրանցված ոչ-ոքին հնարավորություն չընձեռեց ժամկետից շուտ արձանագրել չեմպիոնության նվաճման փաստը: Թվում էր, թե 26-րդ տուրում, իր գլխավոր հակառակորդ «Բանանցի» հետ մրցավեճում «Փյունիկը» կհասնի ցանկալի արդյունքի: Սակայն այս անգամ էլ «Բանանցն» իրեն գերազանց դրսեւորեցՙ անչափ կարեւոր հաղթանակ տոնելով:
Առաջին խաղակեսում «Բանանցը» զգալի առավելություն ուներ եւ հարձակողական ակտիվ գործողությունների շնորհիվ ստիպել էր փյունիկցիներին ավելի շատ հոգ տանել պաշտպանության մասին: «Բանանցի» ֆուտբոլիստները գոլային մի քանի պահ ունեցան, որոնցից մեկը հիանալի օգտագործեց Արամ Հակոբյանը: 29-րդ րոպեին նա հեռահար հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: Փյունիկցիները զգալիորեն աշխուժացրին հարձակողական գործողություններըՙ դիմելով վճռական գրոհների: «Բանանցն» ընտրեց հակագրոհների տակտիկա, որն իրեն լիովին արդարացրեց: Դրանցից մեկի ժամանակ վարպետությամբ կրկին փայլեց «Բանանցի» ավագ Արամ Հակոբյանը, որը պառկած դրությունից գլխի հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը: Պարտության վտանգը ստիպեց փյունիկցիներին ավելի ուժեղացնելու ճնշումը մրցակցի դարպասին: Չեմպիոնին հաջողվեց միայն մեկ անգամ հասնել հաջողության: Աչքի ընկավ Լեւոն Փաչաջյանը: Սակայն խաղը փրկել չհաջողվեց: «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց, իսկ «Բանանցը» եւս մեկ կարեւոր հաղթանակ տոնեց մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Արծաթե մեդալների համար պայքարում վճռորոշ կլինի հոկտեմբերի 30-ին Ոսկեհատում կայանալիք «Միկա»-«Բանանց» հանդիպումը:
Մրցանակային տեղերի հավակնորդ «Միկան» ու «Էսթեղլալ-Կոտայքն» էլ իրենց հանդիպումները հաղթանակով ավարտեցին: «Միկան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ խփեց «Դինամո-Զենիթի» դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Մաքսիմ Մորոզովը, Արմեն Շահգելդյանն ու Տիգրան Դավթյանը: Կոտայքցիներն էլ շնորհիվ Սամվել Պետրոսյանի խփած 2 անպատասխան գոլերի, 3 կարեւոր միավոր վաստակեցին «Կիլիկիայի» հետ մրցավեճում:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 18 | 10 | 6 | 2 | 31-13 | 36 |
2. Բանանց | 18 | 8 | 6 | 4 | 26-22 | 30 |
3. Միկա | 18 | 7 | 8 | 3 | 24-15 | 29 |
4. Է.-Կոտայք | 18 | 7 | 7 | 4 | 21-17 | 28 |
5. Կիլիկիա | 18 | 3 | 5 | 10 | 16-27 | 14 |
6. Դ.-Զենիթ | 18 | 2 | 2 | 14 | 10-34 | 8 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Կիլիկիա» | 15 |
Արտյոմ Ադամյան | «Միկա» | 11 |
Սամվել Պետրոսյան | «Է.-Կոտայք» | 11 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 11 |