«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


«ՇԻՐԱԿԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՏԵՂԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստները հաջորդ մրցաշրջանում էլ հանդես կգան բարձրագույն խմբում: Այդ իրավունքը նրանք նվաճեցին առաջին խմբում 2-րդը ճանաչված Կապանի «Գանձասարի» հետ անցումային խաղում: Թեեւ շիրակցիներն առաջինը գոլ ընդունեցին սեփական դարպասը (կապանցիներից աչքի ընկավ թիմի ռմբարկու Վիլեն Հարությունյանը), սակայն հետագայում հասան մեծ առավելությանՙ 5 անգամ ստիպելով «Գանձասարին» խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Երկու անգամ Կարեն Խաչատրյանը դիպուկ իրացրեց 11 մ հարվածները, մեկական գնդակ էլ իրենց օգտին գրանցեցին Հրայր Մկոյանը, Երվանդ Հակոբյանն ու Վարդան Բիչախչյանը:

Խաղից հետո զրուցեցինք թիմերի մարզիչների հետ:

Ժորա Բարսեղյան («Շիրակ»)- Ուրախ եմ, որ թիմին հաջողվեց պահպանել տեղը բարձրագույն խմբում: Գոհ եմ թե՛ արդյունքից, թե՛ տղաների ցուցադրած խաղից: Ընթացիկ մրցաշրջանում «Շիրակի» անհաջող մրցելույթները պայմանավորված են ֆինանսական անկայուն իրավիճակով, որի հետեւանքով էլ դեռեւս նախապատրաստական շրջանում թիմից հեռացան 10 ֆուտբոլիստներ: «Շիրակը» պետական հոգածության, հովանավորների կարիք է զգում: Եթե հաջողվի լուծել ֆինանսական հարցերը, ապա «Շիրակը» կրկին կարող է պայքարել մրցանակային տեղերի համար:

Վլադիմիր Պետրոսյան («Գանձասար»)- Նախ շնորհավորում եմ «Շիրակին» բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: Շիրակցիների բարձր խաղամակարդակն ու խաղային փորձն այսօր վճռորոշ դեր խաղացին: Մեր ակումբն ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի: Շնորհիվ հովանավորիՙ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, արդեն 2-րդ տարին Կապանում ֆուտբոլային կյանքն աշխուժացել է: Իհարկե, ցանկալի կլիներ, եթե բարձրագույն խմբի թիմերի քանակն ավելացվեր, եւ մենք էլ ընդգրկվեինք ուժեղագույնների խմբում: Դա կնպաստեր մարզում ֆուտբոլի զարգացմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4