Սեղանի թենիսի հայ անվանի վարպետ Հարություն Հակոբյանի ավանդական դարձած միջազգային մրցաշարի մրցանակները վիճարկեցին Հայաստանի, Իրանի, Սիրիայի եւ Վրաստանի թենիսիստները: Խաղարկվող պարգեւների համար բավական համառ մրցակցություն ծավալվեց:
Տղամարդկանց մենախաղում բոլորից հաջող հանդես եկավ եւ հաղթողի կոչմանն արժանացավ Մուրադ Ասատրյանը: Կանանց մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց վրաց թենիսիստուհի Վեներա Բարամիձեն, որը հաղթող ճանաչվեց ոչ միայն մենախաղում, այլեւ զուգախաղում եւ խառը զույգերում: Վերջին մրցաձեւում նրան ընկերակցում էր երեւանցի Մեսրոպ Ղուկասյանը: