«Արարատ» ակումբի կորտերում 13-րդ անգամ անցկացվեց թենիսի մրցաշար Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մրցանակների համար մրցավեճի էին բռնվել ավելի մեծ թվով (12) մասնակիցներ: Կորտ դուրս եկան Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակների, ԱԳՆ-ի եւ հիմնադրման 15-ամյակը նշող «Արարատ» ակումբի ներկայացուցիչները:
Բոլորից հաջող հանդես եկան եւ եզրափակիչում գլխավոր մրցանակը վիճարկեցին նախորդ մրցաշարերի հնգակի հաղթող, ԱԳՆ աշխատակից Վահան Չարաքչյանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փոխտնօրեն Ալեքսանդր Ավանեսովը: Անզիջում մրցապայքարում հաջողությունն ուղեկցեց Ավանեսովին: 3-րդ տեղը գրավեց ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Պրյախինը: Մրցանակակիրներին, ինչպես նաեւ մյուս մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ ու դրամական պարգեւներ: