Մոտ 15 տարի գործող «Ագրո» հոլդինգի նախագահ Գոռ Խեչոյանի երեկվա ասուլիսի թեման հենց հայկական «լիմուզին» ցուլիկի ծննդին էր նվիրված: Իսկ լիմուզին ասվածը Ֆրանսիայից բերված ցեղական մսատու անասուն է մինչեւ 1,5 տոննա քաշով: Մոտ 1000 հա հողատարածք տնօրինող 45 գլուխ լիմուզին (այդ թվում 3 ցուլ), 110 կով, մսացու 60 գլուխ անասուն եւ այլն, այս ամենն «Ագրո» հոլդինգի տնտեսությունն էՙ ավելացրած անասնապահական համալիրներ Ղազանչիում, Սպիտակում եւ Նալբանդում, երեք վերամշակման արտադրամաս Ամասիայում եւ Սպիտակում:
Ընկերության գործունեության արդյունքում, ըստ պրն Խեչոյանի, փաստվել է հետեւյալ մեխանիզմի արդյունավետությունը: Արտերկրից բերվում են անասունի փոքր խմբաքանակներ, որոնք մեկ տարի անցնում են ադապտացիոն շրջան, որից հետո տեղական անասունների հետ խաչասերմամբ պետք է ստանան արդյունաբերական սերունդ միայն մսի, միայն կաթի արտադրության համար:
Գոռ Խեչոյանի խոսքերովՙ մինչեւ այսօր ներդրվել է մոտ 2,5 մլն դոլար: Չնայած Հայաստանում ծավալած գործունեությանը, «Ագրո» հոլդինգի նախագահը գտնում է, որ անասնապահական տեսանկյունից մեծ ներուժ ունի Արցախը, քանի որ ամբողջ տարին կարելի է անասունն այնտեղ պահել առանց կերերի, բայց ցայսօր մեծ ռիսկի պատճառով դա չի իրականացվում:
Ինչ վերաբերում է Հայաստանում արդեն հարմարվելու շրջան անցած «լիմուզին» ցեղատեսակին, ապա վերջինս, ըստ մասնագետների, կարող է հարմարվել Հայաստանի պայմաններին: Ամեն դեպքում արդեն ծնվել է հայկական լիմուզին, եւս 41-ը կծնվեն մոտ ժամանակներս:
Ա. Հ.