«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


«ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՄՈՏԱԿԱՅՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է»

Հավաստիացրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երվանդ Զախարյանի երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսն սկսվեց քաղաքապետարանի եւ թաղային համայնքների այս տարվա 9 ամիսներին կատարած աշխատանքների ցուցանիշների թվարկումով: Աշխատանքների ծավալն այդ ընթացքում կազմել է 46,6 մլրդ դրամ, նախատեսված 44 մլրդ դրամի փոխարեն: Այնուհետեւ քաղաքապետն առանձին-առանձին ներկայացրեց ասֆալտապատման, ոռոգման վերականգնման, բարեկարգման, շինարարության, տրանսպորտի եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքների գումարային ցուցանիշները:

Երվանդ Զախարյանը հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կառուցապատումն ընթացքի մեջ է եւ ամբողջապես կավարտվի նախատեսված ժամկետինՙ 2007 թ.-ին: Գլխավոր պողոտայում շինարարական աշխատանքները սկսվել են եւ կավարտվեն 2008 թ.-ին: Գինու կոմբինատին կից տարածքում սկսված Մոսկվայի տան շինարարության աշխատանքները կավարտվեն մեկ տարում:

Մրցույթներ են հայտարարվել երկու այլ իրացման տարածքներում շինարարական աշխատանքների համար: Դրանք են Գինու կոմբինատիՙ կիրճի հատվածում եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ընկած տարածքները: Եկող տարվա առաջին եռամսյակում մրցութներ կհայտարարվեն եւս երկուՙ «Ֆիրդուսնոց» եւ Կոնդ թաղամասերում: Մեկ այլՙ Կոզերի իրացման գոտում, ըստ քաղաքապետի, նախագծային առաջարկությունները պատրաստ կլինեն 1-2 ամսից: Այստեղ քննարկվում է ցածրահարկ բնակելիների կառուցման տարբերակը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2001 թ.-ից մինչեւ այսօր իրացման գոտիներում գտնվող բնակիչների հետ կնքվել է փոխհատուցման տրամադրման 1200 պայմանագիր, դժգոհություն են արտահայտել դրանցից ընդամենը 25 ընտանիքներ: Այդուհանդերձ, Երվանդ Զախարյանը հավաստիացրեց, որ բացի գումարային փոխհատուցումից, առաջարկվելու է նաեւ բնակարանային փոխհատուցման տարբերակը, որպեսզի բնակիչներն ընտրություն կատարեն եւ որպեսզի «դժգոհ չլինի անգամ մեկ քաղաքացի»:

Հասարակական տրանսպորտի վերաբերյալ ներկաներին վերստին ասվեց, որ ներկրվել են 27 հին եւ 50 նոր ավտոբուսներ: Եվս 50 նոր ավտոբուս նախատեսվում է ներկրել նոյեմբերին: Եկող տարի նախատեսվում է բերել դարձյալ 100 նոր ավտոբուսներ, որոնցից 50-ը պետական բյուջեի, 50-ըՙ վարկային միջոցների հաշվին: 2007-2008 թթ. մոտ 400-450 ավտոբուս մայրաքաղաքում ունենալու ծրագիրը Երվանդ Զախարյանն իրատեսական համարեց:

«Ազգի» այն հարցին, թե նոր ավտոբուսների երթուղիներն ինչպես են որոշվելուՙ ըստ ուղեւորահոսքի՞, թե՞ միկրոավտոբուսների երթուղիների տերերին չնեղացնելու սկզբունքով, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ նոր ավտոբուսները երթեւեկելու են քաղաքի կենտրոնական մասով, որպեսզի այն բեռնաթափվի միկրոավտոբուսներից: Սա, ըստ քաղաքապետի, գիտեն նաեւ միկրոավտոբուսները շահագործողները եւ պարտավոր են հաշվի նստել այդ փաստի հետ:

Ինչ վերաբերում է կամերային երաժշտության տան մոտակայքի շինարարությանը, ապա Երվանդ Զախարյանը հայտնեց, որ քաղաքային իշխանությունները դադարեցրել են շինարարությունն այդտեղ: Ըստ նրա, այդ տարածքը նախկինում տրվել է վարձակալության, որի մի մասը տրվել է կառուցապատման: 4 ամիս այդ մասին համապատասխան ցուցանակ է եղել տեղադրված, սակայն բողոքներ քաղաքային իշխանություններին չեն եղել: Այդուհանդերձ, ներկայումս ստացված բողոքները կուսումնասիրվեն եւ հաշվի կառնվեն հետագայումՙ եթե շինարարությունը թույլատրվի իրականացնել:

Երվանդ Զախարյանը կողմ է քաղաքապետի ընտրովի լինելուն

Պատասխանելով լրագրողների հարցերին, Երվանդ Զախարյանը երեկ հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ առաջ են Հայաստանի եվրոինտեգրման ու ժողովրդավարացման ճանապարհին, եւ «ոչ» ասելու որեւէ հիմք չի տեսնում: «Ես եւ թաղային իշխանություններն ամեն ինչ անելու ենք «այո» ասելու համար», ասաց նա եւ ավելացրեց, որ ինքը, ինչպես երեւանցիների գերակշիռ մասը, կողմ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4