«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՑԻ ՈՒ ԳՐՈԶՆԵՑԻ ԵՐԿՈՒ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ

ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մի խումբ երիտասարդներ ծեծել ու դանակահարել են 17-ամյա 2 դեռահասների, ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել են մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունում:

«Շաբաթ օրը` ժամը 22:00-ի սահմաններում, մի խումբ անհայտ երիտասարդ անձինք Ֆրունզեի փողոցում հարձակվել եւ դանակահարել են 17-ամյա երկու դեռահասների, որոնցից մեկը երեւանցի է, մյուսըՙ Գրոզնուց», հայտնել է գործակալության զրուցակիցը:

«Որովայնին եւ կրծքավանդակին հասցված վերքերով` երկու դեռահասները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց վիրահատել են», հաղորդել են դատախազությունում:

Նշված փաստի առնչությամբ «Խամովնիկի» ներքին գործերի բաժանմունքը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից երկու եւ ավելի անձանց առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելը):

Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է «Նովիե իզվեստիա» թերթ ՓԲԸ-ի առեւտրային տնօրեն Սայիդ Բիցոեւը, տուժած դեռահասներից մեկը իր որդին էՙ Դենին:

«Դենին եւ նրա ընկեր Արտյոմ Մարտիրոսյանը նստած են եղել Ֆրունզեի փողոցում գտնվող ինտերնետ-սրճարանում, ժամը 10-ի սահմաններում գնացել են տուն: Ինտերնետ-սրճարանի մոտ 12-15 մարդ հարձակվել են նախ Արտյոմի վրա: Իմ որդին օգնության է հասել ընկերոջը եւ փորձել դադարեցնել ծեծկռտուքը: Սակայն նրան եւս գետնին են տապալել, դաժանորեն ծեծել ու հարվածել դանակներով», հայտնել է Բիցոեւը:

Նա նշել է, որ տղաներին հասցրել են դանակի 20 հարված, այժմ նրանք գտնվում են 61-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4