«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


ՌՈՒՍ ԿԱԶԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՆԱՔԵՌԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ` ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ

Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում մոտ 1,6 մլն հայ է ապրում

Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգը ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն եւ կարեւոր դերակատարում ունի: ՌԴ Հարավային դաշնային օկրուգում մի քանի տարի առաջ բացված Հայաստանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի խոսքերով, Ռուսաստանի մյուս հատվածների համեմատ, Հարավային օկրուգը բավականին տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն ընդհանուր գծերով, այլեւ ռուսական մտածելակերպի, հոգեբանության խնդիրների առնչությամբ:

Նման տարբերությունը կարելի է բացատրել հետեւյալ կերպ: Հարավային Ռուսաստանում (Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլի երկրամաս, Ռոստովի մարզ, Աստրախանի, Վոլգոգրադի մարզեր, Հյուսիսային Օսիա եւ այլն, ընդհանուր առմամբ. 13 սուբյեկտներ) ապրում են տարբեր ժողովուրդներ, ազգեր: Իսկ հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի հետ կապի առումով Հարավային օկրուգը տարբերվում է ռուսաստանյան մյուս տարածքներից նաեւ նրանով, որ այս տարածքում է գտնվում Ռուսաստանում հայկական ամենահոծ գաղութը, Արարատ Գոմցյանի խոսքերով, շուրջ 1,6-1,8 մլն հայ: «Աշխարհի մասշտաբով այս տարածքը եզակի է հայության թվաքանակով: Հայության թիվը, ասենք, Արմավիրում, շուրջ 40-42 տոկոս է, կան հայաշատ գյուղեր, ավաններ, հայկական դպրոցներ, նորակառույց շուրջ 18 եկեղեցիներ: Շուրջ 100 տարբեր գեղարվեստական խմբեր են գործում»:

Այդ թվաքանակը ձեւավորվել է տարբեր տեղերից եւ տարբեր ժամանակներում ժամանած հայերից: Հարավային օկրուգում ապրող հայերը բաժանվում են 3 խմբի. ՌԴ քաղաքացիներ, ՀՀ քաղաքացիներ, տարբեր տեղերից տարբեր պատճառներով Ռուսաստան գաղթածներ, որ ներկայումս չունեն քաղաքացիություն:

Բացի հայաշատ լինելուց, Ռուսաստանի Հարավային օկրուգը առանձնանում է նաեւ նրանով, որ Հայաստանին մոտ է: Ըստ Արարատ Գոմցյանի, շաբաթական շուրջ 30 չվերթեր են իրականացվում Հարավային Ռուսաստանի տարբեր քաղաքների (Կրասնոդար, Ռոստով, Վոլգոգրադ, Ստավրոպոլ եւ այլն) եւ Հայաստանի միջեւ:

«Ռուսաստանի Հարավային օկրուգում բնակվող հայ ընտանիքներում երեքից երկուսը Հայաստանի հետ ուղիղ կապ ունեն` հարազատական, բիզնեսի, մշակութային, բարեկամական, ընկերական եւ այլն, այսինքն` կապերը Հայաստանի հետ բավականին սերտ են», տեղեկացնում է Արարատ Գոմցյանը: «Սա հավանաբար միակ տարածքն է, որ Հայաստանից ինչքան մարդիկ չվերթերով գալիս են այստեղ, այնքան էլ հետ են գնում, երբեմն էլ 1-1,5 տոկոս ավելի, վերադարձի գործընթացը կա: Այստեղ դեր ունի գլխավոր հյուպատոսարանը»:

Ինչ վերաբերում է Հարավային դաշնային օկրուգի ընդհանուր անկայուն վիճակին եւ հայերի նկատմամբ վերաբերմունքին, ապա չպետք է մոռանալ այս տարածաշրջանում առկա մի շարք հանգամանքներ. մասնավորապես չեչենական գործոնը, պատերազմը, կա հակասություն այլազգիների եւ ռուսների միջեւ: Այլազգիների ցուցակում են նաեւ հայերը: Եթե հիշենք թեկուզ Կրասնոդար քաղաքում հայկական հուշարձանների պղծման պատմությունը, Նովոռոսիյսկում եղած միջադեպը հայերի եւ կազակների միջեւ, ապա պարզ է, որ այս առումով հայերը Ռուսաստանում դեռ խնդիրներ ունեն:

Այդ ամենով հանդերձ, ըստ Արարատ Գոմցյանի, հայերի հանդեպ տարբեր է վերաբերմունքը Հարավային օկրուգի տարբեր հատվածներում: Այստեղ կան բնակավայրեր, որտեղ հայերն ապրում են բավականին երկար ժամանակ` մինչեւ մոտ 200 տարի: Այդ տեղերում հայերի հանդեպ վերաբերմունքն ավելի բարյացակամ է, քանի որ հայերի կողմից մեծ ներդրում կա այդ հողում` թե գաղափարական, թե ռազմական առումով, օրինակ, Ռոստովում:

Ռուսաստանում հայերի հանդեպ բացասական վերաբերմունքն, ըստ ռուսական եւ հայկական աղբյուրների, հիմնականում կապվում է սափրագլուխների եւ կազակների հետ: Այդ առնչությամբ կարեւոր է հիշեցնել, որ այս ամիս, Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում, Երեւանի Քանաքեռ համայնքում բացվեց ռուս կազակներին նվիրված հուշահամալիր-կոթող` նվիրված 19-20 դդ. ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների ժամանակ զոհված կազակներին:

Հուշարձանի կառուցումը սկսվել է 2003 թ.-ին: Սա նաեւ շարունակական հուշահամալիրի բացում էր: Բացման արարողության ժամանակ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը նշել էր, թե իր պապն էլ զոհվել է թուրքերի հետ պատերազմում: Համաձայն Արարատ Գոմցյանի, ի պատասխան ասվել էր, որ կանգնեցված հուշարձանը հայերի երախտիքի խոսքն է:

Ի դեպ, հայ համայնքի ղեկավարները եւ բացմանը մասնակից Կրասնոդարի, Ռոստովի, Ստավրոպոլի մարզերի ղեկավարության պաշտոնյաները բարձր մակարդակով որոշում են ընդունել, որ ամեն տարի Էրեբունի-Երեւանի տոնակատարության կիրակին նշվի հենց այս կապակցությամբ եւ հուշարձանը դառնա հուշահամալիր:

Տնտեսական կապերի առնչությամբ Արարատ Գոմցյանը նշեց, որ 2003-2005 թթ. արտահանումը Հայաստանից Հարավային օկրուգ կրկնապատկվել է, այդ թիվն արդեն կազմում է մոտ 30 մլն դոլար: Իսկ Հայաստան ներմուծվում են հենց այս հատվածից հացահատիկ, արեւածաղիկ, արեւածաղկի յուղ, էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանք, օղիներ եւ այլն:

Ռուսաստանում հայերի զբաղվածության առումով Հարավային դաշնային օկրուգը այնքան էլ չի տարբերվում: Հիմնականում զբաղված են շինարարության մեջ կամ սպասարկման ոլորտում, եւ հատկապես այն հայերը, ովքեր Ռուսաստանում են Խորհրդային Միության փլուզումից եւ անկախացման տարիներից հետո: Սակայն հայերը ներգրավված են նաեւ գիտության, առողջապահության, բժշկության ոլորտներում, ընդ որում, այս ոլորտներում այն հայերն են, ովքեր Ռուսաստան են գնացել մինչեւ Խորհրդային Միության ստեղծումը, նաեւ խորհրդային տարիներին:

Հետաքրքրական է կրթության ոլորտում առկա Ռուսաստան-Հայաստան կապը: Մասնավորապես, եթե Երեւանի բժշկական համալսարանում նախկինում մեկ-երկու ուսանող կար Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգից, ապա, ըստ Արարատ Գոմցյանի, այս տարի 47 ուսանող կա, հիմնականում` հայեր:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4