«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2005-10-26 | #194, 2005-10-27 | #195, 2005-10-28


ԱՐԴԱՐ ԵՎ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

ԱՄՆ-ը դրան աջակցելու համար կտրամադրի 6 մլն դոլար

Մոտ 6 մլն դոլար գումար կծախսվի 2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական ընտրությունների նախապատրաստման, ընտրությունների եւ մոնիտորինգի հարցերում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ աջակցությունը մի շարք միջոցառումների ձեւով կտրամադրի Մ. Նահանգների կառավարությունը: Երեկ այս մասին տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Սկզբից եւեթ նշելով, որ շատերը մտածում են 1 ամիս հետո կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, պրն դեսպանն ասաց, որ 2007-2008 թթ. ընտրություններն արդար եւ ազատ կազմակերպելու ու անցկացնելու համար Հայաստանին է առաջարկվում միջոցառումների փաթեթ:

ԱՄՆ կառավարության համար, ի դեմս Ջոն Էվանսի, մեծ կարեւորություն է ներկայացնում 2007-08 թթ. ընտրությունները որպես «ժողովրդավարության ուղիով ընթանալու ոսկե հնարավորություն»: «Մենք կարեւորում ենք, որ 2007 թ. խորհրդարանական, 2008 թ. նախագահական ընտրությունները լինեն արդար, ազատ եւ թափանցիկ ու այդպիսին ընկալվեն միջազգային հանրության եւ որ ավելի կարեւոր էՙ Հայաստանի ընտրողների կողմից», նշեց Ջոն Էվանսը:

Հիշատակված ընտրությունների աջակցության միջոցառումների փաթեթը ներառում է տարբեր հարցերՙ ընտրացուցակների կազմումից մինչեւ ընտրողներին իրազեկելու աշխատանքները: Ընդ որում, առաջարկված այս միջոցառումները, Ջոն Էվանսի խոսքերով, քննության են առնվել Հայաստանի բարձրաստիճան այրերի հետ, եւ արձագանքը եղել է դրական: Իսկ մինչ այդ ընտրություններին աջակցելու միջոցառումների փաթեթը, որին կանդրադառնանք հետագայում, հաստատել է ԱՄՆ Կոնգրեսը, եւ դրա համար կտրամադրվի մոտ 6 մլն դոլար:

ԱՄՆ դեսպանը հիշեցրեց նաեւ 2006 թ. ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի ընտրությունների մասինՙ նշելով, որ այդ իրադարձությունը կարելի է օգտագործելՙ Հայաստանի քաղաքական կուսակցություններին, լրագրողներին, ընտրական պաշտոնյաներին ներկայացնելով այդ փորձը: Դեսպանը հատուկ ընդգծեց, որ աջակցությունն ուղղված է ժողովրդավարական գործընթացին եւ ոչ առանձին անձանց կամ քաղաքական կուսակցություններին:

Ծրագիրը հիմնականում իրականացվելու է ԱՄՆ միջազգային գործակալության եւ գործընկերների միջոցով, կտեւի 2005-08 թթ., որոշ միջոցառումներ կսկսվեն ավելի վաղ, որոշներնՙ ավելի ուշ, իսկ առաջնային համարվող ընտրացուցակների հարցերով աշխատանքները կսկսվեն 2006 թ.-ից:

Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, դեսպան Էվանսն այսպես կոչված գունավոր հեղափոխությունների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի առնչությամբ նշեց. «Մ. Նահանգները չի պաշտպանում փողոցներում իրականացվող հեղափոխությունները, դրանք մատնանշում են ձախողումներ: ԱՄՆ-ը նախընտրում է էվոլյուցիոն ճանապարհը, երբ իշխանությունը փոփոխվում է քվեատուփերում մարդկանց կարծիքը հայտնվելու ճանապարհով: Իհարկե, առաջնորդների ընտրությունը պետք է լինի ազատ եւ արդար»:

Խոսելով նախկինում եղած ընտրախախտումների եւ հետագայում դրանք չկրկնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի մասին, Ջոն Էվանսը հիշեցրեց ԱԺ նախագահի խոսքերը, թե կեղծիքների ժամանակն անցել է: Դեսպանը նշեց, որ 2007-08 թթ. ընտրություններին աջակցելու նման ծրագիրը նորություն չէ եւ համագործակցությամբ ու քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլինի հասնել արդյունքի:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4