Հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն «Ուլքեդե օզգյուր գյունդեմ» թերթի հոկտեմբերի 26-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին: Հոդվածում ուշագրավ հետեւություններ են արվում Կարսի պայմանագրի, դրա ճանաչման առնչությամբ Հայաստանին հասցեագրված մեղադրանքների մասին եւ այդ մեղադրանքները պայմանավորվում են Թուրքիայի քաղաքական նկրտումներով:
Ուշագրավ են նաեւ Նախիջեւանում Թուրքիայի հովանավորության իրավունքի մասին հեղինակի հետեւություններն այն առումով, որ թուրքական պետությանն այդ իրավունքը թերեւս Կարսի պայմանագրի 1-ին եւ 2-րդ հոդվածներով չեղյալ հայտարարված Գյումրու (Ալեքսանդրապոլ) պայմանագիրն էր տվել: Ավելին, նա ընդգծելով Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման անհամատեղելիությունը Կարսի պայմանագրի հետ, միաժամանակ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության խնդիրների թուրքական շահարկումներին:
Զարաքոլուի հոդվածում թերեւս ամենաուշագրավն Իգդիրի մասին հետեւությունն է եւ դրանից բխող հարցադրումը: Նա գրում է. «Օսմանյան տարածք չլինելու պատճառով Իգդիրի շրջանն ընդգրկված չէր «Ազգային ուխտի» սահմաններում» եւ անում է հետեւյալ հարցադրումը. «Նկատի առնելով այս հանգամանքը, ակամա հարց է ծագումՙ Թուրքիան մեղադրելով Հայաստանին Կարսի պայմանագիրը չճանաչելու մեջ, արդյոք չի՞ դրդում, որ նա հրաժարվի Իգդիրը ճանաչել թուրքական տարածք»:
«Ազգն» առաջիկայում թարգմանաբար կներկայացնի Ռագըփ Զարաքոլուի որքան ուշագրավ, այնքան էլ կարեւոր հոդվածը:
Հ. Չ.