«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունում կարմիր ու կանաչով ընդգծել-հաշվել են սահմանադրության փոփոխությունների լավն ու վատը: Արդյունքը, սակայն, գաղտնիք է: Կազմակերպությունում նաեւ հետեւել են քարոզարշավի կարճ ընթացքին: Գնահատականը ոչ միայն գաղտնիք չէ, այլեւ ակնհայտ իրողություն է եւ ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանի ձեւակերպմամբ, «Իշխանության երկու թեւերն էլ իրազեկման կարեւորությունը թողած քարոզում են «այո» կամ «ոչ» ասել: «Ոչ»-ի քարոզիչները փոփոխված հոդվածների իրենց ձեռնտու մասն են ներկայացնում, «այո»-ի քարոզիչներնՙ իրենց: Թող բարի լինեն ամբողջությամբ ներկայացնել: Ի վերջո 2003-ին իրազեկում չեղավ եւ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տապալվեց»: Կազմակերպությունում գտնում են, որ «մեզանիցՙ ժողովրդից է կախված հանրաքվեի ելքը»: Մինչդեռ, փոխնախագահ Խաչատուր Ոսկանյանի գնահատմամբ, մինչ այժմ ժողովրդին հասած տպագիր տեղեկատվությունը «10 հարց սահմանադրության փոփոխությունների մասին» բուկլետում ներկայացվածն էլ ընտրվել է ըստ նպատակահարմարության: Կազմակերպությունում իրավիճակը շտկելի եւ մինչ հանրաքվե մնացած 29 օրն էլ բավարար են համարում լիարժեք իրազեկման համար, եթե հեռուստաընկերությունները հստակեցնեն հեռուստաեթերի արժեքն ու վաղվանից եթեր տրամադրեն քաղաքական կուսակցություններին: Նկատենք, սակայն, որ դրանով հազիվ թե լուծվի անկողմնապահ իրազեկման խնդիրը: «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունն ամեն դեպքում մտադիր է որեւէ արտառոց երեւույթ նկատելու պարագայում հանդես գալ մինչեւ հանրաքվեն, իսկ այդ օրը հետեւել ընթացքին, եւ նոյեմբերի 29-ին անկողմնակալորեն ներկայացնել իրենց կատարելիք տեղական դիտորդական աշխատանքի ճշգրիտ արդյունքները:
Ն. Պ.