ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ
էջեր օրագրից
4 հունիս (1979)- Երեկ ամբողջ օրը ֆրանսիացի գրողների հետ էի: Յոթ հոգիՙ Լյուկ Բերիմոն եւ սրա կինը, Պիեռ Բեառն, Ժան Մարսընակ, Շառլ Դոբժինսկի, Լիոնել Ռեյ եւ Բեռնար Նոել: Նրանց հետ եկել է նաեւ հայազգի ֆրանսագիր Ռուբեն Մելիքը, որից էլ իմացա նրանց անունները: Անծանոթ անուններ: Առանձնապես Բեռնար Նոելի մասին ասաց ինձ, որ «շատ տաղանդավոր» երիտասարդ բանաստեղծ ու արձակագիր էՙ «մեծ ապագա» խոստացող, եւ որ նա սիրում է «իր խոսքն ուղղակի ասել»:
Նախորդ օրերին նրանց տարել են Գառնի-Գեղարդ եւ այլուր: Երեկ միայն, վերջին օրը, երբ ծրագրված է եղել Էջմիածին եւ Սարդարապատ տանել, ինձ զանգ տվեցին Գրողների միությունից, որ ես էլ ընկերանամ: Էջմիածնում, նախ Հռիփսիմեի տաճարը հատկապես ճարտարապետական առումով ներկայացնելուց հետո, երբ մայրավանքի տարածքը մտանք, ֆրանսիացիները ցանկացան, որ խոսեմ Հայ առաքելական եկեղեցու մասին հատկապեսՙ ծագումն ու առանձնահատկությունը, պատմությունը: Աշխատեցի ամփոփ մատուցել հիմնական գծերով. արեւելյան հնագույն հինգ դավանակից եկեղեցիներՙ հայկական, ասորական, ղպտիական, եթովպական, մալաբար հնդկական, առաջին երեք Տիեզերական ժողովները, ապա Քաղկեդոնը եւ այլն: Բայց լսում էին այնպես զարմանալիորեն հետաքրքրված ու հարցեր տալով, որ նույնիսկ պետք եղավ մի քիչ ավելի մանրամասնել որոշ պարագաներ, մանավանդ մեր եկեղեցու պատմության հետագա ընթացքի, նվիրապետական կառուցվածքի, կատարած դերի մասին: Ուշադրությունս գրավեց, որ նրանցից մեկը, մի տարօրինակ ժպիտով, կրկին հարց տվեց, թե Հայաստանը մի՞թե իրոք աշխարհում առաջին երկիրն է եղել, որ քրիստոնեությունը պետական կրոն է հռչակելՙ Հռոմից էլ առաջ...
Սարդարապատ գնալիս, ի դեպ, ճանապարհին երբ ատոմակայանը երեւաց ու հարցրինՙ ի՞նչ է դա, եւ ասացի ինչ է, հանկարծ անհանգստացան բացականչություններ արձակելով, մի քանիսը լրջորեն տագնապած, մի երկուսն էլ կատակի տալու նման, թե շուտ հեռանանք այդ փորձանքից: Նույնիսկ մեկը, կարծեմ նա, ով մեր առաջին քրիստոնյա պետություն լինելը տարօրինակ ժպիտով էր ընդունել, ասաց, որ մի փոքր երկիր ենք, ինչո՞ւ ենք մեր գլխին կախել այդ փորձանքը:
Ինքս մինչեւ հիմա երկու անգամ միայն եղել էի Սարդարապատի հուշահամալիրում: Նախ, հենց հանդիսավոր բացման օրը, ճարտարապետիՙ Ռաֆայել Իսրայելյանի հետ (ժամանակին, երբ «Արվեստ» ամսագրում էի աշխատում, հոդված էինք գրել միասին, իր նախաձեռնությամբՙ ընդարձակվող Երեւանի ծոցում Դալմայի դարավոր այգիների տարածքը անխաթար պահպանելու մասին, եւ փոխադարձ համակրանք էր ստեղծվել. ավա՜ղ, չորս տարի առաջ մահացավ նա վաղաժամ, կորցրինք ոչ միայն բեղուն, ինքնատիպ ու բարձրաճաշակ, մանավանդ այս բնաշխարհին հարազատ մտածողությամբ ճարտարապետի, այլեւ իր բարի ու շեն անձնավորությամբ առինքնող մարդուն): Մի անգամ էլ որդուս հետ, երբ իր մանկությունից ի վեր ավանդական դարձած, թեպետ իր մեծանալուց հետո բնականաբար այլեւս հազվադեպ, մեր մի պտույտն էինք ուզում անել քաղաքից դուրս հայր ու որդի, որոշեցինք Սարդարապատ գնալՙ դիտելու ոչ միայն ամբողջ հուշահամալիրը մանրամասնորեն, այլեւ շրջակա բնությունը, ինչպես մեր նպատակն է եղել միշտ ուր էլ գնացել ենք Հայաստանում, երբեմն հեռուներ նույնիսկՙ ուսապարկերով ու ծալովի վրանով, երկուսս էլ բնութեան ու պատմական հուշարձանների սիրահար:
Սարդարապատի երկարատարած համալիրը Արարատյան դաշտի մեջտեղում թեթեւ բարձունքի վրա, իրոք հոյակապՙ ճարտարապետական ու քանդակագործական մտահղացմամբ ու կատարումով, խառն զգացում է հարուցել իմ մեջ, անկեղծ լինելով ինքս իմ առաջ: Խառն զգացում, որի մեջ, այն ճակատագրական հերոսամարտում մեր ժողովրդի բախտորոշ հաղթանակի պանծացման հետ, ավելի խորքում, կա խռովք, կա վաղուց մշտական թաքուն տագնապը սովորական խոսք դարձած «պայծառ ապագայի» նկատմամբ... չէ, գրիչս դիմադրում է գրել այդ տագնապի մասին: Եվ ահա հիմաՙ այս ֆրանսիացիների հետ: Երբ լայնադիր երկար սանդղաշարից բարձրացածՙ կանգնել էինք զանգերի աշտարակի տակ հզորաքանդակ թեւավոր ցուլերի միջեւ, հարցրին այդ զանգերի նշանակությունը...
Երեկոյան, հյուրանոցում, հրավիրված էի նաեւ հրաժեշտի խնջույքին, ուր արդեն ինձ փաստորեն ավելորդ էի զգում մեր Գրողների միության ջոջերի եւ այլոց ներկայությամբ: Կար պաշտոնական թարգմանչուհիՙ վարժ ֆրանսախոս, ճաշկերույթների մթնոլորտն էլ, բաժակաճառեր եւ այլն, շատ չեմ սիրում ընդհանրապես: Բայց ինձ մոտեցավ Բեռնար Նոելը եւ անակնկալ մի մտերմություն ցուցաբերելով առաջարկեց, որ միասին նստենք: Զարմացա մի քիչ, բայց լայնաճակատ, մանրագանգուր մազերով այդ տղայի երկարուն դեմքին զսպվածություն կար ու մեղմ լրջախոհություն, ասես ֆրանսիացուն ոչ հատուկ: Համակրելի էր: Նստեցինք սեղանի անկյունը պատի տակ: Ասաց, որ լսելով զանգերի նշանակության մասին իմ պատմածը այնտեղՙ Սարդարապատում, ավելին էր հասկանում իմ խոսքերի տակ, նայելով սահմանից անդին մնացած Արարատին եւ մտաբերելով այն, ինչ ճանապարհին ասել էի նախօրոք, թե բազմադարյան պատմական Հայաստանի մեծ մասը մնաց անդին, թուրքերի նենգորեն ծրագրած ու շուտափույթ իրագործած ցեղասպանությամբ միանգամից դատարկված իր բուն բնիկ ժողովրդիցՙ հայությունից: Եվ որ Սարդարապատի հերոսամարտը, մանավանդ զանգերի այն ահազանգային նշանակությամբ, իրեն մտորումների է մղել այն ճակատագրական պահերի մասինՙ անհատի կամ ժողովրդի կյանքում, երբ վճռվում է լինելու թե չլինելու, եւ կամ հետագային ինչպիսին լինելու բախտորոշ խնդիրը: Եվ որ դա իրեն հիշեցրել է Պուատյեի նշանավոր (դեռ Կիպրոսի Մելգոնյանում ուսմանս ժամանակ իմ էլ մտքում հատկապես տպավորված ընդհանուր պատմության դասից) հերոսամարտը 732 թվականին, երբ Շառլ Մարտենի գլխավորությամբ կասեցվել է Գալլիա ներխուժած արաբների հորձանքը: Ու մտորեցՙ եթե չհաջողվեր ջախջախիչ հաղթանակով կասեցնել ու ետ մղել այդ հորձանքի առաջխաղացումը, ո՞վ կարող է ասել, թե ինչպիսին կլիներ այսօր Ֆրանսիան եւ նույնիսկ Եվրոպան...
Այսպես սկսվեց մեր զրույցը, որ ընդհատվելով կարճ կամ երկար բաժակաճառերի պահերին, երբ պատշաճությունը պահանջում է լռել ու ականջ դնել, շարունակվեց ամբողջ երեք ժամ, հարցերի զուգորդությամբ հետզհետե խորանալով ընդհանրապես մարդկային կեցության փիլիսոփայական խնդիրների մեջ: Այդ խնդիրներից մեկը ես համարեցի «արմատների» հարցը, որ այսօր, թվում է, երկու համաշխարհային պատերազմներից հետո, գիտատեխնիկական, քաղաքակրթական, ամբողջատիրական համահարթեցումների միտող եւ միաժամանակ մարդկային բնական կապերը խաթարող, տարանջատող այս դարում, սկսել է կարծես հատկապես հուզել անհատներին ու ժողովուրդներին, կարեւորություն ստանալ, ի հակադրություն դարի այդ միտումներին: Եվ դա ոչ թե պարագայական մի երեւույթ է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից իբրեւ այդպիսի հակադրություն, այլ խորքային, էական, գոյութենական ազդակ, մարդկային կեցությանն ի բնե ներհատուկ, որ բնականոն կերպով գործում է ժողովրդի եւ դրա ամեն մի անհատ զավակի հոգեկան աշխարհում ինքնըստինքյան, նույնիսկ ենթագիտակցորեն, իսկ երբ խաթարիչ, կործանարար ճնշման է ենթարկվում օտար ուժերի կողմից այլազան նվաճողական նկրտումներով, արդեն լրիվ գիտակցորեն հանդես է գալիս դիմադրաբար, հակադրվելով ավելի ու ավելի ակտիվորեն: Որովհետեւ դարավոր «արմատների» զգացողությամբ, առավել եւս գիտակցությամբ է, որ աշխարհի բազմազանության մեջ մարդ ունենում է ուրույն դեմք, պատկանելության զգացում, իր ժողովրդի մեջ որպես նախնիների հետնորդ, ավանդությունների ու մշակույթի ժառանգորդ, սերունդների շղթայում անհրաժեշտ օղակ: Եվ ընդոծին պահանջ է զգում աշխարհին ներկայանալու իր ուրույն դեմքով, որպես մարդ էակ իր դեմքը բնորոշող ածականովՙ հայ մարդ, ֆրանսիացի մարդ, ռուս մարդ եւ այլն, իրավահավասար ու արժանապատիվ իր մասնակցությամբՙ այս երկրագնդի վրա կյանքը նյութապես ու ոգեպես վայելելու համամարդկային համերաշխ կոչունքին, ինչպես ահա նստած ենք հիմա այս սեղանի շուրջ...
Այսինքն, փաստորեն, ներքուստ ինքս ինձ հետ խոսելու նման, կրկին անդրադառնում էի, ընդհանուր առմամբ, շուտով արդեն լույս տեսնելիք (Պետհրատում տարիներով մնալուց հետո) «Արեւորդիներ» գրքիս բուն խորքային մտքին, որ լրիվ չի արտահայտվել հինգ տարի առաջ, երբ գրում էի այդ գիրքը, չէի էլ կարող ուզածիս պես, ուզածիս չափ արտահայտել, եւ որ, սակայն, գալիս է կրկին ու կրկին, խորհրդածվում ինքնիրեն, ճյուղավորվում վերլուծման բավիղներով, նաեւ ընդերքային բնազդի հայտնատեսական հավաստումներով, ավելի ու ավելի է խորանում եւ ուզում է արտահայտություն գտնել: Որովհետեւՙ դա իմ իսկ ծագման ու կյանքիս ընթացքի հետ առնչված խնդիր է, իմ իսկ ժողովրդի պատմության ու ճակատագրի եւ, ինչո՞ւ չէ, բոլոր ժողովուրդների, ամբողջ մարդկության եւ ամեն մի անհատ մարդու ճակատագրի հետ առնչված խնդիր այս աշխարհում, առավել եւս այս արագընթաց փոփոխվող, չգիտես ինչ համընդհանուր ճգնաժամ սպառնացող ժամանակներում: Տեսա, որ Բեռնար Նոելին շատ հետաքրքրեցին ասածներս, ծոցատետրը բացած գրի էր առնում: Թե ինչո՞ւ, չգիտեմ: Չհարցրի էլ...
Հուշագրական հավելված- Ուզում եմ ու պետք է այժմ, այս 2005 թվականին, հիշատակագրել մի դեպք, որը խուսափել եմ գրի առնել օրագրում: Մի ժամանակ մեր Գրողների միությունը հաջողել էր պաշտոնապես իրագործել նախաձեռնություն (ասում էինՙ հետեւելով վրացիների օրինակին). այն գրողները, որոնք հաստիքով չեն աշխատում որեւէ տեղ, այլ հարատեւորեն ստեղծագործում են տանը, ըստ ցանկության «կցվեն» մի մեծ գործարանի կամ այլ հիմնարկի, մի պատշաճ հանգամանքով պաշտոնապես ձեւակերպվեն որպես այնտեղ աշխատող, գեթ մի կայուն եկամուտ ունենան որպես աշխատավարձ: Սինեկուրայի նման մի բան: Ինձ էլ առաջարկվեց: Ուզեցի կցվել «Մերգելյան» ինստիտուտին: Մեր տան մոտ էր եւ, մանավանդ, ծանոթ ունեի այնտեղՙ գլխավոր կոնստրուկտոր հայրենադարձ Հրաչիկ Հովսեփյանը, որին ճանաչում էի վաղուց, այն օրերից, երբ նա, ինչպես գիտեինք, դեռ ուսանող էր ճշգրիտ գիտությունների, բայց նաեւ ոտանավորներ էր գրում եւ մերթ ընդ մերթ գալիս էր Արամ Արմանի տունը Կիլիկիայում, ուր ամեն կիրակի երեկո մի քանի հայրենադարձ ընկերներով հավաքվում էինք ու տաք-տաք զրուցում, հոլովելով Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Ինտրա, Զոհրաբ... անշուշտ մեր մաքուր արեւմտահայերենով տակավին ու կարոտներով:
Հրաչիկը մի անգամ, հիշում եմ, երբ մյուսները վիճելու նման զրուցում էին այդպես, մի անկյունում ինձ հայտնում էր իր ուրիշ «մտքերը» հաշվիչ մեքենա ստեղծելու մասին, գծագրելով թղթի վրա, եւ ես լսում էի զարմացած, հետաքրքրված եւ... հավատալով ու քաջալերելով նրան: Եվ ահա հիմա, տարիներ հետո, «Նաիրի» հաշվիչ մեքենաների գլխավոր կոնստրուկտորն էր նա այդ գիտահետազոտական ինստիտուտում, ուր ես ուզում էի «կցվել» իբր ինժեներ ձեւակերպվելով: Երբ հայտնեցի Հրաչիկին, շատ ուրախացավ, ոգեւորվեց, որ միասին գրական երեկոներ կկազմակերպենք իրենց մոտ, նորից կխոսենք Մեծարենցի մասին եւս, որին շատ էր սիրում, եւ մյուս ինժեներներն էլ ուրախացան: Պաշտոնական կարգադրությունն արված էր արդեն, բայց նախ պետք էր ներկայանայի Փոլատյան ազգանունով մի մարդու...
Կիսամութ մի սենյակ, գրասեղանի ետեւում այդ մարդը սեւ կոստյումով, կլոր թուխ դեմք, սեւ-սեւ աչքեր, անժպիտ: Ռուսերեն հարցրեցՙ ճի՞շտ է, որ հայրենադարձ եմ: Ասացիՙ այո: Լռեց մի քիչ, հետո գլուխը շարժեց, այսինքն թեՙ «լավ, ոչինչ»: Առաջս դրեց մի անկետա, որի նմանը չէի տեսել: Մի քանի մեծադիր թերթ, այնպիսի մանրամասնություններ, որոնք կարծես լրիվ մերկացնում էին ինձ իմ անցյալով (պապերս էլ), իմ ներկայով եւ նույնիսկ ապագայով:
- Պետք է լրացնե՞մ այս ամբողջը,- ասացի, արդեն խրտչած:
- Մանրամասն, առանց որեւէ բան թաքցնելու:
- Բայց ես հիմնական աշխատող չեմ ընդունվում այստեղ:
- Միեւնույն է: Փակ հիմնարկ եք ընդունվում:
- Ձեր գործերի հետ ոչ մի շփում չեմ ունենալու, միայն գրական, ամիսը մեկ-երկու անգամ...
- Միեւնույն է: Արտասահման էլՙ ոչ տուրիստ, ոչ բան, էլ չեք կարող:
- Դա ինձ չի հուզում,- դառն ժպտացի: - Ոչ գնացել եմ, ոչ էլ...
- Կարծեմ անգլերեն, ֆրանսերեն գիտեք, չէ՞:
- Գիտեմ:
- Երբ օտար գրողներ հյուր են գալիս, շփվո՞ւմ եք նրանց հետ:
- Գրողների միությունից եթե կանչեն, օգնում եմ:
- Ուրեմն, ամեն անգամ պետք է գրավոր, մանրամասն տեղեկություն ներկայացնեք այստեղ, անձամբ ինձ միայն, թե ինչ խոսակցություններ ունեցաք նրանց հետ...
- Օ՜, նույնիսկ այդպե՞ս,- վեր կացա, ցուցամատով իր կողմը հրելով անկետան: - Պետք չէ ինձ: Գնացի: Բայ-բայ:
Երբ ասացի Հրաչիկին, որ էլ երբեք ոտք չեմ դնի իրենց այդ «փակ» հիմնարկը, ուր անցաթղթով էի մտել, անցաթղթով էլ դուրս էի գալու, տղան ոչ միայն ափսոսաց, այլեւ վրդովվեց, նույնիսկ զայրացավ այդ «ցերբերի» դեմ, թե իրենց կյանքը թունավորվում է նրա միշտ կասկածոտ աչքի տակ, իրենց բուն գործից բան չհասկացող անհեթեթ նկատողություններով:
Ու էլ չուզեցի «կցվել» ուրիշ ոչ մի հիմնարկի...