«Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի անվանի վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի գավաթի եռակի հաղթող, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր, Ստեփան Սարգսյանի անվան գավաթի անանդական միջազգային մրցաշարը:
Այս տարի մասնակիցների կազմն ավելի է ընդարձակվել: Գորգ դուրս կգան Բուլղարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի ըմբիշները, իսկ առանձին թիմով մրցումներին կմասնակցեն նաեւ Դաղստանի, Օսիայի եւ Հայաստանի ուժեղագույն մարզիկները: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել հանձինս օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Ադամ Սայթիեւի, Սերաֆիմ Բորզակովի, Ալեքսանդր Զախարովի, Մարտին Բերբերյանի եւ ուրիշների: Մրցումների առաջին օրն իրենց հարաբերությունները կպարզեն մինչեւ 55, 60, 66 եւ 74 կգ քաշային ըմբիշները: Հաջորդ օրը հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն մինչեւ 84, 96 եւ գերծանր քաշային կարգերում: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ