Համոզված են երեւանցիները
ՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Անապատացված քաղաք», այսպես է կոչվում մեր օրերի Երեւանի մասին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի նկարահանած վավերագրական ֆիլմը, որ երեկ ցուցադրվեց ամերիկյան համալսարանում «SOS Երեւան» կոալիցիայի կազմակերպած ֆորումից առաջՙ ավելի խորացնելով մասնակիցների տխրությունն ու ցավը կանաչ գոտիներից զրկվող եւ բետոնե շինություններից շնչահեղձ եղող մայրաքաղաքի համար: Օղակաձեւ զբոսայգի, Հաղթանակի այգի, Հրազդանի կիրճ, Դալմայի այգիներ, սրանք քաղաքի այն հրաշալի կանաչ գոտիներն են, որոնք պահանջում են ոչ շահադիտական ու կողոպտային, այլ զուտ գեղագիտական մոտեցում, որի դեպքում միայն Երեւանը կդառնար բաց, շնչող ու ազատ մայրաքաղաքՙ նման եվրոպական լավագույն մայրաքաղաքներին: Բայց Երեւանն արդեն իսկ համարվում է անապատացված ու սպառնում վրեժխնդիր լինել բոլորիս առողջությանն ուժգին հարվածելով, չխնայելով ոչ մեկին, անգամՙ «Համմերով» շրջողներին:
Լյուդմիլա Հարությունյանը հաստատեց, որ մեր հասարակությունը պարտվել է իշխանությունների հանդեպ ունեցած հավատի համար, հույսեր փայփայելու իր միամտության համար ու այժմ սթափվելով սոցիալական շարժում է սկսելՙ իր անպաշտպանվածությունը տապալելու եւ անօրինականությունների դեմ պատնեշ դնելու համար:
Կընդլայնվի՞ այդ շարժումն ու վերջ կդնի՞ ընչաքաղցների սահմաններն անցնող ծրագրերին, որոնք մշակույթի գործչին եւ գիտնականին զրկեցին ստեղծագործելուց ու գիտական աշխատանքից: Այդ ծրագրերը օպերայից հասան Կամերային երաժշտության տուն, դուրս չմնացին նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների տարածքները: Ակադեմիայի անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սեւան Դավթյանին տարածք զավթողները հասցրել են մինչեւ դատական ատյաններ, սակայն հարցը դարձյալ չի լուծվել ու ներկա պահին դրված է հանրապետության նախագահի սեղանին: «Այսօր կա չինովնիկների մի բանակ, որին եթե չդիմակայենք, կհոշոտի նաեւ Հայաստանի անկախությունը», համոզված է Սեւան Դավթյանը:
Ֆորումին հրավիրվել էին գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, սակայն քչերն էին ներկայացել: Քաղաքային իշխանութան ներկայացուցիչներն էին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջինը նախ խոստովանեց, որ ցուցադրված ֆիլմն իրոք ծանր է, հետո որոշեց այդ ծանրությունը թեթեւացնելու համար շա՜տ հանգիստ թվարկել կատարած աշխատանքները, վերջում էլ մեղադրել մեզՙ երեւանցիներիս: Ինչու՞, որովհետեւ այնպես ենք խոսում, կարծես «15 տարի քաղաքում չենք եղել ու հանկարծ հայտնաբերել ենք, որ այդքան ժամանակ Երեւանն հանձնված է եղել մի խումբ չինովնիկների»: Մեր քաղաքի գլխավոր ճարտարապետն իրականում շա՜տ հանգիստ է, որովհետեւ երեւանցիները երբեք չեն բողոքել այգիներում կառուցվող սրճարանների համար, ոչ մի հասարակական քննարկման չեն մասնակցել, մի խոսքովՙ մեղավորը ոչ թե չինովնիկներն են, այլ ուրիշ մոլորակից հանկարծակի ժամանած երեւանցիները:
Քաղաքապետարանի ծանր աշխատանքի ու մեծ ծրագրերի մասին փոխքաղաքապետի մոտ կեսժամանոց պերճախոս ելույթը չմեղմեց դահլիճի զայրույթը, ճիշտ հակառակըՙ վերաճեց կրքոտ հարց ու պատասխանի, որի ընթացքում արդար ու ճշմարիտ երեւալու նրա ջանքերը բախվում էին կանաչ գոտիների ավերումից տեղյակ մարդկանց փաստացի ապացույցներին:
Ֆորումի շարունակությունը կլինի այսօր, ժամը 12-ին, Կամերային երաժշտության տան դիմաց կայանալիք բողոքի համերգ-երթը, որը կավարտվի օպերայի շենքի մոտ: