ԹԵՀՐԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի 30-ի երեկոյան ընդունել է Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների հինգ պատգամավորներին, որոնք ներկայացրել են իրենց համայնքներին հուզող խնդիրները: Ինչպես հաղորդում է Թեհրանի «Ալիք» օրաթերթը, հյուսիսային եւ հարավային իրանահայության պատգամավորները, շնորհակալություն հայտնելով նախագահական ընտրությունների շեմին Մահմուդ Ահմադինեժադի արտահայտած` 1915 թ. Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու եւ դատապարտելու պատրաստակամության կապակցությամբ, իրանահայության գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել հայության համար կենսական կարեւորության այդ հարցում նրա դիրքորոշման առնչությամբ: ԻԻՀ նախագահը նշել է, որ որեւէ ժողովրդի նկատմամբ գործադրված նման արարք պախարակելի է եւ դատապարտման արժանի: Իրանահայ պատգամավորները նաեւ արծարծել են դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր: Նախագահը խոստացել է արդարադատության նախարար այաթոլլահ Շահռուդիի հետ քննարկել նրանց հուզող հարցերը եւ պատշաճ լուծում գտնել: