«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱՀԱՅ ԴԱՏ Է ԲԱՑՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Բոստոնի «Զալքինդ Ռոդրիգեզ, Լունտ եւ Դանքըն» փաստաբանական գրասենյակը, իր աշխատակից իրավաբան Հարվի Սիլվըրգլեյթի միջոցով Բոստոնի գերագույն ատյանին է ներկայացրել Թուրքիայի պետության կողմից ֆինանսավորվող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի դատական հայցն ընդդեմ Մասաչուսեթս նահանգի կրթության նախարար Դեյվիդ Դրիսկոլի, նույն նահանգի խորհրդարանի կրթության վարչության նախագահ Ջեյմս Փեյսըրի դեմ, նրանց մեղադրելով 1998 թ.-ին «Հրեական հոլոքոսթի, իռլանդական կարտոֆիլի սովի, միջինատլանտյան գերիների վաճառքի եւ Հայոց ցեղասպանության» վերաբերյալ նահանգի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին տրված հանձնարարականների կապակցությամբ: Փաստաբանի ներկայացրած հայցադիմումի հիմք է ծառայել ոմն Թեոդոր Գրիսուոլդի ու իր աշակերտ որդու եւ վերջինիս ուսուցիչների բողոքը, որ այդ հանձնարարականում միակողմանիորեն զանց է առնվել թուրքական կարծիքը եւ «ցեղասպանություն» բառն օգտագործվել է առանց հիմնավորման:

Գործն արդեն, հավանաբար ոչ առանց թուրքական լոբբիի ազդեցության, մեծ աղմուկ է հանել Մ. Նահանգներում: «Ուոլ սթրիթ ջոռնըլ» հանրահայտ թերթը հոկտեմբերի 27-ի իր համարում Կարլա Սկանելի ստորագրությամբ լույս է ընծայել «Թուրք-հայկական կռիվն Առաջին համաշխարհային պատերազմի պատմության մասին ամերիկյան դատարան է մտնում» վերնագրված հոդվածը, կասկածի տակ առնելով Հայոց ցեղասպանության փաստը: Դատին անդրադարձել է նաեւ, հոկտեմբերի 28-ին, «Բոստոն գլոբ» օրաթերթը:

Հայկական կողմի տվյալներով, թուրքերի փաստաբան Հարվի Սիլվըրգլեյթը դեռեւս 2003 թ.-ից սկսած նյութեր է հավաքել այս գործի առնչությամբ, իսկ «Ուոլ սթրիթ ջոռնըլի» հոդվածագիրը դեռեւս հոկտեմբերի 5-ին է ձեռնարկել իր հոդվածի պատրաստությունը, այսինքնՙ դատական հայցադիմումից 22 օր առաջ:

Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ Թոմ Ռայլին մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է պատասխան տա հարուցված դատին եւ պաշտպանի մեղադրվող նահանգային մարմիններին:

Բոստոնահայերը վճռական են դիմակայելու թուրքական դատական այս հարձակողականը, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հաջողության դեպքում նույնանման բազմաթիվ դատական գործեր կարող են հարուցվել Մ. Նահանգների մյուս հայաշատ նահանգներում:

Հոկտեմբերի 29-ին ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի տեղական կազմակերպությունների գլխավորությամբ բոստոնահայ կազմակերպություններն անցկացրել են իրենց առաջին խորհրդակցությունը եւ որոշել միասնաբար պայքարել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4