Պատճառաբանելով, թե ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում վճարելու ֆրանսիական ընկերության որոշումը քաղաքական է
Հոկտեմբերի 13-ին, երբ «Աքսա» ապահովագրական ընկերությունը հայտարարեց Հայոց ցեղասպանության ժառանգներին 17 մլն դոլար փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին, Թուրքիայում հարձակումների թիրախ դարձավ ֆրանսիական այս ընկերության հետ համատեղ գործունեություն ծավալող թուրքական «Օյաքը»:
Դա ուներ մի քանի պատճառներ: Նախՙ «Օյաքն» ստեղծել են թուրք բանակայինները, այսինքնՙ ընկերությունը, ֆրանսիական «Մոնդ» թերթի դիպուկ արտահայտությամբ, խորհրդանշում է թուրքական զինված ուժերի կարողությունները երկրի տնտեսության մեջ, «Աքսայի» հետ տնօրինում է Թուրքիայի ապահովագրական հատվածին վկայականների 12 տոկոսը, երկրում համատեղ գործունեություն է ծավալում արդյունաբերության եւ բանկային ոլորտներում, եւ վերջապես, ցեղասպանության ժառանգների հետ «Աքսայի» փոխհատուցման մասին ստորագրած համաձայնագրում հատուկ արձանագրվել է «ցեղասպանություն» բառը:
Ավելին, թուրքական ընկերության ապահովագրական վկայականները համասեփականատիրոջ իրավունքով հավասարապես պատկանում են նաեւ ֆրանսիական ընկերությանը եւ դրանք Թուրքիայում վաճառվում են որպես «Աքսա-Օյաքի» վկայականներ: Թեեւ այս հանգամանքը փոխհատուցման առումով ոչ մի կերպ չի պարտավորեցնում «Օյաքին», սակայն թուրքական այս ընկերությունն, այնուամենայնիվ, հայտնվում է ցեղասպանության ժառանգների հետ ֆրանսիական «Աքսայի» ստորագրած համաձայնագրին հավանություն տալու դերում:
«Ազգը» հոկտեմբերի 27-ի համարում «Թուրքիայի քաղաքական շրջանակները ֆրանսիական «Աքսայի» հետ դատապարտում են նաեւ թուրքական «Օյաք» ընկերությանը» խորագրով անդրադարձել էր դատապարտման դրսեւորումներին: Հոկտեմբերի 25-ին այդ հարցն արծարծվել էր «Մոնդ» թերթում եւ ընդգծվել. «Չնայած Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությանը, թե այսպես կոչված Հայոց ցեղասպանության նկատմամբ «Աքսայի» վերաբերմունքը որեւէ առնչություն չունի թուրքական կառավարության վերաբերմունքին, սակայն հակազդեցության հետեւանքով «Օյաքի» պես ծանր կացության մեջ է հայտնվում նաեւ ֆրանսիական ընկերությունը»:
Ակամա հարց է ծագում, եթե թուրքական կառավարության վերաբերմունքը ոչ մի կերպ չի առնչվում «Աքսայի» վերաբերմունքին, ապա ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը: Հարցի պատասխանը միանշանակ էՙ որովհետեւ «Աքսայի» հետ Թուրքիայում համատեղ գործունեություն ծավալող «Օյաքը» սովորական ընկերություն չէ, այլ ստեղծված լինելով բանակայինների կապիտալով, պատկանում է թուրքական բանակին:
Թերեւս այդ առումով պատահական չեն «Օյաքի» դատապարտումն ու «Աքսայի» հետ համատեղ գործունեությունից հրաժարվելու պահանջները, առավել եւս «Աքսա-Օյաք» համատեղ ընկերության հարցի քննարկումը Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, ինչպես նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի ամբիոնից արած հայտարարությունը, հարցադրումն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրած քննադատությունը:
Ըստ «Միլլիեթի», հոկտեմբերի 26-ին պատգամավոր Էլեքդաղը հարցի առնչությամբ Մեջլիսում ունեցած ելույթում հիմք ընդունելով ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում վճարելու «Աքսայի» համաձայնագիրը, հայտարարել է, որ «Օյաքը» պետք է հրաժարվի ֆրանսիական այս ընկերության հետ համատեղ գործունեությունիցՙ հարցնելով. «Համագործակցությունը շարունակելու դեպքում մի՞թե «Օյաքը» չի համաձայնում 1915 թ. հայերի ցեղասպանությունն ընդունող իր գործընկեր «Աքսայի» փոխհատուցում վճարելու որոշմանը»
Այնուհետեւ նա քննադատելով վարչապետ Էրդողանի Պարսից ծոցի արաբական երկրների Թուրքիայում կատարած ներդրումներին առնչվող խոսքերը, թե «կապիտալն ազգային պատկանելություն չունի» ասել է, որ միջազգային ասպարեզում հենց կապիտալի միջոցով են քաղաքականություն վարում, եւ իբրեւ օրինակ ցույց է տվել ինքնաթիռների, զենքի, զինամթերքի գնումների համար հայտարարված միջպետական մրցույթները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ