«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


«ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ը ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»

Բաքվի «Ենի նեսիլ» ակումբի նախագահ Արիֆ Ալիեւի կարծիքովՙ ընտրություններին հաջորդող օրն է լուրջ մտահոգության տեղիք տալիս

Բաքվի «Ենի նեսիլ» մամուլի ակումբի նախագահ եւ «Գյուն» թերթի գլխավոր խմբագիր Արիֆ Ալիեւն «Ազգի» հետ հեռախոսային հարցազրույցում հավաստիացրեց, որ սկզբունքորեն Ադրբեջանում ստեղծած են բավարար պայմաններ խորհրդարանական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Ալիեւը, որը եղել է հանգուցյալ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մամուլի խոսնակը, կարեւորեց Իլհամ Ալիեւի մայիսի 11-ի եւ հոկտեմբերի 25-ի հրամանագրերը:

Նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 11-ին ստորագրել էր դեկրետ, որով թույլատրվում են խաղաղ ցույցեր անցկացնել: Ճիշտ է, դեկրետի ստորագրումից հետո էլ Բաքվի ոստիկանությունը մի քանի անգամ մահակներով ցրել է ընդդիմության խաղաղ ցույցերը, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել եւ ստացել են մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին վերացրեց արգելքը, ըստ որի դրսից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններին չէր թույլատրվում դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ընթացքում: «Ենի նեսիլի» նախագահը թեեւ հոկտեմբերի 25-ի հրամանագիրը ուշացած է համարում` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, «սակայն այդ հրամանագիրը լրջորեն փոխեց իրավիճակը»:

«Դրսից ֆինանսավորվող ՀԿ-ներին արդեն թույլատրվում է հետեւել ընտրությունների ընթացքին, երկրորդ` արգելում է գործադիր իշխանության մարմիններին միջամտել նախընտրական գործընթացներին, ԿԸՀ-ն հավանություն է տվել քվեարկողի մատներն անգույն թանաքով նշելու առաջարկին: Կան այլ պահեր, օրինակ` միջազգային հանրության ուշադրությունը, ինչը հուսադրող է: Շատ ՀԿ-ներ, սակայն, պնդում են, որ այլեւս չեն կարող հասցնել հետեւել ընտրություններին: Մյուս կողմից` մենք բոլորս հասկանում ենք, որ գործադիրի աշխատակիցները նրանք են, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել, մեկ անգամ չէ, որ կեղծել են ընտրությունները, եւ ոչ ոք չի հավատում, թե մի քանի օրում նրանք կփոխվեն», ասաց Ալիեւը:

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը մի քանի օր առաջ գրել էր, որ նախագահ Ալիեւը Բաքվում մաքրումներ է իրականացնում: Վերջին երկու շաբաթում կաշառակերության եւ պետական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են նախկին եւ գործող բարձրաստիճան 16 պաշտոնյաներ: «Այն, որ այդ մարդիկ թաթախված են կոռուպցիայի մեջ, երկու կարծիք լինել չի կարող: Եվ մեր, եւ ձեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցնողները, գիտենք ինչեր են անում: Բայց տվյալ դեպքում այդ մարդկանց ձերբակալության պատճառը կոռուպցիան չէ, որովհետեւ եթե կոռուպցիան լիներ` պետք էր ավելի մեծ եւ լուրջ մաքրում: Խոսքն այս դեպքում այդ մարդկանց` նախագահ Ալիեւի հանդեպ լոյալությանն է վերաբերում: Այս մարդիկ ամբաստանվում են ոչ թե կոռուպցիայի, այլ պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Ադրբեջանում ոչ ոք չի հավատում, որ այդ մարդկանց ձերբակալությամբ փորձ է արվում պայքարելու կոռուպցիայի դեմ», նկատեց «Ենի նեսիլի» նախագահը:

Օգոստոսին Բաքվում ձերբակալվեց «Ենի ֆիկիր» կուսակցության առաջնորդ Ռուսլան Բաշիրլին` հայկական հատուկ ծառայությունների եւ ամերիկյան ոչ կառավարական մի կազմակերպության օգնությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով: Հետագայում նույն ամբաստանությամբ ձերբակալվեցին «Ազադլըղ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւը համարվող «Ենի ֆիկիրի» եւս երկու առաջնորդներ:

Ինչքանո՞վ է լուրջ ընկալվում այս ամենը: «Դա լուրջ չի ընդունվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ադրբեջանում: Դա ընտրություններից առաջ չհաջողված եւ կեղտոտ «փիառ» էր ընդդիմության նկատմամբ, որը կանգնեցվեց առաջին հերթին հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման տակ», ասաց Ալիեւը: «Ղարաբաղյան գործոնն» այլեւս չունի այն էֆեկտը, ինչ նախորդ ընտրություններում, երբ ով ավելի բարձր էր գոռում եւ խոստումներ տալիս ԼՂ-ն եւ հարակից տարածքներն ազատագրելու մասին, նրա ստացած քվեները ավելին էին: «Սոցիալ-տնտեսական, ներքաղաքական խնդիրներն ավելի կարեւոր են նախընտրական պայքարում», ասաց Ալիեւը:

«Ենի նեսիլի» նախագահի կարծիքով, եթե նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցնեն համեմատաբար ազատ եւ արդար, ապա մանդատների մեծ մասը կստանան իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցությունը եւ ընդդիմադիր «Ազադլըղ» դաշինքը (միավորում է երեք կուսակցություն` Ժողճակատ, Մուսավաթ եւ Դեմկուս): Նոր խորհրդարանում աթոռներին հավակնում է նաեւ «Ենի սիյասեթ» դաշինքը: Արիֆ Ալիեւը նշում է, որ նախընտրական իրավիճակը լարված է եւ լուրջ մտահոգության տեղիք է տալիս` «ինչպիսի՞ն է լինելու նոյեմբերի 7-ը` ընտրություններին հաջորդող օրը»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4