«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱՔՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ

Անգլիացի լրագրող Գուին Դայերը գրում է Իրաքում սահմանադրության հանրաքվեի եւ 2000-րդ ամերիկացու սպանության մասին

Իրաքում թեեւ արդյունաբերություն չկա, որ ծաղկի, փոխարենը ծաղկում է պատմության ուղենիշների «արդյունաբերությունը»: Անցյալ շաբաթ նախկիններին ավելացան եւս երկուսըՙ բոլորովին նոր սահմանադրությունն ու Իրաքում սպանված 2000-րդ ամերիկացի զինվորը:

Օրինակՙ սահմանադրությունը: Քվեների հաշվումն ու վերահաշվարկումը բավական երկար ժամանակ խլեցին, մինչեւ ի վերջո գտան ճիշտ պատասխանը եւ հանրաքվեից 10 օր հետոՙ հոկտեմբերի 15-ին Իրաքի ղեկավարները պաշտոնապես հայտարարեցին «ուրախ լուրը»: Երկրի 18 նահանգներից ընդամենը երկուսըՙ Անբարն ու Սալահեդդինն էին դեմ քվեարկել սահմանադրությանը: Եթե մի երրորդ նահանգ էլ նույն ձեւով վարվեր, հանրաքվեն վստահաբար կձախողվեր, բայց ինչ-որ հրաշքով այդ երրորդ նահանգը, որ անպայման դեմ կքվեարկեր, չկատարեց այդ քայլը:

Այդ երրորդ նահանգը Նինվեն է, որտեղ սուննիներն են մեծամասնություն կազմում, եւ, ինչպես հայտնի է, նրանք դեմ են դաշնային ամերիկամետ սահմանադրությանը: Անբարում բնակչության 97 տոկոսն էր «ոչ» ասել, իսկ Նինվեում, որտեղ սուննիները 68 տոկոս են կազմում, ընդամենը, ըստ քվեները հաշվարկողների, 55 տոկոսն էր «ոչ» ասել: Տարօրինակ երեւույթ:

Տարօրինակ, որովհետեւ Նինվեի բնակչության մյուս մասը (24 տոկոսը) եզդիներ, թուրքմեններ, շաբաքներ եւ քրիստոնյա ասորիներ են, որոնք սուննիների պես կտրականապես դեմ են սահմանադրությանը: Միայն 8 տոկոս կազմող քրդերն են կողմ դրան:

Բայց վերջին հաշվով գուցե այնքան էլ կարեւոր չէ, որ սահմանադրությունը որոշ «անպաշտոն» օժանդակությունների միջոցով է վավերացվել, քանի որ Իրաքում պետություն չկա, որ սահմանադրության կարիքը զգա: Կան նախարարություններ եւ որոշ իմաստով նաեւ բանակ, բայց պետություն չկա:

Իրաքում նախարարություններն առանձին կուսակցությունների «ավատություններ» են: Դրանք կենտրոնական կառավարությանը չեն ենթարկվում: Պաշտոնյաների մեծ մասը զինվորականներ են, որոնք գողանում են այն, ինչ կարող են, քանի որ գիտենՙ մի քանի տարի հետո իրենք այդ պաշտոններում չեն լինի: Թալանն այն աստիճանի է հասել, որ երկրի միջին խավը զանգվածաբար լքում-հեռանում է երկրից եւ հաստատվում Հորդանանում:

Երկրորդ «ուղենիշը», ինչպես նշվեց, Իրաքում սպանված 2000-րդ ամերիկացի զինվորն է: Բավական ժամանակ այս հարցն արեւմտյան մամուլում քննարկվում է այն հույսով, որ ամերիկացի հասարակությունը վերջապես ոտքի կկանգնի եւ դեմ կարտահայտվի այս անիմաստ պատերազմին: Բայց լռությունը համատարած է: Սայլը տեղից չի շարժվում, եւ պատճառները երեքն են:

Առաջինՙ Իրաքում սպանված զինվորները մեծ մասամբ աղքատ մարդկանց որդիներն են, իսկ աղքատները շատ հաճախ չգիտեն կազմակերպված քաղաքական արշավ տանել կառավարության դեմ: Երբ պաշտոնական զորակոչ չկա, որ սպառնա միջին խավի երիտասարդների կյանքին, չի լինի նաեւ հակապատերազմական շարժում:

Երկրորդՙ 2000 սպանված զինվորներն ու 15 հազար վիրավորները (որոնց կեսը կամ մի ոտք է կորցրել, կամ մի աչք) այնքան էլ մեծ թիվ չեն կազմում մոտ 300 մլն բնակչություն ունեցող երկրի համար: Այնտեղ ամեն ամիս ճանապարհային վթարներից ավելի քան 2000 ամերիկացի է մահանում: Նույնքան էլ մահանում են հրացանային կրակոցներից:

Երրորդՙ Բուշի վարչակարգի այսպես կոչված մյուս հոգսերըՙ մեղադրանքները, հետաքննություններն ու ասեկոսեները Կոնգրեսում եւ Սպիտակ տանը ծվարած հանրապետականների հասցեին անընդհատ շեղում են մարդկանց ուշադրությունն այն բոլոր իրական աղետներից, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնից դուրս:

Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում իրականում: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տեղական որոշ ակադեմիական կազմակերպություններին վճարել է, որ հարցում կատարեն Իրաքի բնակչության շրջանում: Հարցումներով պարզ դարձավ, որ 45 տոկոսը պաշտպանում է հարձակումները «կոալիցիայի զորքերի» (ամերիկացի, բրիտանացի) դեմ: Մեկ տոկոսը միայն համոզված է եղել, որ օտար զինվորական միջամտությունը նպաստում է երկրում անվտանգության հաստատմանը:

Իրաքի բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք անկախություն են ցանկանում եւ ամերիկացիների ներխուժումը համարում են լավագույն հնարավորություն իրականացնելու իրենց ցանկությունը:

Իսկական արաբների կարծիքն իմանալու համար պետք է հաշվի չառնենք քրդական կարծիքը: Այն ժամանակ կտեսնենք, որ ոչ թե 82 տոկոսը, այլ բոլոր արաբներն են (սուննիներն ու շիաները հավասարապես) «կտրականապես դեմ» օտարերկրյա զինվորականության ներկայությանն Իրաքում, եւ 2/3-ն էլ հավատացած է, որ հարձակումներն այդ զինվորների վրա արդարացված են:

Խաղն ավարտված է: Ժամանակն է տուն վերադառնալու, բայց նրանք շարունակում են մնալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4