Ազատ, արդար, թափանցիկ` 6 մլն դոլարով
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսը 6 մլն դոլար է հատկացրել Հայաստանին` ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններին նպաստող ծրագրեր իրականացնելու համար: Սա ինքնին թափանցիկ ակնարկ է, որ այս գերտերության մեր տարածաշրջանով զբաղվող պատասխանատուները Հայաստանին դեռեւս պատրաստ չեն համարում նորմալ ընտրություններ կազմակերպելու համար եւ հերթական ընտրություններից տարիուկես առաջ բավական գումար են դնում ընտրացուցակներ մաքրելու, սոցիոլոգիական հարցումներ պատվիրելու, հասարակական կարծիք նախապատրաստելու, ինչպես նաեւ տեղական դիտորդներին ու նրանց հասարակական կազմակերպություններին ուսուցանելու, սնելու եւ հագցնելու համար: Թեեւ` ի՞նչ իմանաս, կարեւորը գումար առանձնացնելն է, իսկ հետո այդ գումարը կծախսվի հերթական ընտրությունների՞, թե՞ նարնջագույն հեղափոխության վրա` դիվանագիտական խնդիր է: Մի դեպքում դիվանագիտությունը կարող է պահանջել, որ այդ երկրի դեսպանն այսպիսի հայտարարություն անի. «Հեղափոխությունները ձախողման, անհաջողության արդյունք են, քաղաքական իշխանության, առաջնորդների փոփոխությունը պետք է իրականացվի քվեատուփերի մոտ, ընտրողների ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ»:
Մյուս դեպքում, երբ նրա երկիրն իրավիճակը փոխված համարի, կարող է եւ նշմար տալ` նարնջագույնն սկսելու: Ամեն դեպքում` 6 մլն դոլարը պատրաստ կլինի օգտագործման. հայտնի բան է, բիզնեսի աշխարհից որեւէ մեկը մեկ դոլար անգամ չի ներդնում գործի մեջ, եթե երաշխավորված չէ նրա եռապատիկ վերադարձը, իսկ ԱՄՆ-ը հենց բիզնեսի հայրենիքն է: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, անհարմար բան է դրսից վճարվող տեղական դիտորդներից ընտրակեղծիքների մասին լսել, դրսից վճարվող սոցիոլոգիական հարցումներին ականջ կախել, վճարովի ժողովրդավարների ուսուցողական ձրի ճաշերը կուլ տալ` դրամը վերջանալուց հետո սրանք հազիվ թե այլեւս անշահախնդիր ժողովրդավարությունից խոսեն: Մնում է հուսալ, որ հայ մարդն, այնուամենայնիվ, հոգու խոր գրպաններում միշտ էլ պատրաստ կպահի իր իմաստնության պաշարները եւ բոլոր իրավիճակներում գործի կդնի նախորդ կյանքերից ու պատմությունից փոխանցված թացը չորից տարբերելու փորձը: Առայժմ անցած շաբաթավերջին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հնչեցրած խոսքերն իրարանցում են առաջ բերել միայն լրագրողական շրջանակներում, մեր քաղաքական գործիչները հանգիստ են. արդյոք Հայաստանի իշխանություններին 2007-2008 թթ. հերթական ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու միջոցառումների փաթեթ ներկայացնելը միջամտությո՞ւն է մեր երկրի գործերին:
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյան.- Նորմալ է, որ զարգացող ժողովրդավարության երկրին ավելի զարգացած ժողովրդավարական համակարգերը հնարավորություն ունենան խորհուրդ տալ, առաջարկություն անել, ուղղություն ցույց տալ` սա նորմալ է: Բայց ինձ, օրինակ, մտահոգում է մի ուրիշ բան. երբ ամեն օր Ադրբեջանում գլուխ են ջարդում փողոցներում, ձերբակալում են մարդկանց, այսինքն` խայտառակ հակադեմոկրատական գործընթաց է, ուղղակի չեն թողնում մարդկանց հավաքվեն եւ ցույց անեն` էդ կարծես թե ոչինչ, դրա մասին լռում են, իսկ մեր` մի անգամ ցուցարարների դիմաց փողոց փակելու վերաբերյալ միջազգային կազմակերպություն չմնաց, որ հայտարարություն չանի, ես էստեղ տեսնում եմ երկակի ստանդարտների կիրառում: Դեմ չեմ, որ մեզ խորհուրդ տան, մեզ սովորեցնեն` ոնց անենք, բայց մենակ մեզ չէ, ես վախենում եմ, որ նորից նավթային շահերն այստեղ որոշակի դերակատարություն ունեն: Եվ եթե նայենք` ո՞վ է նախագահում մինչեւ այս տարվա վերջը Եվրոմիության մեջ, ապա այդ մոտեցումը կարող է հասկանալի դառնալ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան.- Այստեղ որեւէ միջամտության հարց չեմ տեսնում, ընտրություններին նպաստելը միայն քարոզչությունը չէ, այլեւ նախապայմաններն են, մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր դեռեւս տեխնիկապես պատրաստ չենք:
ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյան.- Մենք ինքներս ենք մեղավոր դրանում ամենայն հավանականությամբ, որովհետեւ եթե մենք անցյալ ընտրական ցիկլի գործընթացները իրականացնեինք այնպես, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, եւ դրա հետեւանքով չառաջանար անվստահության անջրպետ ընտրողների եւ իշխանությունների միջեւ, ապա չէր լինի նաեւ այդ հետեւանքը. ես դա դիտարկում եմ ոչ թե պատճառ, այլ հետեւանք: Պատճառը 2002, 2003 թվականների ընտրությունների ժամանակ մեր կողմից թույլ տված շեղումներն են ընտրական գործընթացներից: Լինելով համաշխարհային քաղաքակրթության մաս, ձգտելով դեպի արեւմտյան արժեքային համակարգըՙ պետք է կարողանանք ցույց տալ, որ մենք կարող ենք լինել խաղի կանոնները գիտակցող, դրանցով առաջնորդվող համակեցություն: Եթե մենք կարողանանք այս ընտրական ցիկլում դուրս գալ ընտրության վերջնական արդյունքների վրա մեխանիկական ազդեցությունների կիրառումից, ապա մենք կկարողանանք նաեւ պնդել, որ որպես պետություն ու հասարակություն մենք չենք կեղծում, եւ կարող ենք շարժվել այն ճանապարհով, որը մեզ կարող է հասցնել այդ համակեցության անդամ լինելու պարտականությանն ու պատվին: Հակառակ դեպքում մենք պետք է արդեն վճռենք` ո՞վ ենք մենք, ի՞նչ համակարգ ենք ուզում կառուցել: Միգուցե այս համակարգը, որի պահանջները չենք կարողանում կատարել, հարիր չէ՞ մեզ. այդ դեպքում կգնանք կառուցելու մեր ազգային նկարագրին հարիր համակարգ, ասելով` մի խառնվեք մեր գործերին. այս էՙ կամ- կամ:
Արտաշես Գեղամյան.- Դրական եմ գնահատում. մենք ասում ենք` 2007 թվականի ընտրությունների ազատ արդար անցկացմանը մեծապես կխթանեն այս հանրաքվեի ժամանակ կիրառվելիք այնպիսի մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան մոնիտորինգի ենթարկել ընտրությունները` էկզիտփոլի եղանակը (ըստ Գեղամյանի` այդ առթիվ իրենք դիմել են եւ եվրոպական կառույցներին, եւ պրն Էվանսին- Մ. Խ.): Եթե մեր այս խնդրանք-հորդորը դրական լուծում գտնի, ապա պրն Էվանսի հայտարարությունը միս ու արյուն կստանա արդեն այս տարի նոյեմբերի 27-ին: Ամենակարեւորն ասվել էՙ ընտրակեղծիքների ժամանակն արդեն անցել է անվերադարձ. թե որքանով խոսքը կանցնի գործի, իսկ ԱՄՆ-ի պարագայում հենց այդպես էլ լինում է, պարզ կդառնա նոյեմբերի 27-ին եւ հաջորդող գործընթացներից: