«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ «ՈՉ» ԱՍԵԼՈՒ ԿՈՉ ԱՐՎԵՑ

Գուցե սխալվում ենք, սակայն տպավորությունն այնպիսին է, թե սահմանադրական հանրաքվեին քիչ ժամանակ մնալուց հետո էլ իշխանությունները շարունակում են ոչ թե հասարակությանը ներկայացնել երկրի հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները կամ քաղաքացիներին ընձեռել դրանց անձամբ ծանոթանալու ու կողմնորոշվելու հնարավորություն, այլ ընդամենը հորդորում են «այո» ասել առաջարկվող տարբերակին: Լավագույն դեպքում որոշ կցկտուր տեղեկություններ են ասվում նախագծի դրական կողմերի մասին: Հակառակ տեսակետի կողմնակիցներն էլ, եւ ընդդիմությունն առաջին հերթին, մատնանշում են փոփոխությունների նախագծի իրենց կարծիքով բացասական կողմերը եւ «ոչի» քարոզչություն անում: Շաբաթ օրը Գյումրիում հանրապետական «Միասնական ընդդիմության» կազմակերպած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ Արցախում, որտեղ որոշվել է սեփական սահմանադրությունն ունենալ, սահմանադրական հիմնադրույթները տպագրվել են մամուլում, եւ կարելի է կարծել, որ հետո կտպագրվի նաեւ հիմնական օրենքի առաջարկվող նախագիծը, մարդիկ կարդալու եւ քննարկելու հնարավորություն կունենան: Դժվար է չհամաձայնել, որ սա է ճիշտը, ամեն մի քաղաքացու իրավունքի հարգումը: Որքան էլ կարեւոր լինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, քվեարկողը եւ ընդունվելիք փաստաթղթի տերը Հայաստանի քաղաքացիներն են, որոնց կարծիքը պետք է հաշվի առնվեր: Մինչդեռ, ինչպես նշեց պատգամավորը, բոլոր հեռուստաալիքներն այսօր միակողմանի քարոզչություն են անում, եւ ժողովուրդը չգիտիՙ որ կողմի փաստարկներն են ճիշտ:

Գյումրու հանրահավաքում ելույթ ունեցան Խորեն Պալյանը, Արշակ Սադոյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Արամ Կարապետյանը, ուրիշներ, որոնք հիմնականում կոչ արեցին նոյեմբերի 27-ին «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ դրանովՙ նաեւ հանրապետության այսօրվա իշխանություններին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4