«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿԻ

«Այո»-ի քարոզիչների ծրագրով

Մինչեւ այսօր «այո»-ի քարոզիչները եղել են Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում: Թե՛ «ոչ»-ը, թե՛ «այո»-ն ճիշտ համարողները գտնում են, որ եթե ոչ ՀՀ ամեն քաղաքացու, ապա ամեն հայաստանաբնակ ընտանիքի տեղեկացնելու են սահմանադրության փոփոխություններին: «Այո»-ի քարոզիչներն արդեն ունեն մարզեր կատարելիք այցերի ճկուն ժամանակացույց եւ յուրաքանչյուր այցից առաջ տեղեկացնելու են լրատվամիջոցներին: Բացառված չէ, որ ունենան նաեւ օրհներգ: Քարոզարշավին լծված հայրենակցական միությունների պատվիրած երգը կարող է դառնալ «այո»-ի շտաբի օրհներգ, եթե համապատասխանի հայաստանաբնակների պատկերացումներին ու մոտեցումներին: Սաՙ համաձայն Մհեր Շահգելդյանի կարծիքի:

Վերջինիս վստահեցմամբՙ այո-ականների այցերի շրջանակներում տպագրված եւ տպագրվելիք տեղեկատվական գրականությունը հասցվելու է յուրաքանչյուր ընտանիք: Տեղեկացված լինելու հնարավորությունը տրվելու է նաեւ տեղափոխվելու դժվարություններ ունեցող անձանցՙ հանրաքվեի լիակատար թափանցիկության ապահովման նպատակով: Նույն նպատակի հասանելիության համար առաջնային է ընտրացուցակների ճշգրտությունը: Այս գիտակցմամբ, ինչպես հավաստեց Մհեր Շահգելդյանը, պետության ֆինանսական աջակցությամբ խորհրդային անձնագրերի փոխարեն ՀՀ անձնագիր ստանալու հնարավորություն է ընձեռվել ցանկացող հայաստանաբնակներին: Ոչ պաշտոնական եւ մոտավոր տվյալներովՙ Հայաստանում այսօր խորհրդայինՙ կարմիր անձնագիր ունեցող 150 հազար մարդ կա: Հեռուստաընկերությունների քարոզչական հնարավորությունները, Շահգելդյանի խորին համոզմամբ, օգտագործվելու են համաձայն տվյալ հեռուստաընկերության դիրքորոշման եւ ծրագրած հաղորդումների շրջանակներում, որոնցից, ըստ բանախոսի, օգտվում է նաեւ ընդդիմությունը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4