«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԼԵՎՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ «98.60» ՎԵՊԸ ՄԱՐԴՈՒ ՆՈՐՄԱԼ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արամ Արսենյանի թարգմանությամբ եւ Լեւոն Անանյանի խմբագրությամբ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) հրատարակել է հանրահայտ գրող եւ գրականագետ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» վեպը:

Հեղինակի հայերեն բանաստեղծությունների առաջին եւ վերջին ժողովածուն` «Լույս զվարթ»-ը, որի առաջաբանը գրել է Վահան Թեքեյանը, լույս է տեսել 1924 թ. Փարիզում: Դրանից հետո Լեւոն-Զավեն Սյուրմելյանը ստեղծագործել է միայն անգլերենով` իր խոսքերով, ոչ թե մայրենին քիչ սիրելու պատճառով, այլ որովհետեւ անգլերենով ստեղծագործելը հրաշալի առիթ է Հայոց հարցը ընթերցողների լայն բանակին ներկայացնելու համար: Հեղինակին մեծ համբավ է բերել Հայոց ցեղասպանության թեմայով գրված «Ձեզ եմ դիմում, տիկիններ եւ պարոններ» վեպը` Վիլյամ Սարոյանի «Երկու խոսքով»:

Այս տարի լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը, որը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով դեռ կնշվի լավագույնս` «պարզապես որոշեցինք նախերգանքը սկսել գրողների միությունից»: Հետո նախագահը խոսեց ոչ միայն հայ, այլեւ ամերիկյան գրական եւ մշակութային միջավայրում գրողի թողած գնահատանքի արժանի վաստակի մասին: Խոսք ասաց նաեւ «98.60» վեպի նախաբանի հեղինակ Թորգոմ Փոսթաջյանը, որն անդրադարձավ իր եւ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի երկարամյա ընկերությանը, վեպի բովանդակությանը, ինչպես նաեւ հեղինակի կյանքի մասնավոր դրվագներին:

Լեոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» վեպն ինքնակենսագրական է, ուր Դանիել անունով հյուծախտով հիվանդ երիտասարդի կերպարով հեղինակը պատմում է իր մասին: Տրապիզոնից Պոլիս, ապա Հայաստանով անցած հեղինակը վերջում հանգրվանել է Միացյալ Նահանգներում, ուր ուսանելու տարիներին վարակվում է հյուծախտով: 1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ծնողների որդին սկսում է տանջվել հիվանդությունից: 98.6 աստիճանը մարդու բնական ջերմաստիճանն է, որի կարիքն այնքան ուներ ջերմության եւ ցավի մեջ գալարվող վեպի հերոսը:

Հիվանդության օրերին հիվանդ երիտասարդը Հիսուս Քրիստոսի տեսիլքն է տեսնում, որը պատգամում է. «Ես եմ հարություն եւ կյանք»: Ինչպես նշվում է գրքում, նա «հարություն» է առնում եւ ապրում մինչեւ 90 տարեկանըՙ թողնելով գնահատելի ժառանգություն: Այս առիթով Վիլյամ Սարոյանը ասել է. «Զավեն Սյուրմելյանը մեկն է այն բազմաթիվ հայ որբերից, որ հուսախաբ արեց թշնամուն (թուրքին) եւ չմեռավ»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Եվ այսպես, նշվում է անգլիագիր մեր ամենավավերական գրողներից մեկիՙ Լեւոն Զ. Սյուրմելյանի ծննդյան 100-ամյակը: «Ազգն» այդ կարեւոր հոբելյանին անդրադառնալու դեռ առիթներ կունենա, դեռ առիթներ կլինեն խոսելու հոբելյանի «Ձեզ եմ հարցնում, տիկնայք եւ պարոնայք» նշանավոր գրքի, Վահան Թեքեյանի հետ նրա սրտառուչ նամակագրության, «Մեռելներուս իբրեւ խաչ ես այս ծառը տնկեցի» բանաստեղծական տողի խորհրդի մասին:

Սակայն հոբելյանի շրջանակներից բոլորովին դուրս մենք կուզենայինք լսել մի տեղեկություն, որը երեկ չհնչեց Գրողների տանը կազմակերպված հոբելյանական ձեռնարկի գլխավոր բանախոսիՙ պրն Թորգոմ Փոսթաջյանի բերանից: Այդ տեղեկությանը մենք չհանդիպեցինք նաեւ նոր լույս տեսած «98.60» գրքի առաջաբանում, որն ստորագրել է նույն պրն Փոսթաջյանը, որն իրավամբ գրում է, նաեւ խոսում, հանգուցյալ հոբելյանի հետ իր ունեցած մտերմության մասին:

Խնդիրն այն է, որ պրն Փոսթաջյանը եղել է Լեւոն Զ. Սյուրմելյանի կտակակատարը: Այլ խոսքով, նա եղել է անժառանգ մահացած նշանավոր գրողի մի քանի միլիոն դոլարի հասնող կտակի տնօրինողը: Այս կարեւոր հանգամանքը, համեստությունի՞ց, թե՞ մեկ այլ բանից դրդված, պրն Փոսթաջյանը չի նշում, մինչդեռ իրավունք ուներ հպարտանալու դրանով:

Այնինչ խիստ շահեկան եւ տեղին պիտի լիներ, որ գոնե այս առիթով պրն Փոսթաջյանը հանդես գար հրապարակային հաշվետվությամբ եւ ներկայացներ հանրությանը, թե ինչպե՞ս է ծախսել այդ գումարը եւ ի՞նչ նպատակներով:

«Ա.»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4