«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԻՄՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում երեկ քննարկվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը եւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը ներկայացրին սեփական դիտարկումները: Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում կարեւորեց բուհերում սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Նրա գնահատմամբ, նույնիսկ դասախոսները լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է նախատեսում նոր տարբերակը:

Արմեն Հարությունյանը մի քանի րոպեում փորձեց ներկայացնել փոփոխությունների փաթեթի առավելությունները: Նրա կարծիքով, այս փոփոխությունները «նոր լիցք կտան պետական շինարարության կազմակերպմանը»: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի հարցին, թե արդյոք այնքա՞ն դեմոկրատական հասարակություն ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ թուլացնել պետական ինստիտուտը, պրն Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, 1995 թ. համեմատ ավելի կայացած քաղաքացիական հասարակություն ունենք եւ պատրաստ ենք այդ փոփոխությանը»:

Սուրեն Զոլյանը համոզված է, որ այսօր գործող սահմանադրությունն սպառել է իրեն: «1995 թ.-ին հիմնական վեճերը ծագում էին նախագահի գերլիազորությունների, դատական իշխանության անկախության եւ տեղական իշխանությունների վերաբերյալ: Կար համաձայնություն, որ երբ հասնեն զարգացման համապատասխան մակարդակի, պետք է անդրադառնան վերոհիշյալ խնդիրներին: Փոփոխությունների փաթեթը մերժելը կնշանակի, որ դեռ չենք հասել այդ մակարդակին»:

Խորհրդի նիստի ավարտին ընթերցվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմին եւ ուսանողությանն ուղղված դիմումի նախագիծն, ըստ որի ռեկտորների խորհուրդը դիմում է դասախոսներին եւ ուսանողներին «լայնորեն քննարկման առարկա դարձնել սահմանադրական փոփոխությունները եւ ակտիվ քաղաքացիական դիրք բռնելովՙ կողմնորոշել հասարակությանը ճիշտ ընտրություն կատարելու»: Դիմումում նշված է նաեւ, որ քննարկելով առաջարկվող փոփոխությունները, խորհուրդը հաստատում է, որ հանրաքվեի դրված փոփոխությունների փաթեթն առաջընթաց քայլ է գործող սահմանադրության նկատմամբ, եւ դա պետք է լուսաբանվի, որպեսզի բարձրացվի հասարակության ներքին համոզմունքը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4