«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Սինգապուրի առաջին քրիստոնեական աղոթատեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու հոգաբարձությունն ու ասիական երկրներում ապրող հայկական համայնքներն, ըստ խմբագրությանն ուղարկված մամուլի հաղորդագրության, նոյեմբերի 11-13-ը կազմակերպում են ուխտագնացություն դեպի Սինգապուր: Արդեն իսկ 100 հոգի գրանցվել են, ստեղծվել է հատուկ կայքէջՙ տոնակատարության եւ եկեղեցու պատմության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններով:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ չնայած հայկական համայնքը փոքր է եղել Սինգապուրում եւ Մալայզիայում (մոտ 830 հոգի) նրա ազդեցությունը երկրների սոցիալ-տնտեսական կյանքի վրա բավական մեծ է եղել: Գրող Նադյա Ռայթն իր «Հարգված քաղաքացիներ: Սինգապուրում եւ Մալայզիայում ապրող հայերի պատմությունը» գրքում նշում է սինգապուրյան չորս սրբությունների մասին, որոնց գոյությունը նա վերագրում է հայերին. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Ռաֆլզ» հյուրանոցը, «Սթրեյթ թայմս» թերթը եւ «Վանդա միսս Ջոլկիմ» խոլորձը, որն ընդունված է համարել Սինգապուրի ազգային ծաղիկը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը վայելող ուխտագնացությունը նախագահելու է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայաստանյայց թեմի հոգեւոր առաջնորդ Աղան արք. Բալիոզյանը: Ուխտագնացությանն արձանագրվելու վերջին ժամկետն է նոյեմբերի 4-ըՙ հետեւյալ հասցեով. «170years@armeniansinasia.org»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4