Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրն ավելի խճճեց արծաթե եւ բրոնզե մեդալներին հավակնող թիմերի մրցաշարային իրավիճակը: Անչափ բարձր էր հաղթանակի գինը հատկապես «Միկա»-«Բանանց» մրցախաղում: «Բանանցի» հաղթանակի դեպքում թիմը լուրջ հայտ կներկայացներ արծաթե մրցանակակիր դառնալու համար: Իսկ ահա «Միկայի» հաջողությունն արդեն երկրի գավաթակրի հնարավորություններն էր մեծացնում արծաթե մեդալների համար պայքարում:
Հանդիպումն աչքի ընկավ պայքարի արտակարգ լարվածությամբ: Երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի հասնելու վճռականությամբ եւ բավական մեծ ուժերով էին գրոհում: Հաշվետու խաղում «Միկան» իրեն գերազանց դրսեւորեց եւ արժանի հաղթանակ տոնեց: Իսկ ահա «Բանանցը», որ վերջին հանդիպումներում արդյունավետ խաղ էր ցուցադրում, այս անգամ չկարողացավ իրեն բնորոշ ագրեսիվ խաղը ցուցադրել: Դրանում, իհարկե, «մեղքի» իրենց բաժինն ունեին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք պաշտպանությունում էլ հստակ էին գործում եւ թույլ չտվեցին «Բանանցին» սպառնալից պահեր ստեղծել:
Խաղասկիզբը բավական հաջող էր «Միկայի» համար: Արդեն 5-րդ րոպեին «Միկան» բացեց հաշիվը: Արտաշես Անտոնյանը գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ անվստահ խաղաց «Բանանցի» դարպասապահ Թեմուր Գանիեւը: Նա գնդակին ընդառաջ դուրս եկավ, սակայն «Միկայի» հարձակվող Արտյոմ Ադամյանը մի ակնթարթ գերազանցեց դարպասապահին եւ գլխի հարվածով գրավեց անպաշտպան թողնված դարպասը: Եվս 5 րոպե պահանջվեց 2-րդ գոլը խփելու համար: Այս անգամ էլ աչքի ընկավ Ադամյանը: Խաղային այդ դրվագում իրեն հիանալի դրսեւորեց Արմեն Շահգելդյանը, որը ճշգրիտ հեռահար փոխանցումով հարվածի դուրս բերեց Ադամյանին (2-0): Ճիշտ է, եւս 5 րոպե անց անհաջող խաղաց «Միկայի» կիսապաշտպան Արտաշես Ադամյանըՙ գնդակն անզգուշորեն ուղարկելով սեփական դարպասը, սակայն դա չազդեց մրցակցության ելքի վրա:
«Միկան» տիրում էր առավելությանը եւ մինչեւ ընդմիջում կրկին 2 գնդակի տարբերությամբ առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ գրոհին միացած Արմեն Պետիկյանըՙ գլխի հարվածով խփելով 3-րդ գնդակը: Ընդմիջումից հետո էլ թեեւ «Միկան» հակագրոհների տակտիկա էր ընտրել, սակայն եւս մեկ գոլ խփեց, որն իր օգտին գրանցեց մշտապես պայքարի բովում գտնվող Արմեն Շահգելդյանը: Այսպիսով, «Միկան» 4-1 հաշվով արժանի հաղթանակ տոնեց: Նկատենք, որ ընթացիկ առաջնությունում «Բանանցին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Միկային»: Անցկացված չորս խաղերից մեկում գրանցվել է ոչ-ոքի, 3-ում հաղթել է «Միկան»:
Ստացվեց այնպես, որ թեեւ «Փյունիկը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, սակայն «Բանանցի» անհաջողությունը նպաստեց «Փյունիկի» չեմպիոնությանը: Այո, «Փյունիկը» 5-րդ տարին անընդմեջ (ընդամենը 8 անգամ) նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, թեեւ զիջեց «Էսթեղլալ-Կոտայքին»: Վերջինիս հաղթանակ պարգեւեց Նիկոլայ Աղասյանի խփած միակ գոլը: Այս հաղթանակի շնորհիվ կոտայքցիները շարունակում են հավակնել առաջնության պարգեւներին:
Եթե մրցանակակիրները հայտնի կդառնան միայն ավարտական տուրում, ապա առաջնության լավագույն ռմբարկուն արդեն որոշվել է: «Դինամո-Զենիթի» դարպասը խփելով 2 գոլ, Նշան Էրզրումյանն իր գոլերի թիվը հասցրեց 17-ի եւ գործնականում անհասանելի դարձավ հետապնդողների համար: Իսկ «Կիլիկիան» խաղը շահեց 3-1 հաշվով: Մյուս 2 գոլերը խփեցին կիլիկիացի Սարգիս Մովսիսյանն ու դինամոյական Վարդան Պետրոսյանը:
Այսպիսով, ավարտական տուրից առաջ մրցաշարային աղյուսակում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Մեդալների համար պայքարում վճռորոշ կլինեն «Էսթեղլալ-Կոտայք»-«Միկա» եւ «Դինամո-Զենիթ»-«Բանանց» հանդիպումները: «Բանանցի» հաղթանակի դեպքում անկախ «Էսթեղլալ-Կոտայք»-«Միկա» մրցախաղի արդյունքից, թիմը կգրավի 3-րդ տեղը: Ոչ-ոքին նույնպես «Բանանցին» բրոնզե մրցանակակիր կդարձնի, եթե, իհարկե, «Միկան» հաղթի կոտայքցիներին: Միայն պարտությունը «Բանանցին» կզրկի մրցանակային տեղից:
«Միկային» արծաթե մեդալները նվաճելու համար կոտայքցիների հետ խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, քանի որ «Բանանցի» հետ հավասար միավորների դեպքում ի հաշիվ անձնական հանդիպումներում հասած առավելության, միկացիները կգերազանցեն մրցակցին: Իսկ կոտայքցիներին միայն հաղթանակն արծաթե մեդալներ կպարգեւեն: Ոչ-ոքիի դեպքում «Էսթեղլալ-Կոտայքը» կարող է դառնալ բրոնզե մրցանակակիր, եթե «Բանանցը» չկարողանա հաղթել «Դինամո-Զենիթին»: Ինչպես տեսնում եք, ավարտական տուրում էլ հաղթանակի արժեքը շատ բարձր է:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 19 | 10 | 6 | 3 | 31-14 | 36 |
2. Միկա | 19 | 8 | 8 | 3 | 28-16 | 32 |
3. Է.-Կոտայք | 19 | 8 | 7 | 4 | 22-17 | 31 |
4. Բանանց | 19 | 8 | 6 | 5 | 27-26 | 30 |
5. Կիլիկիա | 19 | 4 | 5 | 10 | 19-28 | 17 |
6. Դ.-Զենիթ | 19 | 2 | 2 | 15 | 11-37 | 8 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Կիլիկիա» | 17 |
Արտյոմ Ադամյան | «Միկա» | 13 |
Սամվել Պետրոսյան | «Է.-Կոտայք» | 11 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 11 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ