Օլիգարխներից շատերը շարունակում են փոքր գումարներ վճարել պետական բյուջե
Նախօրեին արդեն անդրադարձել ենք առաջին 300 խոշոր հարկատուների ցանկի առավել խոշոր (1 մլրդ դրամ եւ ավելի) 12 հարկատուներին: Սակայն, ինչպես նշել էինք, վերոնշյալ ցանկը հանգամանալից վերլուծության անհրաժեշտություն ունի:
Ինչպես նախկինում, այնպես էլ 9 ամսվա արդյունքներով խոշոր հարկատուների ցանկից ստացած առաջին տպավորությունն այն է, որ հարկային մուտքերը համալրելու մեծ ռեզերվներ կան, քանի որ ամբողջ ոլորտների կամ ձեռնարկությունների խմբին տիրապետող օլիգարխները շարունակում են իրենց իրական գործունեության ծավալների համեմատ փոքր վճարումներ կատարել: Անդրադառնանք կոնկրետ դեպքերին:
«Ֆլիտդուդ» ընկերությունը (սեփականատեր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան), որը Հայաստանի խոշորագույն ներկրողներից է, չնայած 300 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 28-րդ տեղը 508 մլն դրամ վճարված հարկերով, բայց այդ գումարի մեծ մասը կազմում է ակցիզային հարկըՙ 475 հազար դրամ, որը, ամենայն հավանականությամբ նրա արտադրած օղիներից գանձվող գումարն է: Սակայն այս ընկերությունը ոչ միայն խոշոր ներկրող է, այլեւ ներքին շուկայում (այդ թվում Մալաթիա առեւտրի կենտրոնի մոտակայքում գտնվող երկու խոշոր սուպերմարկետներում) խոշորածավալ առեւտրային գործունեություն իրականացնող: Սակայն, այս ամենով հանդերձ, ընկերությունը 9 ամսում վճարել է ընդամենը 16 մլն դրամ ավելացված արժեքի հարկ, իսկ շահութահարկ ընդհանրապես չի վճարել:
Հաջորդը «Մուլտի-Լեոն», «Մուլտի-գազ» եւ «Կոտայք գարեջրի գործարան» նույն սեփականատիրոջը պատկանող (Գագիկ Ծառուկյան) ընկերությունների ցուցանիշներն են: Վերոնշյալ ընկերությունների շահութահարկի վճարման շարքում նույնպես ոչինչ նշված չէ: Իսկ մեկ այլ խոշոր գործարարին (Միխայիլ Բաղդասարով) պատկանող «Միկա-ցեմենտ» ընկերությունը 9 ամսում վճարել է ընդամենը 2 մլն դրամ շահութահարկ, ինչից կարելի է ենթադրել, որ անցած 9 ամսում նրա ամբողջ շահույթը կազմել է ընդամենը 10 մլն դրամ, իսկ ամսական շահույթը ընդամենը 1 մլն դրամից փոքր-ինչ ավելի: Մեղմ ասած, դժվար է հավատալ, որ ցեմենտի վերջին ամիսներին անընդհատ բարձրացող գների պարագայում այն արտադրող եւ անգամ արտահանող ձեռնարկությունը ամսական ընդամենը 2-3 հազար դոլարի շահույթ է ստանում:
Ոչնչով չարդարացված արտոնյալ հարկման դաշտում գտնվող տոնավաճառներից, որտեղ կատարվում է ներքին մանրածախ ապրանքաշրջանառության 35-40 տոկոսը, 300 խոշոր հարկատուների ցանկում գտնվում են ընդամենը երկու տոնավաճառ: Սակայն պարզվում է, որ տոնավաճառներից խոշորագույնըՙ Մալաթիայի տոնավաճառը («Ռաֆայել-Տաթեւ» ընկերություն) 9 ամսում որպես շահութահարկ վճարել է... 700 հազար դրամ շահութահարկ եւ 600 հազար դրամ ավելացված արժեքի հարկ, այն դեպքում, երբ այդ տոնավաճառի անգամ մեկ օրվա շրջանառության ծավալները վերոնշյալ թվերից շատ ավելի մեծ գումարներ են կազմում: Իսկ «Փեթակ» տոնավաճառը ընդհանրապես առանց շահույթի է աշխատում: Սրան եւ վերոնշյալ մյուս արտառոց ցուցանիշներին թերեւս միայն հարկային ծառայության կամ երկրի ու կառավարության ղեկավարները կարող են հավատալ: Սակայն զարմանք առաջացնող թվերը միայն այսքանը չեն:
Առանց շահութահարկ վճարելու է աշխատել «Մի կաթիլ մեղր» կազինոն: «Ջերմուկ գրուպը» 9 ամսում վճարել է միայն 10 մլն դրամ շահութահարկ, իսկ «Գլենդել հիլզ» շինարարական ընկերության, որ կառուցապատում է իրականացնում մայրաքաղաքի իրացման գոտիներում, վճարած շահութահարկն ուղղակի ծիծաղելի գումար էՙ 6 հազար դրամ 9 ամսում: Ընդհանրապես շինարարական կազմակերպությունները, չնայած շինարարության խիստ բարձր շահութաբերությանը, կամ ընդհանրապես ներկայացված չեն, կամ շատ համեստ են ներկայացված 300 խոշոր հարկատուների ցանկում:
Ինչ վերաբերում է ցանկի արտառոց ցուցանիշներին ընդհանրապես, ապա դրանք մեր թվարկածներով չեն սահմանափակվում: Կցանկանա՞ն տեսնել մեր թվարկած եւ չթվարկած տարօրինակությունները երկրի նախագահը, վարչապետը կամ հարկային ծառայության ղեկավարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ