«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2005-10-28 | #196, 2005-10-29 | #197, 2005-11-01


ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆԸ 2020 Թ.-ԻՆ

«Երեւաննախագիծ ինստիտուտի» տնօրենը փորձում է հավաստիացնել, որ ավելի կանաչապատ կլինի

Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը մինչեւ 2020 թ.-ը ընկած ժամանակահատվածի համար երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Երեւաննախագիծ ինստիտուտի» տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Մինչ այդ նա հայտնեց, որ գլխավոր հատակագիծը կքննարկվի նաեւ նոյեմբերի 12-ին Թեքեյան կենտրոնում, իսկ հիմա գտնվում է փորձաքննության փուլում:

«Երեւաննախագծի» տնօրենի հավաստմամբ, աշխատել են, որ գլխավոր հատակագիծն իրատեսական լինի: Նրա դրույթների իրականացումը ֆինանսավորվելու է երկու աղբյուրիցՙ պետական բյուջե եւ ներդրումային ծրագրեր: Փաստաթուղթն ունենալու է բնապահպանական ուղղվածություն: Այսինքն, նախատեսված է զգալիորեն ավելացնել կանաչ տարածքները Երեւանում:

Նկատի ունենալով, որ մինչ օրս հակառակն է տեղի ունենում, դժվար է հավատալ Գուրգեն Մուշեղյանի ասածին, այդուհանդերձ, այդ մասին հայտնեց ինստիտուտի տնօրենը: Կանաչ տարածքները լինելու են երեք տեսակիՙ ընդհանուր, հատուկ նշանակության եւ սահմանափակ օգտագործման: Ներկայումս մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 4951 հա, ինչը նշանակում է, որ 1 բնակչին ընկնում է 44,8 քմ: 2020 թ.-ին նախատեսվում է կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը հասցնել 9397 հա-ի, 1 բնակչին հասանելիք կանաչ տարածքն այդ դեպքում կկազմի 78,3 քմ: Այդ նպատակով նախագծվում է եւ այս տարի կավարտվի Երեւանի ոռոգման ցանցի կառուցման նախագիծը:

Նախատեսված է, որ 2020 թ.-ին Երեւանի բնակչությունը պետք է լինի 1,2 մլն մարդ: Ամենախոշոր նախագծերը կապված են ճանապարհային ցանցի վերակառուցման հետ: Նախատեսված է կառուցել երկու շրջանցիկ ճանապարհներ, որոնք կբեռնաթափեն քաղաքի կենտրոնի երթեւեկությունը: Դրա համար պահանջվող գումարը կկազմի մոտ 10 մլն դոլար: «Մեծ քանակությամբ» թաղամասեր են վերակառուցվելու, հաշվի առնելով մայրաքաղաքի սեյսմիկ իրավիճակն ու ինժեներական ենթակառուցվածքները:

«Ինչի՞ հաշվին են ավելանալու կանաչ տարածքները» հարցին Գուրգեն Մուշեղյանը պատասխանեց, որ քաղաքն ամբողջությամբ կառուցապատված չէ, եւ 1956 թ. նրան հատկացված վարչական տարածքում կան ազատ տարածքներ, որոնք կկանաչապատվեն: Նրա հավաստմամբ, Երեւանի կենտրոնում գտնվող կանաչ տարածքներում ոչ մի քմ հող սեփականաշնորհված չէ: Դրանք տրամադրված են վարձակալության եւ ժամանակի ընթացքում կազատվեն սրճարաններից, ու այդ խնդիրը նույնպես կլուծվի: Նման համոզմունք հայտնեց «Երեւաննախագիծ ինստիտուտի» տնօրենը: Այդ կապակցությամբ, ի դեպ, կցանկանայինք նշել, որ ցանկության դեպքում այդ խնդիրը կարելի է լուծել նաեւ հիմա, քանի որ կանաչ տարածքներում կառուցապատում իրականացնողները խախտել են քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով սահմանված նորմերը: Այդ դեպքում, դարձյալ ըստ նույն պայմանագրի, քաղաքապետարանն իրավունք ունի լուծարելու այդ պայմանագրերը եւ անգամ տուգանելու հիշյալ կառուցապատողներին նախագծային շեղումների համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4