«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ԹՈՂ ԱՅՍ ԱՂՋԻԿՆ ԷԼ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱ

Երգում է Լուսինե Թադեւոսյանը

Օրերս կամերային երաժշտության տանը Լուսինե Թադեւոսյանի համերգն էր: Անշուշտ, կային ե՛ւ մասնագետ ունկնդիրներ, ե՛ւ հարազատներ, ե՛ւ ծափահարություններ, ե՛ւ ծաղիկներ: Համերգադահլիճը լիքն էր ոչ միայն այն պատճառով, որ ներկայացվելու էին Վերդիի, Հենդելի, Դեբյուսիի, Կատալանիի, Չայկովսկու եւ Աբրահամյանի ստեղծագործությունները, այլեւ, որ ելույթ էր ունենալու Տաթեւիկ Սազանդարյանի աշակերտուհին:

Հռչակավոր մեր երգչուհուն 1996-99 թթ. հաճախ էի տեսնում տնից աշխատանքիՙ Կոմիտասի անվան կոնսերվատորիա գնալիս: Ոտքով էր գնում այդ ճանապարհը: Ու նրան միշտ ուղեկցում էր բարալիկ ու սիրունատես մի աղջիկ: Նրանք այնքան էին կլանված լինում զրույցով, որ շատ հաճախ չէին նկատում ծանոթներին, իսկ մեր հռչակավոր երգչուհին, մեր ամենապայծառ աստղերից մեկն այս փոքրիկ, բարալիկ աղջկանից բացի ասես ոչ ոքի չէր տեսնում: Շատ-շատերը կնախանձեին այս աղջկան... Ու միայն տարիներ անց ես իմացա այս աղջկա ինքնությունըՙ Լուսինե Թադեւոսյան:

- Մենք շատ բաների մասին էինք խոսում եւ շատ էինք խոսում,- այսօր արդեն պատմում է Լուսինեն: Շատ ու շատ նրբություններ կային նրա կենսագրությունում, որոնք հրաշալի մի գրքի համար թեմաներ կարող էին դառնալ: Ի դեպ, տիկին Տաթեւիկն ինքն էլ ինչ-որ պահի ցանկացավ գիրք ստեղծել, նույնիսկ պատրաստվեցինք սկսել աշխատանքը: Բայց, ավա՜ղ, եկավ 1999 թ. նոյեմբերը...

Ու հիմա, առավել եւսՙ հետո, պիտի կորչի՞ մի լուսավոր պատմություն հնչեղ ու հրաշալի Տաթեւիկ Սազանդարյանի մասին: Չէ, այդպես չպետք է լինի, որովհետեւ կա նրա վերջին աշակերտուհինՙ Լուսինե Թադեւոսյանը, ով այսօր շարունակում է իր մանկավարժի ոչ միայն ստեղծած ավանդույթները, այլեւ նրա բարձրակիրթ կենցաղավարության կանոններն է պահպանում: «Միշտ ձի՛գ քայլիր, աղջիկս, գլուխդ բարձր պահի՛ր». Լուսինեն հիշում է իր մանկավարժի նաեւ սիրելի հարազատիՙ Տաթեւիկ Սազանդարյանի խոսքը:

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարան, ապա նաեւՙ վոկալի բաժին, հետո կոնսերվատորիա ու առայժմՙ ասպիրանտուրայի ավարտ... Ամենշաբաթօրյա ելույթներ մայր տաճարում, Հայ առաքելական եկեղեցու երգչախմբում...

Լուսինե Թադեւոսյանի համար սա սոսկ կենսագրության երեւութական կողմն է, կեղեւը: Իսկ կենսագրության խորքում հոգեկան պոռթկումների ու երազանքների, անվերջ որոնումների ու ինքնահաստատման հաջող փորձեր են, որոնք վաղը մեր բեմին կպարգեւեն վոկալ երաժշտության հայկական դպրոցի մի նոր արժեք: Այս միտքը սոսկ դիլետանտի եւ երաժշտասերի կարծիք չէ: Վերոնշյալ համերգից հետո խմբավար Սեդրակ Երկանյանը մոտեցավ Լուսինեին եւ ասաց. «Եթե սա համարվում է սկիզբ, ապա այն ֆանտաստիկ սկիզբ է: Իհարկե, աշխատելու, հղկելու բաներ կան, բայց այն, ինչ որ դու ներկայացրիր, ներդաշնակված էր ու համաչափ, ներդաշնակված էր ամեն ինչՙ ե՛ւ հոգեւոր աշխարհը, ե՛ւ երաժշտության տեխնիկան, հատկապեսՙ կատարման կուլտուրան: Հիմա քիչ են պատահում այսպիսի կատարումներ...»:

Իհարկե, Տաթեւիկ Սազանդարյանի դպրոցը շատ կարեւոր է յուրաքանչյուր վոկալիստի համար: Սակայն Լուսինե Թադեւոսյանի կենսագրությունը կարող է վթարվել Սազանդարյանի երկրային կյանքի ավարտից հետո: Բայց, ի բարեբախտություն Լուսինեի, հետո եղան Ջուլիետա Նաջարյանը եւ Աննա Սարաջեւան:

... Բեմում կանգնած է բարալիկ ու ճկուն մի աղջիկ, ով ուրիշ ստեղծագործությունների հետ կատարում է նաեւ Վերդիի «Ավե Մարիան» ու Դեբյուսիի «Հրաշալի երեկոն»: Չքնաղ կատարումներ են: Դրա վկայությունն են վերջին համերգի ժամանակ ստացած ծաղիկներն ու մասնագետների բարձր գնահատականը:

Իսկ երիտասարդ աղջկա համար ամեն ինչ դեռ առջեւում է: Առջեւում նաեւ Աիդան էՙ խորհրդավոր, հնչեղ, շքեղ կնոջ կերպարը: Հավատանք, որ Լուսինե Թադեւոսյանն իր ճանապարհը կանցնի առանց խութերի, առանց որոգայթների մեջ ընկնելու:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4