«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՎԻ ՄԱՐՄԻՆ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 2 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում փորձ Է արվում համախմբվել հայկական ընտրովի մարմին հիմնելու գաղափարի շուրջ:

Նախաձեռնող խմբիՙ հայ համայնքին ուղղված երեկ հրապարակված նամակում ասված է, որ Հայաստանից հետո հայության թվով երկրորդը համարվող Լոս Անջելեսում (այս պնդումը ճիշտ չէ-խմբ.) ընտրովի մարմնի նպատակն է լինելու ներկայացնել ընդհանուր համայնքի շահերը:

«Սփյուռքահայությունը, որն, ըստ էության, հայության ամենահզոր ներուժն է, անտեսվում է: Ոմանք համայնքներն անվանում են «գաղութ» ստորացուցիչ բառով, վերջերս էլ, թերթերից մեկի բնորոշմամբՙ գետտո: Եկել է գաղութի եւ գետտոյի ճիրաններից մեր ձայնը լսելի դարձնելու ժամանակը», ասված է նամակում:

Հեղինակները գտնում են, որ սփյուռքահայ համայնքում ապրող յուրաքանչյուր հայՙ անկախ իր կուսակցական, կրոնական եւ սոցիալական պատկանելությունից, կարող է ժողովրդի քվեն ստանալով` ընտրվել եւ առաջարկվող կառույցի մաս կազմել:

Նամակը Լոս Անջելեսի հայությանը կոչ է անում համախմբվել այս գաղափարի շուրջ. «Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի դռները բաց են գործի հաջողությամբ շահագրգռված ցանկացած հայորդու առջեւ», նշված է ուղերձում:

Տեղի հայերի մի մասը ոգեւորված է այս գաղափարով, ոմանք էլ կարծում են, որ սա կարող է պարզապես մեկով ավելացնել հայկական կազմակերպությունների թիվը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4