«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ՄԵԼԳՈՆՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԿԱԽ

Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակից հաջորդ զրուցակիցս Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի նորընտիր ներկայացուցիչ Վահագն Ադամյանն էր, որի հետ զրուցեցի Մելգոնյան կրթական հաստատության խնդիրների շուրջը:

«Կիպրոսի կառավարությունը դեմ է, որ Մելգոնյան կրթական հաստատությունը փակվի, քանի որ միակն է համարվում, որն ունի գիշերօթիկ եւ ցերեկային բաժիններ եւ զուտ հայկական դաստիարակություն է տալիս», նշեց պրն Ադամյանը եւ ավելացրեց, որ «Կիպրոսի կառավարությունը ցանկանում է պահպանել իր երկրում գործող փոքրամասնությունների լեզվի, մշակույթի օջախները: Այժմ մենք շատ դժվար իրավիճակում ենք, եւ մեզ են միացել նաեւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մելգոնյանցիները, եւ չենք ուզում, որ Մելգոնյանը փակվի, ելքեր ենք փնտրում ու ձեւեր մշակում, որպեսզի կարողանանք շարունակել անցյալի ավանդույթները»: Իսկ հաջորդ հարցին, թե եղե՞լ են արդյոք հանդիպումներ կրթական հաստատության ղեկավարների հետ, նա պատասխանեց. «Երբ 1,5 տարի առաջ Մելգոնյանի փակման լուրն իմացանք, դիմեցինք կառավարությանըՙ օգնության: Կառավարությունը մի քանի հանդիպումներ է ունեցել Մելգոնյանի Ամերիկայի կենտրոնական վարչության հետ, սակայն մինչեւ հիմա անորոշ վիճակում ենք եւ չգիտենքՙ փակվելո՞ւ է, թե՞ ոչ: Այսօր արդեն փակ է ու չի գործում Մելգոնյանի ուսումնական մասը, գործում է միայն գիշերօթիկ վարժարանը որպես հյուրանոց: Նշեմ նաեւ, որ Կիպրոսի խորհրդարանն էլ կողմնակից է, որ Մելգոնյանը բաց լինի եւ պատրաստ է բոլոր վարձերն ու ծախսերը հոգալու, սակայն ՀԲԸՄիության ղեկավարության մտադրությունն է, որ գործի հայկական վարժարանը միայն ցերեկային ուսուցմամբ, առանց գիշերօթիկի: Միանշանակ է Մելգոնյանի սաների միության որոշումը, եւ գտնում ենք, որ Մելգոնյանը գոյատեւելու համար պետք է գիշերօթիկ վարժարանը լինի, քանի որ Կիպրոսի հայ գաղութը չի կարող 50-60 աշակերտներով դպրոց պահել»:

Վահագն Ադամյանը 14 տարի լինելով «Նարեկ» նախակրթարանների հոգաբարձուների ատենապետը, Կիպրոսի կառավարությանը եւ խորհրդարանին օգնության խնդրանքով SOS է բարձրացրել, որպեսզի չփակվի Մելգոնյանը, եւ խնդրել, որ հայկական վարժարան-գիմնազիա բացվի Կիպրոսում: «Մեր հիմնական նպատակն է այս գիմնազիայում հավաքել մեր աշակերտներին, որպեսզի չթողնեն ու գնան օտար վարժարաններ ու ձուլվեն: Եթե հաջողվի Մելգոնյանը հետ ստանալ, արդեն բավականին աշակերտներ կունենանք»:

«Իսկ այդ հարցին ինչպե՞ս է արձագանքում համայնքը» իմ հարցին եղավ պատասխան. «Այսօր մոտ 3000 հոգանոց համայնքը միացած է այս վերջին երկու ամիսներին ու ցանկանում է Մելգոնյանը բացված ու գործող տեսնել: Եթե անցյալում ոմանք տարակուսում էին, այժմ հստակ միացել են մեր շարժմանը եւ մեզ հետ պայքարում են: Մելգոնյանն, ինչպես կտակում է նշված, պետք է մնա Կիպրոսում, իսկ եթե ցանկանում ենՙ կարող են վարժարանին կից հողերը վաճառել եւ այդ գումարներն այլ նպատակներով ծախսել: Այսպես է մտածում նաեւ Մելգոնյան սաների միությունը:

«Կիպրոսի ու Հայաստանի խորհրդարանների կապերը շատ ամուր հիմքերի վրա են, մշակվել են մի շարք բնագավառների համագործակցության ծրագրեր, որ կյանքի պիտի կոչենք: Մենք իբրեւ Կիպրոսի խորհրդարանի պատգամավորներ պատրաստ ենք Հայաստանին աջակցել, որ ընդունվի Եվրոպայի կազմի մեջ: Հայաստանը եւ Կիպրոսը նույն ձգտումն ունեն, որ թուրքական բանակը Կիպրոսից դուրս գա, եւ Թուրքիան ընդունի, որ Կիպրոսն արդեն իսկ Եվրոպայի անդամ է: Չես կարող մի տուն մտնել անկոչ հյուրի պես եւ տանտիրոջը չճանաչես ու չընդունես: Իսկ սահմանների բացումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիան պետք է անպայման ընդունի, եթե ոչՙ չի կարող Եվրոպա մտնել», նշեց պրն Ադամյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4