Հոկտեմբերի 19-23-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված գրքի եւ մուլտիմեդիա արտադրության համաշխարհային ամենախոշոր ամենամյա տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր 2 տաղավարով, որոնցից մեկում հայ հրատարակիչները ներկայացրել էին տպագիր նյութեր, իսկ երկրորդում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների լավագույն աշխատանքներ էին: 1998 թ.-ից Հայաստանն ամեն տարի մասնակցել է այս տոնավաճառին, սակայն միշտ 1 տաղավարով եւ առանց կառավարության աջակցության: Այս տարի առաջին անգամ Ֆրանկֆուրտ մեկնած պատվիրակության կազմում էր սոցիալական ծրագրերի վարչության պետ Արամ Կարապետյանը:
Հայաստանյան մուլտիմեդիա արտադրությունը տոնավաճառում ներկայացրել էր «Բազմավեբ» ստուդիան 2 աշխատանքով: Դրանցից մեկը, որ Արամ Խաչատրյանի կյանքի եւ ստեղծագործության մասին է, արժանացել է տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի գլխավոր մրցանակին: Իսկ երկրորդ սկավառակը, որ պատմում է Հայոց մեծ եղեռնի մասին, նույն գագաթաժողովի հատուկ մրցանակակիր է:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ հիմնադրամի ղեկավար Գարեգին Չուգասզյանը նշեց, որ 2 սկավառակներն էլ մեծ հետաքրքրություն առաջացրին այցելուների շրջանում: «Այս ցուցահանդեսն ամեն անգամ շուրջ 300 հազար այցելու է ունենում: Այս տարի 101 երկիր ներկայացրել էր իր 7200 հրատարակչությունների աշխատանքները: Սա մշակույթի, բիզնեսի եւ քաղաքակրթության խաչմերուկ է, ուր ամեն անգամ շուրջ 1 մլրդ դոլարի գործարք է կնքվում», ասաց պրն Չուգասզյանը: Նա նշեց, որ, ճիշտ է, կազմակերպիչներն ավելի մեծ ծախսեր էին կատարել, քան ստացան արտադրանքի վաճառքից, այնուամենայնիվ, մասնակցությունը շատ կարեւոր էր:
Ցուցահանդեսի օրերին թուրք գրող Օրհան Փամուքի մրցանակ ստանալը բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Պրն Չուգասզյանը նշեց, որ Փամուքն անձամբ այցելել է հայկական տաղավար, հատկապես ուշադրություն դարձրել եղեռնին նվիրված լազերային սկավառակին: Այս սկավառակն ուշադրության է արժանացել նաեւ գերմանախոս այցելուների շրջանում, ինչը պայմանավորված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս տարի Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցող բուռն քննարկումներով: Գերմանացի գործընկերները հայկական պատվիրակությանն առաջարկել են սկավառակը թարգմանել գերմաներեն եւ խոստացել, որ այն շուկա կգտնի Գերմանիայում:
Այս երկու սկավառակները նոյեմբերի 16-ին կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների թունիսյան գագաթաժողովին, որտեղ տեղի կունենա մրցանակների հանձնման արարողությունը:
Հայաստանի հրատարակչությունների ազգային ասոցիացիայի տնօրեն Վահան Խաչատրյանն ասաց, որ ճիշտ է, այս տարի հայ հրատարակիչները մասնակցել են Մոսկվայի, Սալոնիկի, Բուենոս Այրեսի, Նյու Յորքի եւ Ստամբուլի գրքի միջազգային տոնավաճառներին, սակայն, բնականաբար, Ֆրանկֆուրտի տոնավաճառն ամենից կարեւորն էր: Նա նշեց, որ Հայաստանի գրահրատարակչության վերակենդանացման ժամանակաշրջան է սկսվում, ինչը առաջին հերթին հրատարակիչներն են նկատում: «Մեր գրքերի պոլիգրաֆիական որակը շատ դեպքերում չի զիջում միջազգային չափանիշներին, մեր հրատարակչությունները 40-45 տոկոսով զինվում են նորագույն տեխնոլոգիաներով, ինչը նկատելի արդյունք է տալիս: Այսօր սկսում է մեծանալ հրատարակվող գրքերի տպաքանակը, մարդիկ պատրաստ են իրենց գրպանից գումարներ ներդնել միջազգային տոնավաճառներին մասնակցելու համար, քանի որ գիտեն, որ շահույթով են վերադառնալու», ասաց պրն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ «Զանգակ», «Անտարես», «Փրինտինֆո» ընկերություններն այդ 4 օրերին բազմաթիվ պայմանագրեր են կնքել արտասահմանյան գործընկերների հետ եւ համագործակցության նոր ուղիներ գտել:
Պարզվում էՙ ոչ միշտ է երկրի տնտեսական վիճակը պայմանավորում այսօրինակ միջոցառումներում հաջողություններ: Մեր հարեւան Ադրբեջանը Ֆրանկֆուրտում ոչ մի աշխատանք չէր ներկայացրել, իսկ Վրաստանը պատրաստել էր միայն 1 տաղավար, այն էլՙ հայկական 2 տաղավարներից անհամեմատ փոքր:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ