«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՎԵԼԻ ԳՐԱԳԵՏ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Տավուշի մարզի Գոշ գյուղ այցելության առիթը «Համայնքների բնապահպանական խմբեր» ծրագրի շրջանակներում «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության միջոցառումն էր: Ծրագրի պահանջով Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ընտրվել են 10 համայնքներ, որոնցից յուրաքանչյուրում հիմնվում են բնապահպանական ակտիվ խմբեր: Նպատակն է տեղացիներին ավելի իրազեկ դարձնել համայնքի բնապահպանական խնդիրներին, ավելինՙ նրանց օգնությամբ բացահայտել տարածքի առավել առաջնային եւ անհետաձգելի պրոբլեմները:

Գոշ համայնք այցելության օրը վանքի թիկունքին ծառահատումներից լերկացած ու ամլացած սարալանջին գյուղի դպրոցականները ծառատունկ արեցին: Դարավանդներ ու բնաբաժակներ փորեցին, տնկիներ տնկեցին: Դպրոցականներից կազմված բնապահպանական ջոկատը վերահսկում է նաեւ գյուղ այցելած զբոսաշրջիկներին: Վերջիններս հաճախ անտառային կերուխումից հետո պլաստիկե շշերը թողնում են խնջույքի տեղում:

Ընդհանրապես պլաստիկե շշերի եւ ցելոֆանե տոպրակների դեմ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ համայնքում ակտիվ պայքար է սկսվել: Գյուղացիներն աստիճանաբար հրաժարվում են խանութպանի առաջարկած պոլիէթիլենային տոպրակներիցՙ փոխարենն իրենց հետ խանութ տանելով կտորից տոպրակներ: Նրանք արդեն գիտեն, որ մթերքը չի կարելի պահել «քաղցկեղածին» այդ տարողություններում, եւ բնությունն էլ չի կարողանում «մարսել» ու ոչնչացնել դրանք:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի հավաստմամբ, իրենց ուսումնասիրություններն ապացուցում են, որ ընդհանրապես համայնքների թիվ 1 բնապահպանական խնդիրը կենցաղային աղբն է, մասնավորապես գոմաղբը: Անտառազուրկ համայնքներում գոմաղբը սովորաբար օգտագործվում է իբրեւ վառելիք: Անտառի չորուկներն ու չորափայտն օգտագործող գոշեցիները գոմաղբից ազատվում ենՙ լցնելով գյուղի միջով հոսող գետը: Գետը միանում է Գետիկին, հետո խառնվում Աղստեւինՙ ճանապարհին աղտոտելով երկուսին էլ: ՀԿ-ն մտադիր է գոմաղբի օգտագործման միջոցով գյուղում բիոգազի ստացման փոքր սարքավորում փորձարկել: Դա հեշտ ու պարզ մեխանիզմով է իրականացվելու եւ մատչելի կլինի գյուղացիներին:

Նազելի Վարդանյանը պատմում է, որ իրենց կազմակերպությանը ջրային մակերեսների աղտոտման լուրջ խնդիր է ներկայացրել նաեւ Գեղարքունիքի մարզի Ծաղկաձոր համայնքը: Քաղաքային կոյուղին լցվում է քաղաքի միջով հոսող գետը, ուր երեխաներն ու մեծերը ամռանը լողանում ու հանգստանում են: Գետը հետո հասնում է Հրազդանին: Ծաղկաձորցիներն առաջարկում են կամ փոսեր փորել ինչպես որոշ գյուղերում, կամ հիմնարար լուծում տալ խնդրին: Միջազգային ու հասարակական կազմակերպություններին: Ծաղկաձորի քաղաքապետին տեղացիները բազմիցս դիմել են նաեւ իրենց մտահոգության առարկա մյուս խնդրովՙ շրջակա անտառների ապօրինի հողազավթումների վերաբերյալ: Այդ տարածքներում բնությունն առնվել է չինական պարիսպների մեջ, ուր հայացք ձգել կամ նկարահանումներ անելը մեղք է:

Նազելի Վարդանյանն ասում է, որ իրենք առայժմ ի վիճակի են աջակցել միայն կոյուղու խնդրի լուծմանը: Մտադիր են այն ներկայացնել Համաշխարհային բանկին, «Հազարամյակի մարտահրավերներին», այլ միջազգային կազմակերպությունների, ջրամատակարարման ու ջրի աղտոտման հետ կապված ծրագրերին եւ գումարներ հայթայթել:

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4