«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ

«Արմպրոդէքսպո-2005» միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի գյուղատնտեսության, արտաքին գործերի նախարարությունների, առեւտրաարդյունաբերական պալատի, Երեւանի քաղաքապետարանի եւ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ երեկ բացվեց «Արմպրոդէքսպո-2005» միջազգային ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը: 5-րդ տարին անցկացվող միջազգային ցուցահանդեսին մասնակցում էին տեղական եւ արտասահմանյան շուրջ 64 ձեռնարկություններ: Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Արմեն Դավթյանի խոսքերով, ցուցահանդեսը մեծ համբավ ունի դրսում, հետեւաբար ներկայացված են նաեւ արտասահմանյան ընկերությունների արտադրատեսակներ` 2 ընկերություններ Թաիլանդից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ կան մոտ 10 համատեղ` հայ-ֆրանսիական, հայ-կիպրական եւ այլ ընկերություններ: Պրն Դավթյանի խոսքերով, մոտ 9 ոլորտ ներկայացնող ցուցահանդեսին մասնակցում են նաեւ շուրջ 30 մանր եւ միջին ձեռնարկություններ:

Միջազգային ցուցահանդեսի տաղավարներում ընկերությունները ներկայացրել էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, պանիրների, չրերի, կաթնամթերքի, մսամթերք-երշիկեղենի, սիգարետների, չիպսերի, գյուղմթերքների, պահածոների, սուրճերի լայն տեսականի: Ի դեպ, տարբեր ընկերությունների ներկայացրած պանիրների մեծ տեսականին գրավեց շատերին: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ցանկում քիչ չէին հանրապետության տարբեր շրջաններից` Տավուշից, Իջեւանից, Եղեգնաձորից, Արարատից, Արտաշատից եկած ընկերությունները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ այլ պաշտոնյաներ, իսկ օտարերկրյա դիվանագետներից ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Բացման ժամանակ վարչապետը նշեց, որ ցուցահանդեսը եւս մեկ առիթ է ցույց տալու, թե ինչքան է զարգացել գյուղատնտեսական, վերամշակման արտադրությունը, ծանոթանալու միմյանց եւ պետության տնտեսության առջեւ դրված խնդիրները համատեղ լուծելու համար: Վարչապետը չզլացավ եւ շատ մանրակրկիտ ծանոթացավ գրեթե բոլոր տաղավարների ներկայացրած արտադրատեսակներին: Շրջայցից եւ համտեսից հետո Անդրանիկ Մարգարյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ անցած կամ նախանցած տարիների համեմատ նկատելի են որակական եւ ծավալային փոփոխություններ: Որոշ ընկերություններ անգամ վարչապետին ասել էին, թե շատ են արտասահմանյան պատվերները եւ չեն հասցնում բավարարել: «Իսկ ի՞նչ խնդիրներ բարձրացրին արտադրողները» լրագրողների հարցին վարչապետը պատասխանեց, որ եթե առաջ խնդիրներ կային կապված ջրօգտագործման, ապրանքների իրացման հետ, ապա այսօր այդ հարցերը լուծված են. «Այս անգամ ընկերությունները միայն վարկավորման խնդիրը բարձրացրին»:

Դեսպան Ջոն Էվանսը նույնպես շատ հավանեց հայկական արտադրատեսակները. «շատ, շատ համեղ է», հայերեն ավելացրեց դիվանագետը: Նա նշեց, որ թեեւ ամերիկյան արտադրատեսակները քիչ են ներկայացված, բայց ցուցահանդեսում կան ընկերություններ, որոնց օժանդակում է ամերիկյան կառավարությունը. «Մենք կարծեք այդ արտադրամասերի կնքահայրը լինենք»:

Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրենը հայտնեց նաեւ, որ այս օրերին, ավանդության համաձայն, կանցկացվի ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների համտես-մրցույթ: Իսկ փորձագետների արդյունքների ամփոփումը կլինի վերջին օրը, հաղթողներին կշնորհվեն մրցանակներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4