«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ԴԱՐՁՅԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարկային ծառայության արձագանքի առիթով

Մեր թերթի նախորդ համարում «Արձագանքում է հարկային ծառայությունը» հրապարակմամբ ներկայացրել էինք հարկային պետական ծառայության պարզաբանումները մեր թերթի մեկ այլ համարում հրապարակված «Խոշոր հարկատուներն այնքան էլ խոշոր չեն» հրապարակման առիթով: Ըստ հարկային ծառայության, մեր հրապարակման մեջ եղել են ոչ ճիշտ տեղեկություններ: Մասնավորապես խոսքը տոնավաճառային, խաղատնային գործունեություն իրականացնողների, գազալիցքավորման կազմակերպությունների շահութահարկ չվճարելու մասին է, որոնք գործում են այլՙ հաստատագրված վճարների հարկման դաշտում:

Բնականաբար դրական պետք է գնահատել հարկային ծառայության արձագանքը մամուլի հրապարակումներին, սակայն ցանկալի կլինի նաեւ, որ այդ արձագանքը չլինի ընտրողական:

Նախՙ լավ կլիներ, որ հարկային ծառայությունն անդրադառնար մեր հիշատակած մյուս ընկերությունների կողմից ոչ միայն շահութահարկի, այլեւ այլ հարկատեսակների գծով ցածր վճարումների կամ դրանց ընդհանրապես բացակայության հարցին: Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց սեփականատերերը բոլորիս հայտնի օլիգարխներ են, եւ նրանց ընկերությունների շրջանառության ծավալներն անհամեմատելի են վճարած հարկերի հետ: Այս մասին հարկային ծառայությունը ոչինչ չի ասել եւ սահմանափակվել է միայն մեր «գնահատականների որոշ մասերի հետ համաձայնելով»:

Այնուհետեւ, հենց նույն ընկերությունների դեպքում, որոնք վճարում են հաստատագրված վճար, որը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին, որոշ վճարումներ են նշված նաեւ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով: Մասնավորապես խոսքը Մալաթիայի տոնավաճառի կազմակերպիչ «Ռաֆայել-Տաթեւի» եւ «Փեթակի» մասին է: Ինչպե՞ս հասկանալ սա:

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում հարկային ծառայությանը հիշեցնել, որ տոնավաճառներում է կատարվում մեր մանրածախ առեւտրի մոտ 40 տոկոսը (ըստ պաշտոնական վիճակագրության), ինչը կազմում է ավելի քան 306 մլրդ դրամ (2004 թ.-ի ցուցանիշներով), սակայն հարկային մուտքերն այստեղ չեն գերազանցում տարեկան 1-1,5 մլրդ դրամը: Այսինքն, դրանք տասնապատիկ ավելի փոքր են, քան պետք է լինեին, եւ այս ոլորտը հարկման դաշտ բերելու վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրենքը հարկային ծառայությունն ակնհայտորեն կյանքի չի կոչում: Վատ չէր լինի, որ սա եւս խոստովաներ հարկային ծառայությունն իր արձագանքում եւ նշեր, թե ինչու չի կատարում օրենսդիր մարմնի ընդունած օրենքը:

Հաջորդը, որն առնչվում է վերոնշյալ ցանկին ընդհանրապես: Դրա հրապարակումն ինքնին գովելի նախաձեռնություն է, չմոռանալով իհարկե, որ դա կատարվում է Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդով: Սակայն այն որոշ շտկումների կարիք ունի: Առաջինը ընկերությունների կողմից ընդհանուրՙ հարկային եւ մաքսային մուտքերի մասին ցուցակի հրապարակումն է, որին մեր թերթում անդրադարձել ենք բազմիցս եւ որի կապակցությամբ վերոնշյալ պարզաբանման մեջ հարկային ծառայությունից տեղեկանում ենք, որ նման օրենսդրական նախագիծ այժմ քննարկվում է կառավարությունում:

Հաջորդը: Խոշոր հարկատուների ցանկում հարկ է նշել նաեւ, թե որ ոլորտներում եւ ինչ գործունեություն են իրականացնում այդպիսիք համարվող ընկերությունները: Կարծում ենք, որ հասարակության համար հետաքրքրություն է ներկայացնում, թե ինչպես է, որ խոշորածավալ ներկրումներ եւ առեւտուր իրականացնող ընկերությունն ավելի քիչ հարկ է վճարում, քան մեկ այլ, ենթադրենք, արտադրական ընկերությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4