Այս ամիս լրանում է Հայաստանում Կորեայի Հանրապետության հյուպատոսության բացման մեկ տարին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանությունը (նստավայրըՙ Մոսկվա) ծրագրել է միջոցառումների շարքՙ նշանավորելու այդ իրադարձությունը: Մասնավորապես արդեն նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի ՌԴ-ում եւ ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Կիմ Ջե Սոբի գլխավորած պատվիրակությունըՙ կազմված դեսպանատան աշխատակիցներից եւ Կորեայից ժամանած դիվանագետներից:
Նոյեմբերի 7-ին, համաձայն ծրագրված միջոցառումների, տեղի կունենա կորեական լեզվի եւ մշակույթի կաբինետի բացում Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Իսկ երեկոյան տեղի կունենա ընդունելությունՙ նվիրված Հայաստանում Կորեայի Հանրապետության հյուպատոսության բացման առաջին տարեդարձին:
Նոյեմբերի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի ցուցահանդեսՙ նվիրված կորեական մշակույթին: Ցուցահանդեսի ավարտից հետո կմեկնարկի 5-օրյա կորեական ֆիլմերի փառատոնը. ֆիլմերը կցուցադրվեն թարգմանաբար:
Նոյեմբերի 8-12-ը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են դիտել «38 զուգահեռական», «Անտանելի աղջնակը», «Վերջին նվերը», «Կապեր», «Լիբերա մե (փրկեցեք մեզ)» կորեական ֆիլմերը:
Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Կիմ Ջե Սոբի եւ պատվիրակության անդամների Հայաստան այցելության ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, տարբեր հարցերի քննարկումներ: Պատվիրակության անդամները կայցելեն մշակութային կենտրոններ, թանգարաններ, կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ