«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


ԹՈՒՐՔԵՐՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Ինչպես արդեն նշել ենք մեր թերթի հոկտեմբերի 22-ի համարում, առաջին անգամ Թուրքիայից դուրս, տվյալ դեպքում Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում անցկացվող մի գիտաժողովում Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ ելույթներով հանդես են գալու երեք թուրք պրոֆեսորներՙ Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնից Թաներ Աքչամը, Արիզոնայի համալսարանի մերձավորարեւելյան ուսումնասիրությունների բաժնից Էլիֆ Շաֆաքն ու Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի եւ կանանց խնդիրների ուսումնասիրությունների բաժնի աշխատակից Ֆաթմա Մյուգե Գյոչեքը:

«Թուրքական երեք կարծիք օսմանյան ժամանակաշրջանի հայերի մասին» ընդհանուր խորագիրը կրող ֆորումը, կազմակերպությամբ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի եւ աջակցությամբ ֆոն Գրյունբաումի անվան Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի, տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-17:30-ը: Այդ առթիվ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրում է, որ ժխտողական քաղաքականության կողմնակիցները զարմանալիորեն փորձում են այժմ իրականացնել ամերիկյան մի համալսարանում այն, ինչը չկարողացան իրականացնել Թուրքիայում:

Երբ ֆորումի մասին հայտարարություն հրատարակվեց, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի թուրք ուսանողների ասոցիացիան պրոֆ. Հովհաննիսյանին առաջարկեց գիտաժողովին հրավիրել նաեւ Թուրքիայից մի անձնավորության, որը կներկայացներ թուրքական կառավարության տեսակետը: Կազմակերպիչները եւ ելույթ ունեցողները մերժեցին ընթացք տալ առաջարկին:

Հարցը լրջացավ եւ նողկալի բնույթ ստացավ, երբ ֆորումի մասնակիցներից պրոֆեսոր Շաֆաքը հայտնեց, որ թուրքերից սպառնալից էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնցում նրան մեղադրում են դավաճանության, Թուրքիան ծախելու, ապերախտ լինելու եւ երակներում հայկական արյուն ունենալու մեջ: Ի պատասխան պրոֆ. Շաֆաքը «Թրքիշ դեյլի նյուս» թերթի հոկտեմբերի 30-ի համարում հանդես եկավ «Ատելության լեզուն» հոդվածով, որտեղ նշեց վիրավորական եւ սպառնալից նամակներ ստանալու փաստը:

Բացի դրանից, մինչ օրս անհայտ մի կայքէջ «Երիտասարդ թուրքեր» անունով (jonturk.com) սկսել է վերջերս հարձակումներ գործել բոլոր երեք պրոֆեսորների վրաՙ մեղադրելով նրանց հայկական քարոզչությանը նպաստելու եւ Թուրքիային վարկաբեկելու մեջ:

Մեկնաբանելով այս բոլորը, պրոֆ. Գյոչեքը հայտնեց, որ ինքն ու երկու գործընկերներն «առավել, քան երբեւէ վճռական են» մասնակցելու ֆորումի աշխատանքներին, որպեսզի կարողանան գործադրել «ազատ արտահայտվելու եւ մտածելու իրենց տարրական իրավունքը»:

Այս առաքինի պրոֆեսորները չեն վախենում թուրք կառավարության ժխտողական քաղաքականության դեմ դուրս գալուց: Այդ ժխտողական քաղաքականությունը վարողները հիմնականում թոշակի անցած պաշտոնյաներ են, որոնք հեռու են գիտական աշխարհից: Նրանց մասնակցությունը ֆորումին կնշանակեր կարեւորել, բարձրացնել հեղինակությունը մարդկանց, որոնք գիտական, ակադեմիական ուսումնասիրությունների կամ բանավեճերի ոչ որակավորում ունեն, ոչ էլ փորձ: Բացի այդ, ֆորումը հարց չի դնում քննարկելու Հայոց ցեղասպանության փաստը: Այդ փաստը վաղուց հաստատված է բազմաթիվ փաստաթղթերով: Քաղաքական ղեկավարներին է մնում քննարկել Հայոց ցեղասպանության տնտեսական, քաղաքական եւ տարածքային հետեւանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4