ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նոյեմբերի 3-ին կազմակերպել էին կորպորատիվ կառավարման թեմային նվիրված սեմինար:
Սեմինարի բացման խոսքում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ՎԶԵԲ-ը, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բանկային համակարգի բարեփոխումների ոլորտում, ներկայացնելու է կորպորատիվ կառավարման խնդիրները: Նա անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգին, նշելով, որ վերջինիս զարգացման առաջին փուլն ավարտված է, որի արդյունքում համակարգում մնացել են միայն առողջ բանկերը: Բանկային համակարգն ունի կայուն աճի տեմպեր, որը գերազանցում է ՀՆԱ-ի աճի տեմպերին, համակարգում ստանդարտ վարկերի տեսակարար կշիռը ցածր է, իրացվելիությունը` բարձր, կապիտալիզացիայի մակարդակը կազմում է 32 տոկոս: Բանկային համակարգն ունի նաեւ բարձր շահութաբերություն, որն ակտիվների համեմատ կազմում է 3.8 տոկոս, իսկ կապիտալի համեմատ` 16.2 տոկոս: Բանկերի հաճախորդներն ավելանում են, իսկ պլաստիկ քարտերով կատարվող գործարքները տարեկան աճել են 70 տոկոսով:
ԿԲ նախագահը նշեց նաեւ համակարգում առկա խնդիրները` ֆինանսական միջնորդության ցածր մակարդակը, վարկային եւ ֆինանսական շուկաների կենտրոնացվածությունը, որի արդյունքում ներգրավվող եւ տեղաբաշխվող ակտիվների տոկոսադրույքների տարբերությունը մեծ է: Վարկավորումն ավելանում է հիմնականում սպառողական վարկերի հաշվին, մինչդեռ արդյունաբերական վարկերի տրամադրումը նվազում է: Կան նաեւ իրացվելիության կառավարման խնդիրներ, մտահոգիչ է բանկային ծառայությունների փոքր աշխարհագրությունը` այն կենտրոնացած է հիմնականում Երեւանում, իսկ պետական պարտատոմսերը բանկերի կողմից դեռեւս դիտարկվում են միայն որպես ներդրումային գործիքներ: Այս խնդիրները պահանջում են բանկային համակարգի զարգացման նոր փուլ: ԿԲ նպատակն է ապահովել բանկային համակարգի կայուն աճ` տարեկան 40 տոկոսով, այլապես չի լուծվի ֆինանսական միջնորդության ավելացման խնդիրը, ինչը խոչընդոտելու է ՀՀ տնտեսության զարգացմանը:
«Հիմնական բարեփոխումը պետք է իրականացվի կորպորատիվ կառավարման ներդրմամբ: Մենք կարծում ենք, որ տնտեսական բարեփոխումների իրականացման մեջ բանկային համակարգը կարող է խաղալ լոկոմոտիվի դերն այն դեպքում, եթե իրականացվեն այս փոփոխությունները», ասաց Տիգրան Սարգսյանը:
ՎԶԵԲ-ի ֆինանսական կազմակերպությունների վարչության տնօրեն Կուրտ Գայգերն իր ելույթում կարեւորեց կորպորատիվ կանոնների ներդրումը: Սեմինարում ներկայացվեցին նաեւ կորպորատիվ կառավարման խնդիրներն անցումային տնտեսության օրենսդրության տեսանկյունից, Վրաստանի եւ ՌԴ բանկային համակարգերի խնդիրներն ու փորձը:
ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանն իր ելույթում անդրադարձավ կորպորատիվ կառավարման ներդրման հիմնական խնդիրներին: Ողջունելով բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը, նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ԿԲ եւ բանկերի միջեւ այդ հարցի շուրջ քննարկումներն են ընթացել: ՀԲՄ նախագահն ասաց. «Կորպորատիվ կառավարման հետ կապված Հայաստանի բանկերի միությունն իր սեփական տեսակետներն ունի. միեւնույն ժամանակ կարող ենք փաստել, որ ԿԲ-ի հետ գտել ենք ընդհանուր եզրեր: ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն հաստատվել է կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման օրենսդրական փաթեթը»:
ԿԲ մամուլի ծառայություն