«Մեզ մոտ` Շվեդիայում, աշխատաշուկայում իրականացվող քաղաքականությունը ոչ թե սոցիալական, այլ տնտեսական քաղաքականության մաս է կազմում: Աշխատաշուկայի հիմնական խնդիրը երկրի տնտեսական մակարդակն է, առանց որի հնարավոր չէ կրճատել աղքատությունն ու աշխատանքով ապահովել գործազուրկներին: Հայաստանում դեռեւս ակտիվ է հակառակ միտումը` ոչ թե աշխատատեղերի ստեղծման ակտիվ քաղաքականություն է վարվում, այլ ուղղակի մարդկանց նպաստներ են տրամադրում», ասում է Հայաստանում աշխատաշուկայի խնդիրները լուծելուն կոչված շվեդական ծրագրի համակարգող Գերդ Էլմֆելդը, որ 1999 թվականից այցելում է Հայաստան` իրականացնելու իր պետության քաղաքականությունը հանրապետությունում: Աշխատանքի ապահովման 10 ուղեցույցները, որոնց իրականացմանը Եվրոմիության բոլոր երկրներում խստորեն հետեւում է Բրյուսելը, ներառվել են նաեւ զբաղվածության մասին մեր օրենքում:
Շվեդիայում գործազրկության մակարդակն ընդամենը 3-4 տոկոս է, այս երկիրը համարվում է իսկապես սոցիալական ուղղվածության երկիր: Այստեղ նույնիսկ աշխատելու սահմանափակ հնարավորություններով անձինք զրկված չեն ապրուստ ունենալու միջոցից: Պետությունը գործատուներին հատուկ այդ մարդկանց համար աշխատավճարի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տալիս, որպեսզի նրանք չզրկվեն աշխատանքից:
Երեկ «Հայաստանի զբաղվածության ծառայություն» գործակալությունում շվեդ մասնագետները Հայաստանի մարզերի զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարներին շարունակում էին ծանոթացնել աշխատաշուկայի զարգացման սեփական փորձին:
Էլմֆելդը նշում է իր մյուս դիտարկումը եւս` հայ գործազուրկներն այնքան էլ ակտիվ չեն սեփական աշխատանքային ռեսուրսներն աշխատաշուկայում փորձարկելու եւ սեփական ջանքերով ճանապարհ հարթելու հարցում, այլ նախընտրում են մշտական սպասողական վիճակը: «Իսկ եթե հայկական աշխատաշուկայում չկա նրանց ունեցած ռեսուրսների պահանջա՞րկը»: Գերդ Էրմֆելդն իմ այս հարցադրմանն ի պատասխան դարձյալ ընդգծում է զբաղվածության ծառայությունների դերը, որոնք այս դեպքում պետք է խթանեն վերապատրաստումները գործազուրկների մասնագիտացմանը մոտ մասնագիտությունների գծով: Համենայն դեպս, այդպիսին է եվրոպական քաղաքականության գլխավոր սկզբունքն աշխատաշուկայում:
Ծրագիրը փորձնական գրասենյակներ է ստեղծել Երեւանի Նոր Նորք համայնքում, Վանաձորում ու Գյումրիում:
Գյումրու աշխատաշուկայում երկրաշարժի պատճառով նաեւ անմրցունակ հաշմանդամների մեծ բանակ է առաջացել:
Այստեղ այսօր աշխատունակ տարիքի շուրջ 7 հազար հաշմանդամ կա: Շվեդները հաշմանդամների զբաղվածության խնդրի լուծման մոդելային տարբերակ են փորձարկում քաղաքում: Կենտրոնում հաշվառված է աշխատանք փնտրող 207 հաշմանդամ: Շուտով այստեղ կհիմնվի նաեւ հաշմանդամների մասնագիտական վերականգնման կենտրոն: Այս պահին 10 հաշմանդամ վերապատրաստվում է կարող եւ գործող մասնագիտությունների գծով: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն
Ամալյա Ազարյանը հավաստիացնում է, որ հունվարին նրանք Գյումրու գուլպայի ֆաբրիկայում հիմնական աշխատանք կունենան: Շվեդների մեթոդական օգնությունը հաշմանդամների հետ աշխատելու, նրանց ակտիվացնելու եւ հոգեբանորեն լիարժեք դարձնելու, մասնագիտական վերականգնման միջոցներն են:
Շվեդական օգնության գործնական արտահայտություններից մեկը զբաղվածության հայկական գործակալության պետ Սոնա Հարությունյանը համարում է «Զբաղվածության եւ գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության մասին» օրենքի մշակումն իրենց մասնագետների կողմից, որոնք գործուղումների միջոցով ծանոթացել են շվեդական փորձին, եւ կարողացան եվրոպական չափանիշների համապատասխան օրենքի նախագիծ մշակել: Վերջերս նրանք լինելով Ստոկհոլմումՙ զարմանքով արձանագրել են, թե խոցելի խմբերի հետ շվեդների աշխատանքի սկզբունքները որքան մանրակրկիտ ու նրբորեն են մշակվել: Վատ լսող, խուլ ու համր, վատ տեսնող, տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց ակտիվ աշխատանքի վերադարձնելու համար այստեղ ստեղծվել են առանձին կենտրոններ, ուր աշխատում են առանձին ծրագրերով, առանձին տեխնիկական միջոցներով ու լաբորատորիաներով:
Իսկ ընդհանրապես, անկախ շվեդներից ու նրանց ծրագրից, ակնհայտ է, որ արդյունավետ եւ լիարժեք զբաղվածության ապահովման առաջին լծակը բոլոր դեպքերում արդյունաբերության վերականգնումն է, զարգացած ու անկախ տնտեսությունը: Իսկ քանի դեռ այն չկա, ոչ մի ծրագիր չի կարող օգնել մեզ: Հայաստանում այսօր մոտավոր հաշվարկներով 110-120 հազար հաշմանդամ կա: Աշխատաշուկան շատ քիչ բան ունի առաջարկելու մրցունակ գործազուրկներին, ուր մնաց նրանց: Այնուամենայնիվ, պաշտոնական տվյալների համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեսկզբի 9,3-ի փոխարեն գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում է 8,1 տոկոս: Գործազրկության տեսակարար կշռի մեջ մեծ է քաղաքային բնակչության բաժինը` 93,1 տոկոս: 6062 գործազուրկ նպաստ է ստանում:
Աշխատաշուկան զարգացնելու ծրագիրը շվեդները կանխավ փորձարկել են Լիտվայում: Ծրագրի օգնությամբ այստեղ բավական լուրջ տեղաշարժեր են եղել: Բայց չմոռանանք, որ Լիտվան արդեն Եվրոմիության անդամ է, եւ այս հանգամանքը մեծապես նպաստեց այստեղի աշխատուժի արտաքին անվնաս տեղաշարժին:
Շվեդական ծրագիրը 1999 թվականից մեկնարկել է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում: Վրաստանում երրորդ փուլից դադարեցվել է: Հայ-շվեդական համաձայնագրով իրականացվող ծրագիրը, անկախ նվազ արդյունքներից, Հայաստանում շարունակվում է: Չնայած ոչ փոքր ժամանակահատվածին, նաեւ ծրագրի համակարգող Գերդ Էրմֆելդի համոզմամբ, հայկական աշխատաշուկայի զարգացման հնարավորությունները սաղմնային վիճակում են: Մեր պետությունը դեռեւս լրջորեն չի գիտակցում խնդրի լուծման նշանակությունը եւ բավարար գումարներ չեն հատկացվում ոլորտին` հատկապես վերականգնողական կամ գործազուրկների վերապատրաստումների նպատակով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ