«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում «Արքա» վճարահաշվային համակարգի միջոցով երեկ ներդրվեցին երկու նոր ժամանակակից էլեկտրոնային համակարգերՙ քարտից քարտ գումարների փոխանցում եւ գանձապետական պահառու: Կենտրոնական բանկում այդ համակարգերի ներդրման առիթով տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մատնանշեց, որ «Արմենիան քարդ» ընկերության նոր ծառայությունների մատուցումը լավ ավանդույթ է դարձել:

Այս ծառայությունների ներդրումը եւս մեկ քայլ է Հայաստանիՙ տեղեկատվական հասարակություն դառնալու ճանապարհին: Քարտից քարտ գումարների փոխանցումը հնարավորություն է տալիս ինչպես «Արքա», այնպես էլ VISA եւ MasterCard պլաստիկ քարտ ունեցող մոտ 90 հազար քարտապաններին բանկային փոխանցումներ կատարել ինտերնետի միջոցով: Դա տեղի է ունենում հետեւյալ կերպ: Քարտապանն այցելում է «Արքա» համակարգի ինտերնետային էջ, մուտք գործում քարտից քարտ գումարների փոխանցման բաժին, նշում է այն քարտի համարը, որին պետք է փոխանցումներ կատարի, փոխանցվող գումարի չափը եւ կատարում փոխանցումը: Գործարքի մասին անմիջապես էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում են փոխանցողն ու ստացողը:

Գանձապետական պահառուի վիրտուալ համակարգը կսկսի գործել 2005 թ. դեկտեմբերից, որը հնարավորություն կտա ինտերնետի միջոցով ձեռք բերել պետական կարճաժամկետ պարտատոմսեր (ՊԿՊ): Բացի այդ, ինտերնետային հատուկ էջում ներդնողները կարող են ծանոթանալ պետական պարտատոմսերի ձեռքբերման պայմաններին, կնքել պայմանագրեր, բացել ռեպո հաշիվներ, տեղեկանալ պարտատոմսերի թողարկումներին, մասնակցել դրանց տեղաբաշխմանը, ստանալ եկամուտներ եւ այլն: ԿԲ նախագահը այս ծառայության ներդրումը կարեւոր համարեց նաեւ ՊԿՊ-ների շուկայի մասնակիցների շրջանակն ընդլայնելու առումով: Նա ընդգծեց, որ այս համակարգերի ներդրումը կնպաստի անկանխիկ գործարքների ծավալների ավելացմանը եւ բանկային համակարգի զարգացմանը, կարեւորեց ՄԱԿ-ի օժանդակությունն այս համակարգերի ներդրմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելլո Վիդալն իր հերթին այս համակարգերի ներդրումը համարեց Հայաստանում տեղեկատվական հասարակության ստեղծման եւս մեկ քայլ: Նա տեղեկացրեց, որ Թունիսում 10 օր հետո կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված գագաթաժողովին Հայաստանի վարչապետը ներկայացնելու է նաեւ այս համակարգերը: Վերջիններս, ըստ Կոնսուելլո Վիդալի, ապագայում կհամադրվեն տարածքային էլեկտրոնային կառվարման համակարգի հետ եւ կհեշտացնեն մարզպետարանների եւ համայնքապետարանների աշխատանքը:

Նոր ծառայությունների առավելությունների մասին խոսեցին նաեւ գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ «Արքա» ընկերության տնօրեն Շահեն Հովհաննիսյանը: Վերջինս այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանը չի կարող կողմնակի դիտորդի դերում լինել նոր տեխնոլոգիաների հարցում: Ապա նա տեղեկացրեց, որ 2006 թ.-ին կներդրվեն եւս երկու նոր էլեկտրոնային համակարգեր: Առաջինը հնարավորություն կտա կառավարելու բանկային հաշիվները, իսկ երկրորդըՙ կազմակերպելու առգրավված ապրանքների էլեկտրոնային աճուրդ:

Ներկայացնելով պլաստիկ քարտերի շուկայի վիճակը, Շահեն Հովհաննիսյանը հայտնեց, որ միայն հոկտեմբերին քարտերով կատարված գործարքները կազմել են 4 մլրդ 280 մլն դրամ: Արտասահմանում կատարված գործարքները կազմել են մոտ 900 մլն դրամ: Հանրապետությունում ներկայումս տեղադրված է 80 բանկոմատ: Ընդ որում, մարզերում նոր բանկոմատներն ավելի արագ են ավելանում, քան Երեւանում: Եվս մեկ կարեւոր ցուցանիշ: Քարտային մնացորդները բանկերում ներկայումս կազմում են 4,8 մլրդ դրամ: Դա «Արքայի» տնօրենը համարեց բանկային համակարգի նկատմամբ վստահության նշան: Նախկինում քարտապանները շտապում էին ամբողջությամբ ստանալ գումարը: Բացի այդ, բացվել են նաեւ 3,3 մլրդ դրամի վարկային գծեր:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4