«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՈՒՄ»

Հայաստանի զարգացման համար կարեւոր նախապայմաններ ապահովող հնարավորություններից մեկը, ըստ պատասխանատուների, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին մասնակցությունն է: Մասնակցությունն ապահովելու համար մեր երկրի կառավարությունը եւ ոչ կառավարական կազմակերպությունները քննարկումների եւ կլոր սեղանների ժամանակ փորձում են վեր հանել առկա խնդիրներն ու լուծումներ մշակել: Դրանցից հերթականի հեղինակը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն էր: Երեկ հրավիրված քննարկմանը մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկումներին ակտիվ մասնակցության եւ առաջարկություններ ներկայացնելու համար «երաշխավորված» երեք ՀԿ-ների ղեկավարներ («Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա», «Հայաստանի անտառներ» եւ Գյումրու «Ասպարեզ» ակումբ), տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագիրը, խոսեց այնտեղ ընտրված գերակայությունների եւ ծրագրի իրականացման բոլոր փուլերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության կարեւորության մասին: Նա նշեց, որ դեռեւս 2003-ին Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրվել էր տնտեսական աճի միջոցով աղքատության կրճատման դրույթը, սակայն ավելացրեց, որ հետագա տարիների զարգացումները լրացումների եւ ճշգրտումների անհրաժեշտություն են առաջացրել: Օրինակՙ 2003-04 թթ. Երեւանում տնտեսական աճն ու աղքատության կրճատումն ավելի բարձր ցուցանիշ է ունեցել, քան գյուղական վայրերում:

ՀՀ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերների» հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորում ստանալու նպատակով տնօրենների խորհրդին է ներկայացրել ծրագրային առաջարկությունների փաթեթ, որտեղ կարեւորվել են գյուղական համայնքներում ոռոգման ենթակառուցվածքների եւ համայնքային ճանապարհների բարեկարգման խնդիրները: Ըստ պարոն Խաչատրյանիՙ մեր կառավարությունը 175 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրային հայտ է ներկայացրել տնօրենների խորհրդին, որտեղից 118 միլիոնըՙ ոռոգման, 57 միլիոնըՙ ճանապարհային շինարարության համար է նախատեսված: «Այս գումարները դեռեւս ճշգրտումների են ենթարկվելու, ասաց պրն Խաչատրյանը: Վերջնական պայմանավորվածությունները ձեռք կբերվեն մի քանի շաբաթ անց: Կարող եմ ասել, որ 175 մլն-ից պակաս գումար չի հաստատվի»: Նա նշեց, որ 5 տարվա այս ծրագրի համար մեր կառավարությունը գումարները ստանալու է եռամսյակը մեկ: Հարեւան Վրաստանի համար նախատեսված է մոտ 290 մլն դոլար, սակայն եթե համեմատում ենք այդ երկրի բնակիչների թիվը (5 մլն) մեզ հետ, Հայաստանի դեպքում 1 շնչին ավելի մեծ գումար բաժին կընկնի:

Ծրագիրը Հայաստանում կսկսվի 2006 թ.-ից: Պրն Խաչատրյանը նշեց, որ սկզբնական շրջանում գուցե ծրագրի փոքր հատվածներ իրականացվեն, քանի որ ավելի մեծերի համար նախատեսված են առավել ժամանակատար ուսումնասիրություն եւ իրավիճակի գնահատում: Քննարկման ժամանակ նշվեց, որ հասարակական կազմակերպությունների ձայնը, մասնակցությունը ծրագրի իրականացման ընթացքում կարեւոր է ինչպես մեր, այնպես էլ ամերիկյան կառավարությունների համար: Այս պայմանին բավարարելու համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի կազմում նախատեսվել է հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչների առկայություն, որոնք բոլորն էլ իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն խորհրդի նիստերին, այլեւ քվեարկելու որոշումների կայացման ժամանակ:

Կարեւորվել է նաեւ ծրագրի ընթացքում ուսումնասիրությունն ու գնահատումը: Այս նպատակով նախատեսվում են ոչ միայն ազգային վիճակագրական ծառայության, այլեւ շահագրգիռ հասարակական կառույցների ուսումնասիրություններ:

Նման ծրագրերում հասարակական կազմակերպությունները հաճախ ներգրավվում են ֆինանսական կամ այլ միջոցներ ձեռք բերելու նպատակով: Այս ծրագրով ոչ մի հասարակական կազմակերպություն կայուն եկամուտներ չի ստանալու: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպություններին կաջակցեն, եթե վերջիններս, օրինակՙ ցանկանան մեկնել այս կամ այն գյուղական համայնք կոնկրետ ուսումնասիրություն կատարելու համար:

Կառավարությունը միջազգային մրցույթ է հայտարարելու ծրագրում խորհրդական եւ ֆինանսական գործակալ ներգրավելու համար: Սա, ըստ պրն Խաչատրյանի, թույլ կտա, որ ֆինանսական միջոցների ծախսն առավել թափանցիկ եւ խիստ նպատակային լինի:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ, «Հայփոստին» տրվել է անժամկետ գործունեության լիցենզիա

«Հայփոստ» ընկերությունից տեղեկացանք, որ, համաձայն այս տարվա հունվարին խորհրդարանի ընդունած որոշման, երեկ «Հայփոստ» ընկերությունը ճանաչվել է փոստային ծառայությունների ազգային օպերատոր: Մասնավորապես «Հայփոստին» տրամադրվել է փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական փոխանցումների, եւ հեռագրային կապի ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4