«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Երկօրյա հանգստից հետո հայ շախմատիստները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականն անցկացրեց սկզբունքային մրցախաղերից մեկըՙ ուժերը չափելով Ռուսաստանի ընտրանու հետ: Անչափ մեծ հետաքրքրություն էր առաջացրել առաջատարներիՙ Լեւոն Արոնյանի եւ Պյոտր Սվիդլերի մրցամարտը: Երկուսն էլ առաջնությունում հաջող են հանդես գալիս եւ առայժմ անպարտելի են: Այս անգամ էլ նրանք իրենց թիմերին կեսական միավոր պարգեւեցին: Նույնպիսի ելք ունեցան նաեւ Դրեեւ-Հակոբյան, Ասրյան-Գրիշչուկ պարտիաները: Փաստորեն, վճռորոշ եղավ Բարեեւի հաղթանակն Անաստասյանի նկատմամբ: Այսպիսով Հայաստանի հավաքականը մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց եւ 6 տուրից հետո 11 միավորով 4-րդ տեղում է: Շարունակում են բոլորին զարմացնել չին շախմատիստները: Նրանք հերթական հաղթանակը տոնեցին Ուկրաինայի ուժեղ հավաքականի նկատմամբՙ 2,5-1,5: Այստեղ վճռորոշ եղավ Նի Հուայի հաղթանակը Մոիսեենկոյի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Չինաստանի տղամարդկանց հավաքականը 5 մրցախաղերում վաստակել է 16 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Կես միավորով առաջատարին զիջում է Ռուսաստանի ընտրանին: Այս երկու հավաքականները զգալիորեն առաջ են անցել մրցակիցներից: Ճիշտ է, ռուսները 6 հանդիպում են անցկացրել, մինչդեռ 3-րդ տեղում 11,5 միավորով ընթացող ԱՄՆ-ի ընտրանին մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Այս տուրում ամերիկացիները միանգամից 4 միավոր վաստակեցինՙ հաղթելով Չինաստանի կանանց հավաքականին: Վրաստան-Կուբա մրցախաղն ավարտվեց վրաց շախմատիստների առավելությամբ (3-1): Հայաստանի հավաքականին հաջորդում են Ուկրաինայի (10,5), Իսրայելի (10), Վրաստանի (9,5), Կուբայի (7) եւ Չինաստանի կանանց (5) հավաքականները:

Անհատական հաշվարկով լավագույն արդյունքն առայժմ պատկանում է Պյոտր Սվիդլերին (4,5 միավոր): Սակայն նա 6 պարտիա է անցկացրել: Մինչդեռ 4 միավոր ունեցող Նի Հուան 5 խաղի է մասնակցել: 3,5-ական միավոր ունեն Մորոզեւիչը, Քսյանջին, Ժոնգը, Իբրահիմովը եւ Բարեեւը: Արոնյանը, Հակոբյանը, Ասրյանն ու Մչեդլիշվիլին վաստակել են 3-ական միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4