Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, ֆուտզալի Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում է ընդամենը 6 թիմ: Ավելինՙ երկրի անցյալ տարվա չեմպիոն ու գավաթակիր «Թալ Գրիգը» սկզբում նույնիսկ հրաժարվել էր մրցաշարին մասնակցելուց: Եվ միայն վերջին պահին ակումբի ղեկավարությունը վճռեց, այնուամենայնիվ, հայտավորել թիմը մրցաշարին: Իսկ այդ ընթացքում թիմի մի խումբ ֆուտբոլիստներ արդեն տեղափոխվել էին այլ ակումբներ: Մասնավորապես անցյալ տարվա Հայաստանի եւ Եվրոպայի լավագույն ռմբարկու Արմեն Գյուլամբարյանը ներկայումս հանդես է գալիս «Ադանայում»: Մեկնարկային խաղում նա իր նորամուտն «Ադանայում» նշեց 2 գոլով: Սակայն ռմբարկուի ներկայությունը չօգնեց «Ադանային» հաղթելով «Պոլիտեխնիկին»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի (4-4):
«Թալ Գրիգը» նոր մրցաշրջանում բավական երիտասարդացրել է իր կազմը: Դա չխանգարեց մեկնարկը սկսել հաղթանակով: Չեմպիոնը 10-5 հաշվով պարտության մատնեց «Ամիկին»: «Թալ Գրիգի» կազմում 3 գոլ խփեց Էմիլ Մեսրոպյանը:
Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Գյումրի»-«Ցալկուտ» մրցախաղում: Հաջողությունն ուղեկցեց գյումրեցիներին, որոնց կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Բեռնեցյանը: Նա դարձավ 4 գոլի հեղինակ: Բեռնեցյանն ընթացիկ մրցաշրջանի սկզբում հանդես էր գալիս Աշտարակի «Միկայում»: «Ցալկուտի» կազմում էլ 3 գոլ խփեց «Լոռու» նախկին ֆուտբոլիստ Հակոբ Մամուլյանը: Ընդհանրապես այսօր ֆուտզալի առաջնության մասնակից թիմերում մեծ թիվ են կազմում մեծ ֆուտբոլի բովով անցած նախկին ֆուտբոլիստներ: Նշենք, որ առաջնությունն անցկացվելու է չորս շրջանով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ