Երկու տասնամյակից ավելի տարի Սարալանջի 1 հասցեում էր բազմել «Երիտասարդության պալատը», որին գյումրեցիները հումորով անվանում էին «կրծած կուկուռուզ»: 1960-ական թվականներին, երկաթբետոնե արտահայտչական հնարավորությունների օգտագործման, նոր խնդիրների լուծման եւ սոցիալիստական ճարտարապետության ազգային ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են գծված մի շարք կառույցներ Երեւանում: Դրանց թվում են նաեւ «Մոսկվա» ամառային կինոթատրոնը, «Ռոսիա» կինոթատրոնը, կամերային երաժշտության տունը եւ, իհարկե, «Երիտասարդության պալատը» (1970-85 թթ. ճարտ. Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան): Իր բնույթով ունիվերսալ համալիրն ընդգրկում էր 500 տեղանոց հյուրանոց, բար, հատկապես կլոր պտտվող հատվածում բազմաթիվ խմբակների ու վարչական սենյակների համար տարածքներ... Այսօր այդ ամենից ամբողջովին քանդվում է համալիրի միջնամասըՙ կլոր հատվածը: Իսկ թե ի՞նչ եւ ի՞նչ հիմքերի հիման վրա, փորձեցի պարզել Երեւանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Մեսրոպ Հարությունյանից: «Նախկին «Երիտասարդության պալատի» հյուրանոցային մասնաշենքը (մեջտեղի կլոր շինությունը) 19830,0 քմ մակերեսով քանդվում է, «Հայկական սեյսմակայուն շինության եւ կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տված հ. 11-2/324 եզրակացության հիման վրա»: Այդ եզրակացությունում բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո նշված է, որ «հյուրանոցային մասնաշենքի համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ սեյսմակայունությունը բարձրացնելու համար, սակայն դա դժվար իրագործելի է, քանի որ կպահանջի միաձույլ երկաթբետոնե ներկոնստրուկտիվ համակարգի տեղադրում, հարկերի փոքրացում, եւ այդ աշխատանքների իրականացման արժեքը կարող է համեմատելի լինել նոր մասնաշենք կառուցելու համար անհրաժեշտ ծախսերի հետ: Ընդ որում, մասնաշենքի հաշվարկային սեյսմակայունությունը կարող է եւ չապահովել կապված ուժեղացման աշխատանքների դժվարության եւ ոչ էֆեկտիվության հետ»: Այսինքն, 1960 թ. նախագծված շենքը եղել է մինչեւ 7 բալ սեյսմակայունությամբ, որը չափազանց փոքր է, իսկ այժմ շինարարական նորմերը պահանջում են հստակ 9 բալ ամրություն, ու «մասնաշենքի ծավալահատակագծային լուծումները չեն համապատասխանում նորմատիվ կառուցվածքների ներկայացվող ժամանակակից պահանջներին եւ ավելի նպատակահարմար է սեփականատիրոջ համար նորը կառուցել, քան ամրացման ամեն տեսակի աշխատանքներից հետո չապահովել նրա սեյսմակայունությունը, որը չի երաշխավորվում որեւէ մեկի կողմից», բացատրություններ տվեց պրն Հարությունյանը:
Զրուցեցի «Երիտասարդական պալատի» նոր սեփականատեր «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ավետիսյանի հետ, որն իր իսկ ստորագրած պայմանագրի համաձայն, անշարժ գույքի առք ու վաճառքի մասին տնտեսական դատարանի 08.12.2003 թ. SU-895/2003 որոշման հիման վրա Սարալանջի 1 հասցեում գտնվող համալիրի սեփականատերն է: Պրն Ավետիսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցային համալիրի հարակից շենքերն ամրացվել եւ ուժեղացվել են արդեն ու բերվել գործող նորմատիվային դաշտի սահմաններինՙ 9 բալ սեյսմակայունության, սակայն կենտրոնական կլոր մասը քանդվելու է ամբողջությամբ, եւ աշխատանքներն արդեն 3 շաբաթ է, ինչ սկսվել են: Պրն Ավետիսյանը տեղեկացրեց, որ 1 տարի առաջ քանդվող շինության փոխարեն հայտարարվել է նորՙ 5-աստղանի հյուրանոցի նախագծային աշխատանքների մրցույթ: Մրցույթին նախագծային էսքիզներ են ներկայացրել Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Արաբական էմիրություններից եւ Մոսկվայի 3 տարբեր ճարտարապետական կազմակերպություններ: Իսկ թե ներկայացված աշխատանքներից որը կլինի վերջնականը, կորոշի հատուկ հանձնաժողովը, որից հետո միայն եկող տարվա գարնանը կսկսվի հինգաստղանի հյուրանոցի շինարարությունը: Էդուարդ Ավետիսյանը նշեց նաեւ, որ նախկին կառույցի ճարտարապետներիՙ Անահիտ Թարխանյանի եւ Հրաչյա Պողոսյանի հետ երկար ժամանակ աշխատել են, սակայն նրանց ներկայացրած նույնատիպ նախագծի էսքիզներից որեւէ մեկը չի համապատասխանել հարկային ծածկի, սեյսմիկ պաշտպանության պահանջվող եւ հինգաստղանի հյուրանոցի նորմատիվներին, ուստի դրանք մերժվել են:
Հետաքրքրական է, որ երբ ես հեռախոսով զրուցեցի պրն Հ. Պողոսյանի հետ, վերջինս վրդովված էր, որ իրեն չեն տեղեկացրել «Երիտասարդական պալատի» հյուրանոցային հատվածի քանդման մասին եւ անգամ խորհուրդ չեն հարցրել:
Ահա այսպիսի բաներ: Բոլոր դեպքերում իր դարն ապրած մի կառույց այսպիսով դուրս է գալիս մեր տեսադաշտից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ