Թռչնաֆաբրիկաների մոտ պահակություն են անում որսորդները
«Հայաստանում արդեն կան թռչնագրիպի ախտորոշիչ թեստեր, եւ եթե վաղը հանրապետությունում որեւէ դեպք արձանագրվի, մենք կարող ենք ախտորոշել», ասում է պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Լիանա Թորոսյանը: Այն խոսակցությունները, թե Արաքսի ափին սատկած բադերի երամ է հայտնաբերվել, ժխտել են Իրանի համաճարակաբանները, որոնց հետ ամենօրյա կապի մեջ են մեր առողջապահները: Նրանք ժխտել են նաեւ թռչնագրիպի որեւէ դեպքի առկայությունն Իրանում:
Համենայն դեպս, Հայաստանում շարունակվում են թռչնագրիպի դեմ արտակարգ միջոցառումները: Հանրապետության բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում եւ հանրային կուտակումների վայրերում հուշաթերթեր են փակցվում սեզոնային գրիպի եւ թռչնագրիպի վերաբերյալ:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, թռչնագրիպը կարող է վերածվել համաշխարհային համաճարակի` խլելով 5-150 մլն մարդու կյանք: Վերլուծաբանների մի մասն էլ համոզված է, որ խուճապն արհեստական եւ չափազանցված է` թելադրված տնտեսական կամ քաղաքական նկատառումներով:
Ի դեպ, վերջին համոզման են նաեւ հանրապետության թռչնաֆաբրիկաների տնօրենները: «Արգո» թռչնաֆաբրիկայի տնօրեն Արտակ Ղազարյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ նաեւ Հայաստան ներխուժած իրարանցումը խիստ հարվածել է իրենց տնտեսությանը: Վերջին ամսվա ընթացքում մոտ 40 տոկոսով նվազել է թռչնամսի` տեղական փոքր ճտերի, հնդկահավերի ու բադերի իրացումը: Ստիպված են պահեստավորել դրանք: «Մեզ մոտ այդ վարակը չկա, անիմաստ աղմուկ են բարձրացրել: Ես պարզապես չեմ հավատում այս ամենին, հնարավոր էՙ այլ պատճառներ կան, որոնց համար իբրեւ միջոց օգտագործվում է թռչնագրիպը: Թեւավորների շրջանում ավելի սարսափելի եւ վտանգավոր հիվանդություններ կան, որոնք փոխանցվում են մարդուն»:
Թռչնագրիպի կեղծ կամ իրական համաճարակի պատճառով կրած եւ կրելիք նույն չափի վնասները հաստատեցին նաեւ թռչնաֆաբրիկաների այլ տնտեսությունների մասնագետներ: Լուսակերտի թռչնաֆաբրիկայի արտադրության գծով փոխտնօրեն Արմեն Համբարձումյանը կեղծ խուճապ անվանեց Հայաստանում ստեղծված իրավիճակը: Լուսակերտի թռչնաֆաբրիկայում ձվի իրացումը նվազել է 5-10 տոկոսով, թռչնամսինը` 30-35 տոկոսով: «Ընտանի թռչունը պիտի շփվի վայրի թռչունի հետ, որ վարակվի, ֆաբրիկաներում ինչպե՞ս կարող է նման բան լինել: Աշխարհում էլ վարակի դեպքեր արձանագրվել են բացառապես փոքր, անհատ տնտեսություններում: Հայաստանում հիմնականում ջրլող թռչունները կարող են վարակի աղբյուր լինել, նրանց չուի ժամանակն էլ անցել է: Տանը մենք ամեն օր հավի միս ու ձու ենք ուտում», ասաց նա:
Թռչնաբուծության համաշխարհային գիտական ասոցիացիայի հայկական բաժանմունքի նախագահ Էլեոնորա Մխչյանը նույնպես հաստատում է, որ թռչնագրիպի վտանգը, երբ թռչունների չուն ավարտվել է, արդեն չկա: «Չվող թռչուն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին Հայաստանում որտեղի՞ց: Գուցե գարնանը պիտի նախազգուշական միջոցառումներ ձեռք առնել, երբ նրանք վերադառնան տաք երկրներից, բայց ոչ հիմա: Թռչնագրիպն արդեն համաշխարհային պրոբլեմ է դարձել, եւ եթե Հայաստանում մի թռչուն էլ սատկի, BBC-ն մեզնից շուտ կհայտնի այդ մասին: Ես չեմ կարծում, որ այս պահին ժողովուրդն այդքան պիտի վախենա միս կամ ձու օգտագործելուց: Մեր տեղական արտադրանքն իսկապես էկոլոգիապես մաքուր է, այս պահին դրսից նույնիսկ մի գրամ կեր չի գալիս Հայաստան: Հետոՙ վարակված թռչունն ինչպե՞ս կարող է հասնել խանութ: Վարակի վտանգն առկա է միայն սպանդանոցում աշխատողների համար, ովքեր անմիջական շփման մեջ են թռչունի հետ»:
Մայրաքաղաքում մեր պատահական հարցումները հաստատեցին, որ բնակչության մեծամասնությունն այս պահին իսկապես խուսափում է հավի, հնդկահավի միս ու ձու օգտագործելուց, պարզապես հանել է դրանք սննդակազմից: Մարզերում ավելի թերահավատորեն են վերաբերվում խնդրին: Ի դեպ, թռչնագրիպի հանդեպ առավել զգայուն են հնդկահավերն ու հավերը: Գիտնականների համոզմամբ, վայրի թռչուններից վիրուսը կարող է փոխանցվել նաեւ կատուներին, շներին, խոզերին եւ վերջապես մարդուն:
ՀՀ գյուղնախարարության անասնաբուժական տեսչության պետ Գրիգոր Բաղյան. «Մենք շարունակում ենք ուսումնասիրությունները թռչնագրիպի մուտքը բացառելու համար: Թռչունների անկման բոլոր դեպքերը մանրակրկիտ հետազոտվում ու փորձաքննության են ենթարկվում հանրապետական լաբորատորիայում: Բոլոր թռչնանոցներին հանձնարարված է ելք ու մուտքերը փակել, աղբահանությունները կատարել խստացված գրաֆիկներով, արգելապատնեշներ ստեղծել, հնարավորինս սահմանափակել վայրի թռչունների հնարավոր շփումները տնային թռչունների հետ»: Կիրառվում է նաեւ ծայրահեղ միջոց. թռչնաֆերմաների մոտ պահակություն են անում որսորդները, որոնց հանձնարարված է խփել ֆերմայի շրջակայքում պատահաբար հայտնված վայրի թռչուններին: Հայաստանում մոտ մեկ տասնյակ թռչնաֆաբրիկաներից ստացվող ամենօրյա տեղեկատվության համաձայն, թռչունների անկման տոկոսը ոչ բարձրացել, ոչ էլ իջել է: Այնուամենայնիվ, պետական գերատեսչությունների մակարդակով ստեղծվել է հանրապետական շտաբ, որում ներառվել են առողջապահության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, բնապահպանական կառույցների ներկայացուցիչները: Նրանք ուշի-ուշով պիտի վերահսկեն հանրապետության բոլոր լճափերը, գետափերը, արձանագրեն վայրի ու ընտանի թռչունների անկման յուրաքանչյուր դեպք:
Գուցե եւ չափազանցված է տագնապը, բայց փաստն այն է, որ մեր հարեւան երկիր Թուրքիայում եւ Ռուսաստանում թռչնագրիպը մասնակի կամ վտանգավորութան աստիճանի տեղեկացրել է իր գոյության մասին: Համենայն դեպս, առայժմ երեւութական վտանգի դեմ բժիշկները խորհուրդ են տալիս իբրեւ կանխարգելիչ միջոցներ օգտագործել ինտերֆերոնը եւ հակավարակային դեղամիջոցներ: Հետազոտությունները պարզել են, որ սովորական գրիպի դեմ կիրառվող «արբիդոլը» խիստ արդյունավետ է նաեւ թռչնագրիպի դեպքում: Թռչնագրիպի ախտանշանները նույնն են, ինչ սովորական գրիպի դեպքում: Պարզապես դրանց գումարվում են մկանային ցավերը, սրտխառնոցը, լուծը, այրոցի զգացողությունը, նաեւ երկրորդային թոքաբորբը:
Իսկ ընդհանուր համապատկերում, Հարավարեւելյան Ասիայում թռչնագրիպի պատճառով սատկել կամ ոչնչացվել է ավելի քան 150 մլն տնային թռչուն: Վիետնամի հյուսիսային 3 նահանգներում թռչնագրիպն արդեն ոչնչացրել է 3 հազար թեւավորից ավելի, անցած շաբաթ նոր բռնկում արձանագրվեց Չինաստանի Լյաոնին նահանգի Բադաոխաո գյուղում: Տեղական իշխանությունների հրահանգով վարակի օջախին կից բնակավայրերում սպանդի ենթարկվեց 370 հազար թռչուն: Վերջին ամսվա ընթացքում սա թռչնագրիպի արդեն 4-րդ բռնկումն է Չինաստանում: Անցած չորեքշաբթի Թաիլանդում թռչնագրիպի վիրուսը 2 մարդու մահվան պատճառ դարձավ: Այս վիրուսն արդեն ընդգրկել է Թաիլանդի տարածքի գրեթե կեսը: Արձանագրվել է թռչնագրիպով վարակված մարդկանց ավելի քան 100 դեպք, 60-ն ավարտվել է մահվամբ: Թռչնագրիպ է հայտնաբերվել նաեւ եվրոպական երկրներում` Հունաստանում, Խորվաթիայում, Գերմանիայում: Ռուսաստանի հարավային տարածքներում օրեցօր ծավալվող նորահայտ ախտը, այնուամենայնիվ, մարդկային կորուստների պատճառ չի դարձել նույնիսկ թռչունների հետ անմիջական շփում ունեցողների շրջանում: Ռուսաստանը դեռեւս թռչնամթերքի ներմուծումների եւ մարդկանց տեղաշարժի որեւէ սահմանափակում չի մտցրել պետական սահմաններում, չնայած այստեղ արդեն ոչնչացվել է ավելի քան 115 հազար թեւավոր: Այս տարի մեր գործարարները Ռուսաստանից ոչ թռչնամիս, ոչ հավի ձու, ոչ էլ ներքին օրգաններ չեն ներմուծել: Արգելվել է տնային, դեկորատիվ, կրկեսային վարժանքների համար օգտագործվող թեւավորների, նաեւ ինկուբացիոն արտադրության ձվի մուտքը հանրապետություն:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Հավի միս ու ձու գրեթե զանգվածաբար չօգտագործող երեւանցիների մտավախությունը հաստատվում է Արմենպրեսի տված Թեհրանից վերջին հաղորդագրությամբ: Հոկտեմբերի սկզբից ավելի քան 5000 չվող թռչուն է սատկել Իրանի հյուսիս-արեւմուտքումՙ Արաքս գետի շրջանում: Փորձագետները չեն բացառում, որ պատճառը թռչնագրիպն է: Այստեղ շարունակում են օրական սատկել 60-70 վայրի բադեր: