Նրան կոչի համար քննադատում է ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության նախագահ Բայքալը
Փարիզի արվարձաններում ծայր առած մաղրիբցիների զանգվածային անկարգություններն ընդամենը 1-2 օրում վերաճելով խռովությանՙ տարածվեցին Ֆրանսիայի ողջ տարածքում: Անկարգությունների ալիքը նախ հասավ Բելգիա, ապա Գերմանիա: Թեեւ այս երկրներում իրավիճակն ի տարբերություն Ֆրանսիայի վերահսկվում է, սակայն անկարգությունների ծավալման սպառնալիքը լուրջ մտավախություն է պատճառում ինչպես Բելգիայում ու Գերմանիայում, այնպես էլ Դանիայում, Իսպանիայում եւ եվրոպական մյուս երկրներում:
60 միլիոնանոց Ֆրանսիայում ներգաղթյալների թիվը 5 միլիոն է: Նրանց զգալի մասն Ալժիրի, Թունիսի եւ Մարոկկոյի պես ֆրանսիական նախկին գաղութներից վերաբնակեցված մաղրիբցիներ են, այսինքնՙ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչներ: Թեեւ թուրքերը Ֆրանսիայում շոշափելի թիվ չեն կազմում, սակայն թուրքական բազմամիլիոնանոց բնակչության առկայությունը Գերմանիայի գլխավորությամբ Բելգիայի պես անկարգությունների ծավալման սպառնալիքի տակ գտնվող եվրոպական երկրներում, ինչպես նաեւ անկարգություններն իբրեւ «իսլամական սպառնալիքի» դրսեւորում ներկայացնելու միտումները չէին կարող չմտահոգել նաեւ Անկարային:
Հատկապես այն դեպքում, երբ Թուրքիան անդամակցության բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ, նրա անդամակցությանը միանշանակ չէ եվրոպական երկրների մոտեցումը, ավելինՙ եվրոպական որոշ շրջանակներ փորձում են զանգվածային վերոհիշյալ անկարգությունները պայմանավորել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարով: Համենայն դեպս, նոյեմբերի 10-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցության անդամների հետ հանդիպմանը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ֆրանսիայում խռովության բնույթ ստացած անկարգություններին:
Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, ելույթում Էրդողանը դիմել է ինչպես խռովության մասնակիցներին, այնպես էլ եվրոպաբնակ թուրքերին: Նա ասել է. «Ես մեկ անգամ եւս հանդարտության եւ ողջախոհության կոչ եմ անում փարիզյան անկարգությունների մասնակիցներին: Հատկապես դիմում եմ Թուրքիայի Եվրոպայում բնակվող 4,5 մլն քաղաքացիներին, որ նրանք այս հարցում լինեն առավել ողջամիտ, դրսեւորեն առավելագույն հասունություն եւ լինեն ավելի շրջահայաց: Ավերածություններն ու ավարառությունները չեն կարող իրավունքների ձեռքբերման միջոց լինել: Ես սա հատուկ շեշտում եմ»:
Մինչ Էրդողանը ողջախոհության եւ հանդարտության կոչ էր անում անկարգությունների մասնակիցներինՙ նախազգուշացնելով եվրոպաբնակ թուրքերին, Մեջլիսում խմբակցության նիստ է հրավիրել նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիս Բայքալը: Նա ելույթում մասնավորապես նշել է. «Մեծարգո վարչապետն այնպես է մոտենում միջադեպին, կարծես Թուրքիան հակամարտող կողմ է անկարգություններում եւ ստանձնում է դրանց պատասխանատվությունը, միաժամանակ այս միջադեպով նա փորձում է հաստատել ԵՄ-ի հարցում Թուրքիայի թեզը: Սա ցույց է տալիս, թե վարչապետն այդ հասարակություններին ինչպիսի մակերեսայնությամբ է հետեւել»:
Վերջում Բայքալը Հյուսիսային Իրաքի, ահաբեկչության, ԵՄ-ի եւ Կիպրոսի հարցերում քննադատելով Էրդողանի կառավարությանը, նրան է վերագրել Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ ժողովրդավարական կարգերը ձեւափոխելու նկատառումներ եւ անուղղակիորեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների կոչ է արել: Բայքալն ասել է. «Ստեղծված իրավիճակում պարտականությունները կատարելու կոչով դիմել է միմիայն մեր քաղաքացիներին, այլ ոչ թե որեւէ կառույցի, որովհետեւ, համոզված եմ, որ միակ ելքը նրանք են: Այլեւս ելք չէ զինվորականությունը, ոչ էլ պետական հեղաշրջումը: Կա մի ելքՙ դա մեր ժողովրդի ողջամտությունն է, մեր ազգի ժողովրդավարության գիտակցումը, հանրապետության, Աթաթուրքի, ժողովրդավարության նկատմամբ սերը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ