«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏՃԱ՞Ռ, ԹԵ՞ ԲԱՐԻ ԺԵՍՏ ՍՓՅՈՒՌՔԻՆ

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է հանել երկքաղաքացիության արգելքը

Սահմանադրական փոփոխությունների սպասվող հանրաքվեն առիթ է դարձել տարբեր տեսակի քննարկումների համար: Սահմանադրական փոփոխությունների փաթեթով ներկայացվող յուրաքանչյուր դետալ քննարկման է դրվումՙ քաղաքական տարբեր ուժերի հնարավորություն ընձեռելով իրենց դիրքորոշումն արտահայտելու, եւս մեկ անգամ այս կամ այն ուժին կողմ ու դեմ արտահայտվելու:

«Համաձայնություն» քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը, ի դեմս Դավիթ Շահնազարյանի, երեկ քննարկում էր կազմակերպել նվիրված երկքաղաքացիության խնդրին: Հարցն այն է, որ գործող սահմանադրությունը երկքաղաքացիությունը արգելում են, իսկ սահմանադրական փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ուղղակի հանել արգելանքըՙ ոլորտի կարգավորումը թողնելով օրենքներին:

Ընդհանրապես երկքաղաքացիության հասկացության եւ դրա դրսեւորումների մասին խոսեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների ներկայացվող փաթեթում փոփոխություններից միայն մեկն է հեղափոխական, եւ դա հենց երկքաղաքացիության արգելքի վերացումն է, քանի որ էականորեն կարող է ազդել Հայաստանում իշխանություն ձեւավորելու վրա, մասնավորապես, օրինակՙ Ռուսաստանի քաղաքացի հայերը երկքաղաքացիության հնարավորության դեպքում կարող են ազդել իշխանության ձեւավորման վրա: Ավելինՙ կարող են ձեւավորել այդ իշխանությունը:

Մյուս զեկույցը պատրաստել էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Պրն Աբրահամյմանը նախ կարեւորեց, որ որեւէ քաղաքական ճամբարում չի գտնվում ինքը, դրա համար էլ առանց վախենալու կարող է ասել, որ «ընդհանուր առմամբ առաջարկված փոփոխությունները (սահմանադրական- Ա. Հ.) դրական եմ գնահատում, հակված կլինեի «այո» ասելու, եթե երկքաղաքացիության հարցը չլիներ»:

Պրն Աբրահամյանն անդրադարձավ Ռուսաստանում եւ Մ. Նահանգներում երկքաղաքացիության կիրառման փորձին: Ռուսաստանում, ըստ Արամ Աբրահամյանի, եղած փորձը, որ 2004 թ. ըստ էության արգելվեց, ոչ թե երկքաղաքացիություն էր, այլ երկրորդ քաղաքացիություն, այսինքնՙ Ռուսաստանի քաղաքացիությունը գերակա վիճակում էր այլ քաղաքացիության նկատմամբ: Մ. Նահանգների դեպքում էլ, ըստ զեկուցողի, երկքաղաքացիությունը չի խրախուսվում, բայց եւ չի հետապնդվում:

«Առավոտ» օրաթերթի խմբագիրն անդրադարձավ ոչ հայերի Հայաստանի քաղաքացի դառնալու հնարավորությանը: Քանի որ նման սահմանափոխում հնարավոր չէ իրագործել օրենսդրորեն, Արամ Աբրահամյանի խոսքերով, ստացվում է, որ 2 մլն չինացիների Հայաստանի քաղաքացի դառնալու ցանկությունը կարող է ի կատար ածվել, եւ չգիտես թե ինչ կունենանք:

Դավիթ Շահնազարյանը նույն այս տեսանկյունով ավելացրեց, որ եթե մեր տարածաշրջանի ազգային որեւէ փոքրամասնության ներկայացուցիչներ ցանկանան դառնալ ՀՀ քաղաքացի, պարզ չէ, թե դա ինչ արդյունքի կբերի:

Քննարկումն ընդհանուր առմամբ ընդգծում էր, ըստ մասնակիցների, այն վտանգները, որոնք հնարավոր է իրականություն դառնան երկքաղաքացիության արգելքը հանելու դեպքում: Եվ չնայած երկքաղաքացիությանը կողմ տեսակետներ ունեցողներ քննարկմանը չէին մասնակցում, ամեն դեպքում հարցը թերեւս ոչ այնքան նման արգելք սահմանադրության մեջ ունենալ-չունենալն է, որքան գործնականում երկքաղաքացիություն ասվածը կիրարկելը:

Երկքաղաքացիության վերաբերյալ կողմ եւ դեմ բոլոր հարցերի պատասխանը կարելի է ամփոփել մեկ դաշտում: Ինչպես քննարկման ժամանակ նշեց Ավետիք Իշխանյանը, սկզբունքորեն դեմ չլինելով երկքաղաքացիությանը, ինքը զգուշանում է, քանի որ չի վստահում Հայաստանի իրավական համակարգին: Իրապես կարեւոր է, որ նման արգելքի վերացման դեպքում ընդունվեն այնպիսի օրենսդրական ակտեր, որոնք երկքաղաքացիությունը չեն դասի Հայաստանի համար գլխացավանք դարձած մնացած երեւույթների շարքում: Եվ քանի որ նույն այդ իրավական համակարգը կոռուպցիոն երեւույթների առատ դաշտ է, երկքաղաքացիության դեպքում եղած կոռուպցիոն ռիսկերը մեծանում են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4