70-ամյա հոբելյան
Հանրահայտ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը շարունակում է հուզել հայ հանրությանը իր կատարողական բարձր վարպետությամբ: Դրա վառ ապացույցն էր վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ ունեցած նրա համերգը: Վիրտուոզ ջութակահարի 70-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում հնչեց Վ. Ա. Մոցարտի ջութակի կոնցերտը թ. 4 ռե մաժոր, 218 (1775), Լ. Վ. Բեթհովենի ջութակի կոնցերտը ռե մաժոր, երկ. 61-ը (1806 թ.):
Ունկնդրելիս Ժան Տեր-Մերկերյանին, անշուշտ, զգում ես նրա երաժշտության մատուցման որակը եւ գործիքի ելեւէջների թափանցիկ վերարտադրությունը, որին համընթաց առկա է դասական համաչափությունը եւ ստեղծագործության մեկնաբանման էպիկական ուժը: Անվանի արվեստաբան Շահեն Խաչատրյանը համերգի ներածական խոսքում նշեց. «Նա կարծես դեսպան լինի հայ երաժշտարվեստի եւ միջազգային թատերաբեմի միջեւ»:
- Պրն Մերկերյան, ի՞նչ եք զգում 70 տարեկանում:
- Տարիքից խուսափելն անհնար է: Կա եւս մի հանգամանք, որ երբեմն մարդըՙ ինքը չի զգում իր տարիքը: Ես շատ զգացված էի այս ընդունելության համար, որը կապված էր իմ 70-ամյա հոբելյանի հետ, շատ հուզված էի եւ շատ-շատ շնորհակալ եմ բոլորից:
- Առաջին անգամ ե՞րբ հպվեցիք ջութակին:
- Ես սկսեցի սովորել վեց տարեկանից: Դե, հայրս ջութակահար էր, եւ ըստ երեւույթին սիրում էի ջութակը եւ չեմ կարող ասել, թե նվագելը ստիպողական էր: Արդեն 11 տարեկանում ունեցա իմ առաջին համերգը, երբ նվագեցի Վիվալդիի լյա մինոր կոնցերտը, հետո Մենդելսոնի ջութակի կոնցերտը:
- Ձեր մասին մեր անվանի հայ երաժշտագետներից մեկն արտահայտվել է այսպես. «Նա արդեն հասուն էր, երբ երիտասարդ էր...»: Կյանքի ո՞ր փուլում Դուք իսկապես զգացիք Ձեզ հասուն երաժիշտ:
- Դժվար է պատասխանել, որովհետեւ դա աստիճանաբար է տրվում: Կյանքի ընթացքում անընդհատ ապրում ես այդ հասունացման ընթացքը: Բայց հնարավոր չէ մի գիծ դնել, որ հենց այս տարիքից ես արդեն հասուն, քանզի հասունությունն էլ անընդհատ աճման մեջ է եւ այդ առումով սահմաններ չունի:
- Ձեր ուսանողական տարիները եղել են բեղմնավոր: Եթե Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Դուք սովորում էիք հայ ջութակի դպրոցի հիմնադիր Կարպ Դոնբաեւի մոտ, ապա արդեն Մոսկվայի կոնսերվատորիայում երախտապարտ էիք Դավիթ Օյստրախին, որի գործունեությամբ երեւի թե ընդհանրացվում է ողջ խորհրդային ջութակի դպրոցը: Էլ ո՞ր դպրոցներին եք տալիս Ձեր նախընտրությունը:
- Ինձ համար հատուկենտ կատարողական դպրոց գոյություն չունի: Դպրոցը անհատականություն է... Անշուշտ, այսօր մենք լայն հնարավորություն ունենք լսելու բազմապիսի ձայնագրություններ, կենդանի կատարումներ, եւ, իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել իր սեփական կարծիքն այս կամ այն արտիստի վերաբերյալՙ ինքն իր մեջ: Եվ ես անձամբ չեմ կարող ասել, որ ես պատկանում եմ այս կամ այն դպրոցին: Ինչ խոսք, բոլոր մեծ ջութակահարներն էլ թողնում են իրենց մեծ ազդեցությունը սերունդների վրա:
- Եթե ես Ձեզ անվանեմ ջութակահարների մեջ ամենաինտելեկտուալը, իրավացի կլինե՞մ:
- Ո՛չ, ես ընդհանրապես զերծ եմ այդ մեծակոչ անվանումներից: Ինտելեկտն ավելի շուտ բնազդի տիրապետումն է, որը մշտապես պետք է հղկվի:
- Եթե թափանցենք խորքը, ապա ո՞ր ջութակահարին կհամարեք ջութակահարների «թագավորը»:
- Իբրեւ ջութակահար մենք բոլորս պաշտում ենք Յաշա Հայֆեցին, իհարկե, ես շատ եմ սիրում Ֆրից Կրայսլերին: Այդ երկու բեւեռներն էին, որոնք հիմնեցին XX դարի ջութակահարների կատարողական առանցքը:
- Իսկ Պագանինի՞ն...
- Դե, մենք բոլորս էլ չգիտենք, թե Պագանինին ինչպե՞ս է նվագել: Նա մեզ բոլորիս համար լեգենդ է...
- Ինչպե՞ս պետք է արտացոլվի գեղարվեստական ճաշակն արվեստում:
- Նախ եւ առաջ ես չեմ պատկերացնում երաժշտությունն առհասարակ արվեստից մասնատված մի առանձին ճյուղ: Եվ բնականաբար, պատասխանելով Ձեր հարցին, ուզում եմ ասել, որ հատուկ բանաձեւեր գոյություն չունեն: Պարզապես գեղարվեստական ճաշակը գուցե եւ ի վերուստ տրված մի հատկություն է, որն ամեն մի արվեստագետ յուրովի է զգում եւ դրսեւորում տվյալ կերտվածքում:
- Ինչպե՞ս եք պատկերացնում XXI դարի ջութակի կատարողական արվեստը:
- Մենք չենք կարող նպատակ դնել, թե հենց այսպես կամ այնպես պետք է զարգանա ջութակի արվեստը: Ջութակի արվեստն այսօր բավական զարգացած է, եւ մենք այսօր ունենք մեր ազգային հրաշալի ուժերը: Շատ կուզենայի հատկապես նշել Սերգեյ Խաչատրյանի անունը, որն իսկապես ունի շատ լավ տվյալներ, եւ նրան սպասում է փայլուն ապագա XXI դարի երաժշտական երկնակամարում:
- Ի՞նչ կավելացնեք Ձեր առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
- Հունվարին Ֆրանսիայում նախատեսել եմ համերգ, թեպետ շատ ձգտում եմ նաեւ մյուս տարվա գարնանը կրկին լինել Հայաստանում եւ մենահամերգով հանդես գալ իմ հայրենի ունկնդրի առջեւ:
ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ