Իմունոկանխարգելման ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց գլխավոր սանիտարական բժիշկը
Հայաստանի կառավարությունը երեկ հաստատեց իմունոկանխարգելման ազգային ծրագիրը, որի մասին լրագրողներին մանրամասներ հաղորդեց գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը: Նա նախ ներկայացրեց այս ոլորտում մինչ այժմ կատարվածը եւ դրա արդյունքները:
Համաձայն գլխավոր սանիտարական բժշկի հաղորդման, 1996 թ.-ից Հայաստանում չի արձանագրվել պոլիոմելիտի դեպք, 2002 թ. մեր երկիրը հայտարարվեց որպես պոլիոմելիտից ազատ տարածք: Վերջին տարիներին Հայաստանում չեն գրանցվել նաեւ դիֆտերիայի, փայտացման դեպքեր: Երեխաների նոր պատվաստումներ են սկսել հեպատիտ «Բ»-ի դեմ, իսկ երեք վարակներիՙ կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ առանձին-առանձին պատվաստանյութերի փոխարեն ներդրվել է մեկ եռավալենտ պատվաստանյութ:
Վլադիմիր Դավիդյանցը հայտնեց նաեւ, որ եթե նախկինում պատվաստանյութերի ֆինանսավորումն իրականացնում էին հիմնականում դոնոր կազմակերպությունները, ապա անցյալ տարվանից այդ ծախսերն իր վրա է վերցրել պետությունը: Ներկայումս պետական բյուջեից տրվում է պատվաստումների համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը: Մնացած մասը տրամադրում են վերոնշյալ կազմակերպությունները, որոնցից գլխավոր սանիտարական բժիշկը առանձնացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, Իմունիզացիայի գլոբալ հիմնադրամին, Վիշնեւսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամին: Մասնավորապես պետության կողմից ձեռք են բերվում պոլիոմելիտի, ԲՑԺ-ի (տուբերկուլյոզի), ԱԿԴՓ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում) դեմ պատվաստանյութերն ու ներարկիչների ամբողջ պահանջարկը: Ներկայումս, ըստ ելույթ ունեցողի, 5 պատվաստանյութերով 9 հիվանդությունների դեմ պատվաստումներ են իրականացվում:
Կառավարության հաստատած ծրագիրը ներառում է նաեւ կանխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը եւ պատվաստումների ազգային օրացույցը: Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել Հայաստանում կառավարվող-վարակիչ հիվանդությունների հիվանդացությունը, վերացնել այդ պատճառով մանկական մահացությունը: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ տարեկան գումարը կազմում է 2,8 մլն դոլար:
Գյումրիում արձանագրված սիբիրախտի հիվանդության դեպքի վերաբերյալ հարցին պատասխանելով Վլադիմիր Դավիդյանցը հայտնեց, որ ախոտորոշումը դեռեւս կլինիկորեն է տրվել, իսկ մանրէաբանական անալիզների պատասխանները դեռեւս հայտնի չեն: Այդուհանդերձ, գլխավոր սանիտարական բժշկի հավաստմամբ, հակահամաճարակային միջոցառումներն արդեն կատարվում են:
Թռչնագրիպի առնչությամբ տրված հարցին ելույթ ունեցողը չցանկացավ մանրամասն պարզաբանումներ տալ, ասելով, որ այդ խնդրին նվիրված միջոցառում տեղի կունենա մոտ օրերս: Նա սահմանափակվեց միայն ասելով, որ թռչնագրիպի դեմ պայքարի ծրագիրն արդեն պատրաստ է եւ գերատեսչություններում քննարկվելուց հետո կդրվի կառավարության հաստատմանը: Ներկայումս հնարավորություն կա կասկածի դեպքում ախտորոշելու այդ հիվանդությունը եւ կա դեղերի որոշակի քանակՙ բուժելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ